HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արսեն Թորոսյանը՝ սահմանին պարտադիր թեստավորում անցկացնելու վերաբերյալ

Այսօր կայացավ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որին ներկա էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նիստի ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հասկանալու, եթե կան բավարար քանակի թեստեր, ինչու սահմանին պարտադիր թեստավորում չի իրականացվում. «Ինչքան հասկացա երեկ 60 հազար թեստ ենք ստացել Չինաստանից, այսինքն՝ որոշակի ի վիճակի ենք կարգավորել այս խնդիրը։ Արդյոք ժամանակը չէ, որ մենք սահմանի վրա թեստավորում անցկացնենք եւ հենց սահմանից վարակ չբերենք, մանավանդ նման ռիսկեր կան բեռնափոխադրման դեպքերի ժամանակ», - հարցրեց Բագրատյանը։

Սերգեյ Բագրատյանը նշեց նաեւ, որ իրանական կողմը վտանգավոր է, քանի որ առավել շատ վարակակիրներ կան Իրանում, եւ խնդրեց, որ որոշում ընդունվի Իրանից եկող մեքենաները չհասնեն Երեւան, այլ բեռնաթափվեն Մեղրիում։ «Նախ մեր վարորդներն աշխատելու հնարավորություն կունենան, երկրորդ, մենք վարակի ռիսկը կնվազեցնենք», - խոսքը եզրափակեց Բագրատյանը։

Հարցին Թորոսյանը պատասխանեց, որ բեռները, որոնք գալիս են Երեւան, այն բեռներն են, որոնք հնարավոր չի դատարկել. պարունակում են բիտում, կլինկեր եւ ապակի։ «Երկրորդ տեսակի բեռները փոխանցվում են միջսահմանային գոտում, շփումը հասցված է մինիմալի, օրական թողունակությունը եթե չեմ սխալվում, Մեղրիի անցակետում 30 մեքենա է», - հավելեց առողջապահության նախարարը։

Ըստ նրա՝ փորձել են բոլոր բեռները տեղափոխել մեկ պահեստ, սակայն հսկողությունը դժվարացել է։ Նախարարը տեղեկացրեց, որ Իրանից եկած վարորդներից որեւէ մեկի մոտ չի արձանագրվել վարակ։ Հավելեց նաեւ, որ փորձել են սահմանն ամբողջությամբ փակել, բայց որոշակի ապրանքների անհրաժեշտությունից բացել են, հիմա բաց է գրեթե բոլոր ապրանքատեսակների համար, սակայն որոշակի քանակի մեքենաների համար։

«Այս սահմանն ավելի կառավարելի է , քան հյուսիսային սահմանը», - ասաց Թորոսյանը։

Բոլորին թեստավորելու վերաբերյալ հարցին պատասխանելիս ընդգծեց, որ չեն թեստավորում ոչ թե որ թեստ չունեն, այլ, որովհետեւ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից։

Տեղեկացրեց, որ 60 հազար թեստը նվեր չէ, գնվել է բյուջետային փողերով, դրանք բոլորը պոլիմերազային շղթայական ռեակցիաների թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տեւում է մոտավոր 5 ժամ, եւ արվում է բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, այդպիսի 6 լաբորատորիա կա նախարարության ենթակայության տակ, կա նաեւ 2 մասնավոր։

«Սահմանին թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ նույն մարդու մոտ երեք օր հետո չի լինի հիվանդության դեբյուտ, որը կարտահայտվի մեկի մոտ հազով, մյուսի մոտ՝ արագ զարգացող թոքաբորբով։ Այս դեպքում բոլոր եկողները գնում են ինքնամեկուսացման, սա էլ ուրիշ պրոբլեմ է, որովհետեւ վարորդները ասում են, բա մեր բեռը ոնց տանենք», - նշեց նախարարը։

Արագ թեստերով թեստավորելու վերաբերյալ էլ նշեց, որ եթե օտարերկրյա քաղաքացու մոտ հայտնաբերվի վարակ, ապա կխնդրեն լքել Հայաստանը, իսկ Հայաստանի քաղաքացին նորից թեստ կհանձնի, քանի որ արագ թեստերը հաճախ ճիշտ չեն լինում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter