HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է զարմանալ, որ անտառը դեռ այսքան կա

Ինչպե՞ս չհիշել հայտնի հարցը՝ «Եվ դո՞ւ, Բրուտոս…»

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (ՎՊ) կատարած բացահայտումների միջոցով վերջերս հայտնի դարձավ, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2009-2010թթ. ինչպես է կատարել անտառպահպանական ծառայությունները:

Համապատասխան ծրագրի համաձայն՝ անտառապահպանությունը, որն իր մեջ ներառում է նաև անտառային պետական ֆոնդը ապօրինի զավթումներից, ապօրինի հատումներից, արածեցումներից և հրդեհներից պահպանելը, 2009թ. պետք է իրականացվեր 369400 հեկտարի վրա, իսկ 2010թ.՝ 343000հա-ի վրա: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանրապետության թվով 256 համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական անտառային հողերից 38169 հեկտարը համայնքների վարչական և կադաստրային քարտեզներով ներառվել են որպես համայնքային սեփականության ոչ անտառային հողեր: «Հայանտառը» հանդուրժե՞լ է, որ պետական անտառային հողերն իր, ավելի ճիշտ, պետության ձեռքից տանեն:

2006-2009թթ. կազմված թվով 15 անտառտնտեսությունների անտառշինական նախագծերը (անտառկառավարման պլաները) ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից հաստատվել են միայն 2010 թվականին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից հաստատված սանիտարական և խնամքի հատումների տարեկան ֆոնդի հաշվարկի համար 2009թ. հիմք են հանդիսացել անտառտնտեսությունների կողմից ներկայացված մասնագիտական եզրակացությունները, իսկ 2010թ.՝ վերոնշյալ անտառկառավարման պլաները:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ, համաձայն հաշվետվությունների, 2009թ. թվով 10 անտառտնտեսության կողմից ներկայացված եզրակացություններում հատման ծավալը նշված չէ: Նախարարի կողմից ըստ անտառտնտեսությունների հաստատված հատման ֆոնդը 1655խմ-ով գերազանցում է եզրակացություններում նշված ծավալը: Նախարարի կողմից հաստատված տարեկան ֆոնդից ըստ մասնաճյուղերի ավել է հատվել 3940.8խմ փայտ, իսկ մթերված փայտի ծավալն ըստ անտառտնտեսությունների 2972.8խմ-ով գերազանցում է նույն անտառտնտեսությունների կողմից տրված եզրակացություններում նշված ծավալը:

2010թ. նախարարի կողմից ըստ անտառտնտեսությունների հաստատված հատման ֆոնդը 1178.2խմ-ով գերազանցում է անտառշինական պլաններով սահմանված ծավալը: Մթերված փայտի ծավալն ըստ անտառտնտեսությունների և ըստ հատման տեսակների՝ 4660.1խմ-ով գերազանցում է անտառշինական պլաններով սահմանված ծավալները: Մթերված փայտի ծավալն ըստ անտառտնտեսությունների և ըստ հատման տեսակների՝ 3959.2խմ-ով գերազանցում է նախարարի կողմից հաստատված ֆոնդում սահմանված ծավալները: Սանիտարական և խնամքի հատումներից փաստացի մթերված 31533.7 խմ փայտի ծավալը 11889 խմ-ով գերազանցում է ըստ քառակուսիների և հատվածների անտառաշինական պլաներով սահմանված ծավալները:

Համաձայն անտառշինական պլաններում սահմանված՝ մթերված փայտից շինափայտի ելքի տոկոսների (ըստ քառակուսիների և տեղամասերի), սանիտարական և խնամքի հատումներից շինափայտի ծավալը կազմում է 5884.1 խմ, մինչդեռ փաստացի մթերումը կազմել է (այս դեպքում թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ ներկայացվել է) 3731.3 խմ:

2009-2010թթ. ընթացքում թվով 15 անտառհատման տոմսերում բոնիտետները (անտառի արտադրողականությունը բնութագրող ցուցանիշ) պակաս են ցույց տրվել անտառշինական պլաներում ցույց տրված բոնիտետներից: Ավելին. փայտի մթերումը 2009-2010թթ. անտառահատման տոմսերում հաշվարկվածից պակաս է ցույց տրվել 495 խմ-ով:

Միայն թվով 12 անտառտնտեսություններում առկա 973 հեկտար խոտհարքի, 4530հա արոտավայրի, շուրջ 2657տ հատապտղի պաշարի առկայության պայմաններում գոնե մեկ անտառային տոմս չի գրվել և դրամական մուտքեր չեն ապահովվել:

Խայտառակ փաստեր են արձանագրվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում անտառապատման միջոցառումների կատարման գործում: Հիշյալ ՊՈԱԿ-ի կողմից նշված աշխատանքներն իրականացվել են 02.06.2009թ կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված և կատարողականներով վճարված սերմնաբուսակներից 216 720 հատը եղել են տնկման համար ոչ պիտանի:

Հանձնաժողովի կողմից Բուժականի տարածաշրջանում կատարված շրջայցից պարզվել է, որ ծրագրի շրջանակներում անտառապատված տարածքներից 18 հեկտարում առկա են ընդամենը բացված խրամատներ և որոշակի մասերում արդեն թեքված և ջարդված ցանկապատ, իսկ սերմնաբուսակներ ընդհանրապես չկան, մինչդեռ կատարողականներով 9 մլն 467000 դրամ վճարվել է 90 000 հատ սոճենու սերմնաբուսակի տնկման աշխատանքների դիմաց:

Հարկ է նշել, որ նախագծով նշված տեղանքում անտառապատման աշխատանքներ նախատեսված չեն եղել, այդ աշխատանքները պետք է կատարվեին Ծաղկաձորի անտառպետության տարածքում, սակայն Հրազդանի անտառտնտեսության տնօրենի նախաձեռնությամբ, առանց նախագծային փոփոխությունների և հիմնավոր հաշվարկների, այդ աշխատանքների կատարումը Ծաղկաձորից տեղափոխվել է Բուժականի տարածաշրջան:

Անտառավերականգնման և անտառաշինական աշխատանքներում նույնպես բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Ծրագիրն ունեցել է երկու բաղադրիչ՝ անտառվերականգնման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից, և անտառաշինական նախագծերի կազմման աշխատանքներ, որոնք իրականացվել են «Սևադա և քույրեր» ՍՊԸ-ի կողմից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված անտառավերականգնման աշխատանքների ստուգումից պարզվել է, որ կատարողականներով 378500 դրամ ավել է վճարվել 54 310 հատ սերմնաբուսակի և 5 947 հատ խոշոր տնկիների հանման և տնկման աշխատանքների դիմաց: Անտառների լրացման համար օգտագործված 75 843 հատ սերմնաբուսակները եղել են տնկման համար ոչ պիտանի (1 տարեկանից բարձր տարիքի) սերմնաբուսակներ:

Տնկարանների հիմնման աշխատանքների ցանքսում 2009թ. նորմաներից սերմի մոտ 1143 կիլոգրամից ավելի ծախս է ցույց տրվել, 2010թ. նշված տարբերությունը կազմել է 1,145.2 կգ: Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ 2008թ. աշնանը, 2009թ. և 2010թ. գարնանը կատարված տնկարանների հիմնումից և լրացանքսերից, ըստ նորմերի, պետք է ստացվեր 6 511 150 սերմնաբուսակ, մինչդեռ ցույց է տրվել ընդամենը 3 578 550 հատ սերմնաբուսակի ստացում:

Ուշագրավ այլ փաստեր են ի հայտ եկել, երբ ՎՊ-ն ուսումնասիրել է անտառային հողերի վարձակալության խնդիրը: Պետական անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվել է առանց հրապարակային սակարկությունների կամ մրցույթի, պայմանագրերը կնքվել են ուղղակի ձևով: 2009-2010թթ. կնքվել է 72 պայմանագիր, իսկ նախկին կնքվածներից վերակնքվել 14-ը:

Պարզվել է նաև, որ անտառային հողերի վարձակալական պայմանագրերում կիրառվել են կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի տուժանքի տարբեր դրույքաչափեր: Կնքված 140 պայմանագրերում նախատեսվել է տուժանք 0.1%, թվով 67 պայմանագրերում՝ 0.5%, թվով 2 պայմանագրում՝ 0.01 % և թվով 2 պայմանագրում՝ 0.05%:

ՀՀ կառավարության 03.06.2010թ թիվ 668-ն որոշմամբ սահմանվել է պետական սեփականություն համարվող անտառների 1 հեկտարի վարձավճարի տարեկան նվազագույն չափ: Սակայն «Հայանտաո» ՊՈԱԿ-ը կնքված պայմանագրերի 3.2.2 և 3.4.2 կետերով նախատեսված ձևով չի տեղեկացրել վարձակալներին վարձավճարների փոփոխման վերաբերյալ և չի կնքել համապատասխան փոփոխությամբ պայմանագրեր: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության պայմանագրերի վարձավճարները վերանայելու դեպքում, 01.05.2011թ.-ի դրությամբ՝ անցած 10 ամիսների ընթացքում լրացուցիչ կակնկալվեր 203 մլն 205800 դրամի եկամուտ:

Մեկնաբանություններ (1)

Kar
Bnutian brnabarutiun. Sa el HHK-i bnapahpan naxarari kextery!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter