HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արմեն Մարտիրոսյան. «ՀՀԿ-ի մոտ այնքան բաց տեղեր կան, որ որտեղ էլ խփեն, պորտից բարձր է լինելու»

«Մենք որևէ մեկի հետ պայքարելու խնդիր չունենք, պայքարում ենք ունենալ այն քվեների քանակությունը, որը հնարավորություն կտա հետագա 5 տարիների ընթացքում ունենալ ոչ թե քաղաքական իրավունք, այլ թե բարոյական, թե ռեալ իրավունք կառավարելու: ՀՀԿ խնդիրը իր ունեցած այսօրվա դիրքը քաղաքական դաշտում էլ ամրապնդելն է: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

ՀՀԿ ցուցակը հստակ կլինի կուսակցության համագումարի ժամանակ՝ մարտի 10-ին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք չեն սպասում ՀՀԿ ցուցակին, դա նրանց ներկուսակցական խնդիրն է: Սակայն ՀՀԿ-ն պատասխան է տալու իր ցուցակների համար:

«Թող չասեն, թե իրենց համամասնական ցուցակը շատ մաքուր, պուպուշ ցուցակ է, իրենք պատասխան են տալու նաև մեծամասնականի համար, թե մեծամասնականով այսօր ովքեր են առաջադրվում: Ամբողջ գործարար դաշտը, որը կապված է և վարչական ռեսուրսի, և կրիմինալի հետ, բոլոր այդ թեկնածուները նաև ՀՀԿ-ի քաղաքական պատասխանատվության վրա են»,- հավելեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգության» ցուցակում լինելու են պատգամավորներ, կուսակցականներ և քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներ՝ անկախ այն հանգամանքից՝ կհամագործակցե՞ն «Ազատ դեմոկրատների» հետ, թե՞ ոչ: Իսկ «Ժառանգության» ցուցակը, մասնակցության ձևաչափը, մեծամասնականի հարցը պարզ կլինեն մարտի 18-ին՝ կուսակցության խորհրդի ժամանակ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դոմինանտ լինելուն, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այդ առումով համաձայն է Վ. Այվազյանի հետ: Սակայն ՀՀԿ-ն դոմինանտ է արտագաղթի, տնտեսական և սոցիալական ծանր վիճակ ստեղծելու, աղքատության հարցում:

«ՀՀԿ-ն ոչ մի անգամ չխուսափեց պատասխանատվությունից, պատասխանատու է թե լավի, թե վատի համար: Երբ մեզ քննադատում են, չենք ասում, թե չենք արել, բայց լավն էլ է մերը»,- պատասխանեց Վ. Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներն սկսվել են մեկ ու կես տարի առաջ, և ո՞ւմ են պետք այս նախընտրական շոուները՝ կապված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հետ:

«Որևէ մեկին թույլ չեմ տա, որ ասի՝ Այվազյան Վարդանը աշխատող չի: Հիմա ինձ գործարար կհամարեն, գործարար չեն համարի՝ կախված է մարդու աշխատանքի արդյունավետության և աշխատանքը կատարելու ունակությունից: Հրանտ Վարդանյանի որդին վա՞տ պատգամավոր է, պատգամավորական աշխատանքները չի՞ կատարում», - ասաց Վ. Այվազյանը:

«Իհարկե, պարոն Այվազյանը շատ աշխատող պատգամավորներից է՝ գործարար լինելով հանդերձ, բայց երևի թե հիշողությունը մի փոքր շատ աշխատելուց դավաճանում է իրեն, ու ինքը չի հիշում, որ միայն ես երկու անգամ Ընտրական օրենսգրքի առաջարկ եմ ներկայացրել 2008 և 2010թ.-ին», - հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ շոուն այն է, որ այսօր ՀՀ քաղաքացին հիասթափված, որպես բողոքի նշան ընտրում է արտագաղթի ճանապարհը, երբ կառավարությունը չի ներկայացնում հանքարդյունաբերության հետ կապված փաստաթղթերը, հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշեց, որ աշխատող պատգամավորների մեջ լինում են նաև գործարարներ, բայց խնդիրն այն է, որ նրանք իրենց աշխատանքի արդյունքում ընդունում են օրենքներ, որոնք հարվածի տակ են դնում փոքր ու միջին բիզնեսը:

«Վարդանյան Կարենն իսկապես աշխատող պատգամավոր է, բայց արդյո՞ք իր արդյունավետությունն ավելի բարձր է, քան Արծվիկ Մինասյանի արդյունավետությունը»,- հարցրեց Ա. Մարտիրոսյանը:

«Իհարկե ոչ, բայց ոչ էլ նրանն է բարձր: Բայց մի մտեք մի դաշտ, որտեղ կկորեք: Հարկային դաշտից դուրս եկեք, ընդհանրապես կկորեք»,- պատասխանեց Վ. Այվազյանը:

«Ձեզ մոտ այնքան բաց տեղեր կան, որ ձեզ որտեղ էլ խփեն, պորտից բարձր է լինելու»,- արձագանքեց Ա. Մարտիրոսյանը՝ նշելով, որ նախ ինքը «չի կորի», հետո էլ թե ՀՀԿ-ն, թե ամբողջ կոալիցիան ձախողել են իրենց աշխատանքը:

Իսկ այն հարցին, թե ինչպես են գնահատում իրենց հնարավորությունները ընտրությունների առումով՝ Վ. Այվազյանը պատասխանեց, որ իրենց հնարավորությունները «Ժառանգությունից» բարձր են: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ ժողովուրդը այդ հնարավորությունները կգնահատի, եթե իհարկե 2007-ի ընտրությունների նման չգողանան իրենց ձայները:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Լավ գործարար լինել,չի նշանակում լինել լավ պատգամավոր:Խոսքս Միքայել Վարդանյանի մասին է,ինչքան գիտեմ ամենաքիչ քվեարկողներից մեկն է,իսկ ի՞նչ պատասխան կտա էն մարդկանց,ովքեր վատ օրենքների պատճառով դատարաններում քաշվում են:Շպակի ղեկավարն էլ ասում է գնացեք Ազգային ժողովից բողոքեցեք,որ լավ օրենքներ չեն գրում:Միքայել Վարդանյանն իմ տարածաշրջանի պատգամավորն ա,դե թող գա իմ իրավունքները պաշտպանի իրենց գրած օրենքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter