HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քոչարյանը նահանջում է

Եթե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցնում է ինքնապաշտպանության, նշանակում է սպառված է համարում հարձակման բոլոր հնարավորությունները: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների եւ հատկապես իշխանության կայացրած որոշումների վրա հասել է նվազագույնի:

Քոչարյանին ուղղված առաջին հարվածը հասցվեց 2011 թ. փետրվարի 17-ին, երբ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, որով նախկին նախագահի քաղաքական հենարանը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունեց իր կապիտուլյացիան եւ համակերպվեց գործող նախագահին պարտադիր սատարելու` իրեն վերապահված դերի հետ:

Սակայն ամենաուժեղ հարվածը Քոչարյանին հասցվեց այս տարվա ապրիլի 20-ին, երբ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմիններին հանձնարարեց մանրակրկիտ կերպով եւ հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, որից հետո գործի քննությունը, կարելի է ասել, սկսվեց նորից: Սա քաղաքական չափազանց հետաքրքրական որոշում էր, որը միաժամանակ երկու թիրախի էր հարվածում. առաջին հերթին` այդպիսով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ունի բավարար քաղաքական կամք եւ պատրաստ է կատարելու արմատական ընդդիմության երեք առանցքային պահանջներից թերեւս ամենակարեւորը: Բայց թաքնված թիրախը երկրորդ նախագահն էր:

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալումից, ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղի մտնելուց հետո Հայաստանի իշխանությունների նկատմամբ արտաքին ճնշումները ոչ միայն մեծացան, այլեւ որակապես այլ դրսեւորումներ ունեցան: Եթե անցած երեք տարիների ընթացքում միջազգային կառույցները, գերտերությունները սահմանափակվում էին միայն սպառնալիքներ հնչեցնելով, ապա ներկայումս անցել են դրանց գործադրմանը: Դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ֆինանսավորումը, ԱՄՆ դեսպանը բացահայտ կերպով սկսեց երկրում հեղափոխական տրամադրություններ հասունացնել, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները, Մարդու իրավունքների հանձնակատարը ավելի կոշտացրին իրենց գնահատականները Հայաստանում տիրող իրավիճակի մասին, մարդու իրավունքների, կոռուպցիայի մեծ չափերի մասին չափազանց կոշտ որակումներով զեկույցներ հրապարակվեցին: Դրան գումարած` երկրում առկա սոցիալ-տնտեսական, հոգեբանական լրջագույն ճգնաժամային իրադրությունը: Այս ամենը Սերժ Սարգսյանին այլ ելք չէին թողնում, քան ընդառաջ գնալ արմատական ընդդիմության պահանջներին եւ նրանց հետ երկխոսության կամ գոնե քաղաքակիրթ գործարքի եզրեր որոնել, այսինքն` գոնե ներսում չեզոքացնել հնարավոր բունտի կամ ընդվզման հնարավորությունները: Եվ քանի որ հասարակական պահանջները գեներացնողը, քաղաքականացնողը հենց ՀԱԿ-ն էր, նախագահը ստիպված էր առաջնահերթորեն անդրադառնալ վերջինիս ներկայացրած երեք պահանջներին, մանավանդ որ դրանք հնարավորություն էին տալիս օրակարգից հանել շատ ավելի կարեւոր ու հրատապ, հանրության լայն շերտերի կենսական հետաքրքրություններին առնչվող խնդիրները:

Սակայն նա չէր կարող լայն թափով ձեռնարկել այս գործընթացը` անտեսելով այն հանգամանքը, որ դա անպայմանորեն հարվածելու է նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարյանի շահերին:

«Մարտի 1-ի» գործի վերանայման հանձնարարականը փաստացի լուծեց այդ շահերը եւ դրանով թելադրված` Քոչարյանի հնարավոր բացասական արձագանքը շրջափակելու խնդիրը: Եվ հիմա Քոչարյանը հայտնվել է յուրատեսակ աքցանի մեջ. իրեն իրավական պատասխանատվության ենթարկելու խնդիր դնող ընդդիմության հետ երկխոսությանն ուղղված նախաձեռնություններին ընդդիմանալու ցանկացած փորձի դեպքում «Մարտի 1-ի» գործը կարող է ամբողջությամբ շրջվել նրա դեմ: Մյուս կողմից` ԲՀԿ-ի քաղաքականապես լիկվիդացումը նրան զրկել է ներքին դիմադրություն առաջացնելու հնարավորությունից, եւ փաստացի այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ նա իսկապես հայտնվել է խաղից դուրս վիճակում ու ստիպված է կողքից հետեւել գործընթացներին:

Ահա այս իրողություններից դրդված` Քոչարյանն անցել է խորը ինքնապաշտպանության: Նրա մոտ սկսել է գործել մեղադրյալի այն ենթագիտակցական ռեակցիան, երբ զգալով, որ իրավիճակը փրկելու որեւէ տարբերակ չունի, սպառնում է իր հետ «տանել» նաեւ նախկին գործընկերներին: «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հենց այս ենթատեքստն ու նպատակն ունի: Նա հիշեցնում է, որ ինքը պատասխանատվություն է կրում ոչ թե 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած բախումների ու արձանագրված 10 զոհերից առնվազն 4-ի սպանության համար, այլ միայնումիայն արտակարգ դրություն հայտարարելու: Եվ դա էլ` այն ժամանակվա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ, որ ավելի հատկանշական է, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միասին, որովհետեւ նրանց հետ խորհրդակցելուց հետո է կայացրել արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Արդարացման է նման նաեւ նրա այն պնդումը, թե հրազենից կրակ արձակելու հրաման որեւէ մեկը չի տվել, ինչով փորձում է պատասխանել իրեն ուղղված այն մեղադրանքներին, թե առնվազն առանց նախագահի իմացության նման բան տեղի ունենալ չէր կարող:

Քոչարյանը փաստացի այդ հարցազրույցով փոխզիջումային լուծում է առաջարկում. ինքն այլեւս համակերպվում է «երիտաարդ թոշակառուի» ներկայիս կարգավիճակի հետ` հետագայում իշխանության գալու կամ գործող իշխանությունը ներսից քանդելու որեւէ հավակնություն չդրսեւորելով, չի ընդդիմանում իշխանություն-ՀԱԿ «երկխոսությանը», որի փոխարեն ընդամենը ակնկալում է իրեն քավության նոխազ չդարձնել: Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ ՀԱԿ-ի հիմնական խնդիրը հենց նրա նկատմամբ իրավական եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելն է, բայց վստահություն չունի, որ Սերժ Սարգսյանը կկարողանա պաշտպանել իր շահերը կամ առնվազն թույլ չտալ մոտենալու այս սահմանագծին: Պատահական չէ, որ նա այս հարցազրույցը տվեց ոչ թե «Մարտի 1-ի» գործը վերսկսելու հանձնարարականը տալուց անմիջապես հետո, այլ երբ մի կողմից ՀԱԿ-ն աստիճանաբար սկսեց բարձրացնել Սերժ Սարգսյանի` քոչարյանական «ժառանգությունից» ձերբազատվելու պահանջը, իսկ մյուս կողմից` դատարանը նոր ընթացք տվեց «Ժամանակ» թերթի դեմ Քոչարյանների ընտանիքի հայցի հիման վրա հանգուցալուծման հասնող դատավարությանը, նախագահականից հանվեցին Քոչարյանի պաշտոնավարման տարիներին տեղադրված երկու արձանները, իսկ մամուլում հանկարծ տեղեկություններ տարածվեցին «Սպայկա» ընկերության տնօրենի դեմ քրեական գործ հարուցելու մասին: Մի ընկերություն, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, մասնաբաժին ունի նաեւ Քոչարյանների ընտանիքը: Այսինքն` նա խոսեց միայն այն ժամանակ, երբ իրեն մտահոգող շատ որոշակի ազդանշաններ ստացավ:

Կընդունե՞ն, արդյոք, Սերժ Սարգսյանն ու հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանի այս անուղղակի առաջարկը, պարզ կլինի առաջիկայում: Սակայն, պետք է նշել, որ Քոչարյանի առաջարկությունը բավականին գայթակղիչ է. ըստ էության, նա խոսում է այն մասին, որ պետք է բավարարվել ընդամենը կրակողներին եւ նրանց անմիջական հրամաններ տվողներին բացահայտելով, մանավանդ որ միջազգային կառույցներն էլ հասկացնում են, որ անգամ այդքանը բավարար կհամարեն: Գործող նախագահի համար սա միանգամայն ընդունելի տարբերակ է: Չի կարելի բացառել, որ նա «Մարտի 1-ի» գործի վերանայման հրահանգ տվել է հենց այդպիսի արդյունքներ ակնկալելով: Ինչ-որ իմաստով այն կբավարարի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եթե նրան հստակ երաշխիքներ տրվեն, որ Քոչարյանի վերադարձը բացառվելու է առհավետ, եւ եթե արտահերթ ընտությունների կամ ոչ ստանդարտ լուծումների հետ կապված` իշխանության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություններ լինեն: Բայց շատ հնարավոր է, որ սա ընդամենը ժամանակավոր նահանջ է: Քոչարյանը, ինչպես պնդում են նաեւ ՀԱԿ-ում, նահանջող տեսակից չէ:

Մեկնաբանություններ (3)

ani
Asem imaci, uremnamen inch hamemautyan meja asvum , uremn ete hayastanum 1000 tari hetoel harcnes lav prezident unecelenq te che sax kasen che qani vor bolorn gtnumen vor irenqen potencial prezident, isk lava nranov vor en qor Levonic u es tulamort oligarneri poqr axporic hastat lavna exel ujexa exel u vor dursa ekel petutyunic ches amachel, karch asac Levoni u es meki het hamemat verjna exel, isk ete voch inqn Hay-Axchik el umes tesnum vorpes 2018 i prezident?
Hay_Axchik
Bajc inchi henc 2018-in??? Dra mej lav ban inch eq tesel, kaseq menq el imananq????
Dero
Qocharyan@shat lav naxagah er... kuzenam 2018-in noric @ntrvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter