HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակի» (լրացված)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցը ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։

Ըստ փաստաբանի' հոդվածի ներքո առկա մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում էր և՛ զրպարտություն, և՛ վիրավորանք, և նա յուրաքանչյուր զրպարտության համար պահանջում էր 2 մլն դրամ, յուրաքնչյուր վիրավորանքի դիմաց՝ 1մլն դրամ, և 6 մեկնաբանությունների դիմաց ընդհանուր գումարը կազմում էր 18 միլիոն դրամ:

Դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ «Հրապարակ» օրաթերթի գործողություններում դիտավորություն չկա, ընկերությունը Արթուր Գրիգորյանի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վիրավորանքի ու զրպարտության միջոցով վնաս չի պատճառել, քանի որ «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ հոդվածը վերաբերել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, որի ներքո թվով վեց մեկնաբանությունները կատարել են բոլորովին այլ անձինք, որոնք հանդես են եկել ծածկանուններով և վերջիններիս անձը հայտնի չէ:

Այսինքն՝ օրաթերթը հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, հետագայում՝ «Հրապարակ» օրաթերթը, դրսևորելով բարի կամք Արթուր Գրիգորյանի սուբյեկտիվ պահանջի առթիվ, վեճի առարկա մեկնաբանությունները հեռացրել է ինտերնետային կայքէջից, այլ կերպ՝ առկա չէ «Հրապարակ» օրաթերթի դիտավորության կանխավարկածը, որը զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելու, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի՝ դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում, հետևաբար հայցը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու հիմքով:

Դատարանը նաև վճռեց Արթուր Գրիգորյանից հոգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 360.000 հազար ՀՀ դրամ (18 մլն * 2 % = 360 000)՝ որպես գործով չվճարված պետական տուրքի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter