HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք հիմա էլ կոմանդոսների կարիք ունենք

Տողն ունի իր հերոսները, որոնցով ապրում եւ հպարտանում է' Վիգեն Գրիգորյան, Արմեն Գասպարյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Աշոտ Խաչատրյան, Ռոբերտ Սարգսյան, Սուսաննա Բալայան եւ ուրիշներ: Նրանցից ոչ բոլորն են ողջ: Պատերազմի ընթացքում 32 զոհ են տվել: «Մեր գյուղի համար 32 զոհը մեծ թիվ է, սակայն մենք հպարտ ենք եւ համարում ենք, որ Ղարաբաղի ազատագրումը սկսվել է Տողից ու Կոմանդոսով»,- գտնում է Գալյա Ամիրջանյանը:

Այսօր Տողում առավել հարգված են եւ հեղինակություն են վայելում այն մարդիկ, ովքեր անմիջական շփում են ունեցել Կոմանդոսի' Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ: Հատկապես հպարտանում են Կարինե եւ Ստեփան ամուսինները, քանի որ պատերազմի ընթացքում անվանի հրամանատարը Տողում եղած ժամանակ նրանց տանն է գիշերել: Հպարտ է նաեւ տիկին Գալյան, որովհետեւ ամենատխուր եւ ծանր պահերին իր աղջկա երգն է ոգեւորել Կոմանդոսին:

Տողն այսօր ունի 714 բնակիչ: Պատերազմից հետո բնակիչների թիվն ավելացել է ընդամենը 14-ով: Աշխատանք չլինելու պատճառով երիտասարդների շարքերում ամուսնացողների թիվը նվազել է: Նրանցից շատերն ապրում են իրենց թոշակառու ծնողների գումարով: Տողում մեծամասնություն են կազմում հասակն առած մարդիկ: Գյուղի ամենատարեց բնակիչը 96-ամյա Հայկուշ Բաղդասարյանն է: Հայկուշ բաջին Տողում հայտնի է իբրեւ «ամենաթամուզ-թաքուզ» կինը, այսինքն' ամենամաքրասերը:

Հայկուշ բաջու համար իմ այցելությունն անսպասելի էր: Մոտ 15 րոպե նա փորձում էր պարզել' արդյոք կա՞ արյունակցական կապ իմ եւ իր միջեւ: Երբ պարզեց, որ չկա, թվարկեց Երեւանում բնակվող իր հարազատների անունները եւ խնդրեց մեծ-մեծ բարեւներ փոխանցել նրանց: Իսկ երբ իմացավ, որ եկել եմ ոչ միայն զրուցելու, այլեւ' լուսանկարելու, մի քիչ նեղսրտեց. «Ես էս շենի ամենաթաքուզ կնեգն եմ իլալ, ամա մհենգ կրես չեմ տյուրյուր կյամ»,- ասաց նա եւ լուսանկարվելուց առաջ մազերը հարդարելու ժամանակ խնդրեց:

Ամռան շոգին 96-ամյա կինը վառարան է վառում էլեկտրաէներգիան խնայելու համար: Ապրում է միայնակ, վերջին տարիներին գյուղամեջ գրեթե դուրս չի գալիս: Գյուղացիներն են այցելում նրան' ձու, մածուն, շաքարավազ բերում, հետաքրքրվում առողջությամբ: Երկու որդի ունի' 75 եւ 72 տարեկան, սակայն նրանց մոտ տեղափոխվել չի ցանկանում. «Իմ տոնը-տեղը Տողում ա: Ես թո±ռը քինիմ: Վեչ մի տեղ էլ քիննական չեմ»:

Հայկուշ բաջին սիրում է պատմել հատկապես իր երիտասարդ տարիների մասին. «Ես չեմ, է~, ասում, լոխ են ասում, վեր ես ղաշանգ ( գեղեցիկ ) եմ իլալ: Ամուսինս ինձ փըխցրալ ա: Մին թորք էր ինձ ուզիս, բայց ամուսինս տարավ՚: Հարցնում եմ' եթե ամուսինն իրեն փախցրած չլիներ, ադրբեջանցու հետ կապրե՞ր: Հայկուշ բաջին զայրանում է. ՙԱ, ես սկի իմ ամուսնուն օզալ չեմ, շտեղ մնաց' թորքին»:

Հայկուշ բաջին իր ապրած կյանքից գոհ է, բայց վախենում է, որ մի օր երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով հեռանան Տողից: «Մեր շենում ջահել չի մնացալ: Լոխ քիսն են քաղաք: Գիդաս չեմ, թա հի՞նչ կա էդ քաղաքումը»,- ասում է 96-ամյա տողեցի կինը:

Գյուղից հեռանալու մասին խոսակցությունները զայրացնում են Տողի բոլոր տարեցներին: Կապի բաժնի նախկին ղեկավար, երկրորդ կարգի հաշմանդամ, 73- ամյա Հրանտ Դավթյանը գտնում է, որ հեռացողները դավաճանում են Ղարաբաղին, բայց չգիտի, թե ոնց պետք է ապրեն առանց աշխատանքի ու վաստակի: Ինքն էլ լավ չի ապրում, բայց գնալու մասին մտածել անգամ չի ուզում: «Ապրում եմ ամեն մի մեռնողին երանի տալով: Տղաս 34 տարեկան է, պատերազմի ընթացքում մի քանի անգամ վիրավորվել է եւ հոգեկան հիվանդ դարձել: Մյուս որդիս զոհվել է: Կինս սրտային հիվանդ է: Ապրուստի միջոց չունեմ, սակայն ես Տողից հեռացողը չեմ: Ես էս գյուղում որդու գերեզման ունեմ»:

Տողի առաջնային խնդիրն այսօր խմելու եւ ոռոգման ջուրն է: Խմելու ջուրը գտնվում է Տողից 7 կմ հեռավորության վրա: Գյուղ մտնող 7 խողովակաշարից այսօր աշխատում է միայն մեկը: Օրվա ընթացքում յուրաքանչյուր գյուղացու 15- 20 խորանարդ մետր ջրի փոխարեն հասնում է 1-1,5 խորանարդ մետր: Ջրի բացակայության պատճառով գյուղացիները չեն կարողանում զբաղվել նաեւ հողագործությամբ: Այս տարի տողեցիների խնդիրներին ավելացել է եւս մեկը:

Հուլիսի 12-ին հրդեհ է բռնկվել, եւ 81 հեկտարանոց ցորենի արտն ամբողջությամբ այրվել է: Գյուղը փոխհատուցում չի ստացել: Սա էլ գումարվելով եղած խնդիրներին' որոշ տողեցիների կստիպի օրվա հացը փնտրել գյուղից դուրս:

Չավարտված պատերազմի ու Ղարաբաղի կարգավիճակի անորոշության պայմաններում գյուղացիների հեռանալը կոտրում է մնացողների ոգին: «Մենք հիմա էլ կոմանդոսների կարիք ունենք»,- ասում է Գալյա Ամիրջանյանը' հավանաբար նկատի ունենալով, որ կոմանդոսը ոչ թե մարդ է, այլ հոգեվիճակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter