HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Նամակ Մհեր Արշակյանին Մալմիի մասին (COVID-19-ի օրեր)

Սեփական «չ՛ես» ի հետ առնչվելու լավագույն ժամանակը եկավ«եթե մարդը հիվանդ է, նրան առողջությունն էլ չի փրկի»,- գրում է Մհերը։ Ծանր եմ տանում էդ հիվանդությունները։ Անցքեր են՝ լցված ինչ-որ ժամանակի հիշողությամբ, զակատ արած, փքված, պայթելու պատրաստ, բայց «արտակարգ դրությամբ» դեռ ժամկետի մեջ։

Ոչ մի ժամկետ սահման(վ)ելու հնարավորություն չի տվել ու չի տալու, որովհետեւ անցքերը շատ են։ Ինչու՞, ո՞վ, ո՞նց, ինչպե՞ս եղավ․․․ Առհասարակ հարցականը կորցրել է իր նշանակությունը (եթե երբեւէ ունեցել է), որովհետեւ հաստատունը վիճակագրությունն է, եւ թերեւս դրա հետեւանքով առաջացած անընդհատ հաշվարկը՝ մեկ շնչին, մեկ զինվորին, մեկ տարեցին, մեկ միավորին, մեկ քառակուսուն։ Չգիտեմ՝ ծանր եմ։

Գրում ես «Մարդը ողբում է ցավին համապատասխան։ Ոչ ավել, ոչ պակաս»։

Եսիմ, Մհեր, էդ ավել-պակասի հարցն էլ հիմա ուրիշ կոնտեքստում էես, օրինակ, հիմա սեփական «չ՛ես» իս հետ եմ առնչվել, որն ավելի իրական է, քան այս դրության մեջ հաշվարկից դուրս մնացած «ես»-ս։ 

Ավելի պարզ ասած՝ ինքնամեկուսացվել եմ եւ դեռ չեմ հասցրել դառնալ մաս։ Տարօրինակ է, ընկերս, բայց վիրուսակիր լինելն այս պահին ավելի հանգիստ կընդունեի։ Ես ողբում եմ «չլինել»-ս, որովհետեւ եղածը՝ այն մեկը, որ պարտադրված է, ավելի հաստատ է։

Ես էսքան թափով դեռ չէի վերադարձել ոչ Բրոդսկուն, ոչ Բեթհովենին, ոչ Մալմի տարօրինակ անունով եզդի աղջկան, որի հետ ինը տարեկանում ավելուկ հյուսելու բախտ եմ ունեցել։

Բրոդսկին սահմանել էր «սենյակից դուրս չգալու» իր դիրքորոշումը, չէր պաշտպանվել, բայց սահմանվել էր՝ ըստ երեւույթին մի ինչ-որ ժամանակ պաշպտանության սուր կարիք զգալու հետեւանքով։ Բեթհովենն էլ «հերոսականը» խզել էր «մահվան քայլերթով», բայց պահպանել էր տրամաբանությունը ու ուժեղ մի հարվածով կտրել նաեւ հարատեւ այդ մահերի փառապանծ գիծը (ոչ մի հարվածային՝ բացի լիտավրը, բայց այդքան շեշտակի․․․

Իսկ Մալմին․․․ Նրան քսաներկուսում վիրահատեցին, հեռացրին արգանդը, քսանհինգում նա, այնուամենայնիվ ամուսնացավ, որովհետեւ ավելուկ հյուսելու հարցում ամենաճարպիկն էր, որովհետեւ վաղ էր արթնանում ու գիտեր՝ օրվա կանխատեսումը չի կարող փոխել իր կենցաղային գործողությունների ոչ պակաս փառահեղ պլանը։

Մալմին տասնչորս էր, երբ միասին ավելուկ էինք հյուսում, հիմա՝ երեսունհինգ՝ առանց երեխա, առանց ամուսին։ Տներ է մաքրում Երեւանում, շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ այցելում է ծնողներին, նախկին ամուսինն էլի ամուսնացել է (արդեն երրորդ անգամ) եւ չորս տղա ունի՝ մեկը երկրորդ կնոջից, երեքը՝ երրորդից։

Մալմին ոչ մի շանս չուներ իմ այս պատմության մեջ հայտնվելու, հավատա՛, ու չէի էլ կարող կանխատեսել, որ հայտնության այդ պահը լինելու է «արտակարգ» մի դրության մեջ, որի սահմանման պահը ոչ Մալմիով, ոչ նրա բազմազավակ ամուսնով, ոչ վերջինիս երեք կանանցով, ոչ չորս զավակներով, ոչ ինձով, ոչ էլ քեզնով է պայմանավորված․․․ Բայց Մալմին եկավ, հայտնվեց, երեւաց, երեկ առավոտ զակատներից մեկը «թռավ», անցքը դատարկվեց, միջանցքում գեշ հարբած մեկի հետ տալու պես ներսս մի տեղ հոտ կպավ։

Հիմա պատկերացրու, որ համ էդ հոտն ա, համ քանի ժամը մեկ թարմեցվող թվերը երկու կարմիր բացականչական նշաններով (միշտ մտածել եմ՝ ինչու է ֆեյսբուքը երկու բացականչական նշան դրել իրար կողք). 30, 45, 52, 64․․

Երեկոյան թիվը գուցե տասով եւս ավելանա, գուցե հավաքագրվեն կամավորները, հիմնական ստատուսները եզրափակվեն կոչերով, կոչերով ու էլի կոչերով, դատարկ մեկը երեւա աստվածաշնչյան մեջբերումով, լիքը սուպերմարկետները երեւան դատարկ պահարաններով, հերքվի կամ հաստատվի այդ տոտալ դատարկությունը եւ/կամ լիությունը սպառողի, իսկ դու մի նոր բան գրես՝ կարեւորելով բառը, բայց Մալմին այլեւս չի հեռանա, ոչ էլ ներսիս էդ գեշ հոտը ախտահանելու ձեւը կգտնեմ, հասկանու՞մ ես։

Կոկորդս սեղմում է, ճակատս պոկ է գալիս, վերմակի տակից հետեւում եմ կատվիս խաղինանհոգ է, իր վսեմաշուք, յոթ կիլոգրամ, երկու հարյուր գրամ մարմնով մեկ ծավալվել է վերմակիս վրա ու ձգում է տոտիկները։ Մինչեւ քիթս փակվել եմ, մրսում եմ։

Սրանից ավելի էլ ի՞նչ կարող էի ինձ ցանկանալ։ Էս պատկերին զուգահեռվում է Մալմին՝ խոնավ կտորը ձեռքին, ռոկոկո շուշեղենով հագեցած սերվանտի փոշին մաքրելու իր մանրակրկիտ աշխատանքով։ 

Տեսնես նա գիտի՞, որ պիտի դիմակ դնի, որ ձեռնոցով պիտի աշխատի, որ հեռավորություն պիտի պահի մյուսներից առնվազն մեկուկես մետր, հետո լվացվի, անընդհատ պտտի օճառը ափերի մեջ, սեղմի մատները, տաք ու սառը անի ու վերջո մի սլացիկ շարժումով սրբիչն անցկացնի դաստակների վրայով։ 

Հիմա էդ հետ տված միջանցքում երեւում են Մալմիի երկար մատներըես հիշեցի, շատ պարզ հիշեցի, որ նրա մատներն անբնական երկար էին (գուցե դրա շնոհիվ էր ավելուկը վարժ հյուսում), հիշեցի նաեւ, որ Մալմիի տատի անունն էդպես էլ չիմացա, որովհետեւ թոռները տատ էին կանչում, իսկ հարեւանները կտուց՝ բավականին երկար ու սուր քիթ ունենալու համար։

Հիմա, երբ Մակրոնը հայտարարում է, թե Ֆրանսիան պատերազմի մեջ է, իսկ Թրամփի հետեւում կանգնած ջղաձգված կինն իբր ուշադրությամբ հետեւում է պարոն նախագահի թեստավորված տեքստին, երբ օրից երկար ձգվում են զեկույցները եւ ավելի երկար բացատրություններն այդ զեկույցների, երբ Մորֆին՝ կատուս, անհանգիստ է Բեթհովենի 3-րդ սիմֆոնիայի անսպասելի զարգացումներից ու քնած տեղից վեր է թռչում, ես անասելի կերպով ուզում եմ տեսնել Մալմիին, ուզում եմ իմանալ տատի անունը, ուզում եմ հասկանալ՝ ինչ զգաց, երբ քսաներկուսում վիրահատեցին, ուզում եմ իմանալ՝ ինչ էր մտածում բաժանության օրը, հաջորդ օրն ինչպես արթնացավ, ինչ կերավ, կերավ, թե չէ․․.

Ու էս բացված անցքի, էս հետ տված միջանցքի համար ես պատասխանատու եմ, գիտե՛մ, որովհետեւ հանկարծ արտակարգ մի դրություն առաջին անգամ ոչ թե ինձ տանն է փակել, այլ մոռացնել է տվել, որ կամ, գոյություն ունեմ, որովհետեւ ես դեռեւս վարակված չեմ։

Հանկարծ «չ՛ես»-ս տկլոր, ազատ սկսել է ֆռֆռալ էս քառասուն քառակուսու մեջ ու պատին խնամքով փակցրել է ֆորսմաժորները։

Զարմացած, բայց նրբորեն, վերադարձածի պես, որ հետը մի քանի կոպեկ  է բերել ու լիքը բացթողումներ, մահացածի պես, որ չի հասցրել ասել՝ որտեղ է դրել տան բանալին, կնոջ պես, որ հորինել է ցավը, իսկ իսկական ցավի ժամանակ մնացել մենակ, ես հետեւմ եմ «չես»-իս։ 

Այնքա՜ն բնական է այս պատկերը։


ՀԳլուսանկարը՝ Դըրք Սքիբայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter