HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու համայնքապետարանը հայտնել, ապա հերքել է բուժամբուլատորիայի աշխատակցուհու՝ կորոնավիրուսով վարկաված լինելու մասին լուրը

«Ալավերդի բժշկական կենտրոնից» «Հետք»-ին հայտնել են, որ Ալավերդիում կորոնավիրուսով վարակված անձ դեռևս չի գրանցվել:

Ու մինչ բժշկական կենտրոնում վստահեցնում են, որ կորոնավիրուսի դեպք Ալավերդիում չի արձանագրվել, համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում այսօր այսպիսի հայտարարություն է տեղադրվել․

«Ելնելով արտակարգ իրավիճակի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաև համայնքում գործող բուժամբուլատորիայի աշխատակցուհու մոտ հաստատված կորոնավիրուսի դեպքով պայմանավորված՝ խնդրում, պահանջում և կոչ ենք անում դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սահմանափակել շփման շրջանակները՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը: Դուրս գալու դեպքում պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները»:

458787.jpg (65 KB)

Լուրն այսօր Ալավերդիում խուճապ է առաջացրել, սակայն մեկ ժամ հետո ֆեյսբուքյան էջում համայնքաապետի քարտուղարուհի Սուսա Լալայանը ներողություն է խնդրել բնակչությունից և համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ համայնքի ամբուլատորիայի աշխատակցուհու կորոնավիրուսով վարակված լինելու տեղեկությունը ճիշտ չէ:

875686.jpg (230 KB)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ եթե գանգատներ ունեցող քաղաքացիները կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ չեն շփվել, այդ դեպքում թեստավորում չի արվում։ Մարզպետի խոսքով՝ թեստի համար պետք է ցուցում լինի: Ալավերդիում կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին մարզպետը նաև հայտնեց.

«Մենք կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման և բուժման համար նախապատրաստում ենք ոչ միայն Ալավերդու բժշկական կենտրոնը, այլ նաև հյուրանոցներ»:

Բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփինե Ալավերդյանը, պատասխանելով բժշկական կենտրոնի տնօրինությանն ուղղված «Հետք»-ի հարցերին, հայտնել է, որ կենտրոնի բժիշկները մեթոդական չափորոշիչներով թեստավորման ցուցում չեն ունեցել:

Բժշկական կենտրոնում օրական առնվազն 2 անգամ իրականացվում է ջերմաչափում՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքից գնալիս: Ալավերդու բժշկական կենտրոնը չունի ինֆեկցիոն բաժանմունք: Թերապևտիկ բաժանմունքում կա 5 մահճակալ՝ ինֆեկցիոն հիվանդների բուժման համար:

Արփինե Ալավերդյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության աշխատակազմը և թիրախային խմբում աշխատող բոլոր բուժաշխատողները ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Կենտրոնի բժիշկները նույնպես ապահովված են պահանջվող հանդերձանքով՝ դիմակով, ռետինե ձեռնոցներով, արտահագուստներովքլորային և սպիրտային ախտահանիչ միջոցներով: Արփինե Ալավերդյանն ասում է, որ կասկածելի դեպքերի համար կենտրոնում ստեղծվել է ժամանակավոր մեկուսարան՝ անհրաժեշտ պարագաներով և թթվածնի կենտրոնացված մատակարարումով:

«COVID-19-ով վարակված անձանց բուժումը իրականացվում է նեղ մասնագիտական կլինիկաներում»,- հայտնել է Ա. Ալավերդյանը: Այսուհանդերձ, ըստ վերջինիս, բժշկական կենտրոնը պատասխանատվություն է կրում կենտրոնի առաջնային օղակում գրանցված ազգաբնակչության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter