HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

«Զուլեյխան բացում է աչքերը» պատումը. մեր կուլակաթափության պատմությունը թաթարական աչքերով

Ռուսական 1-ին ալիքով հեռարձակված «Զուլեյխան բացում է աչքերը» սերիալը մի կողմից ռեկորդային դիտումներ է բերել, մյուս կողմից էլ բողոքի ալիք է բարձրացրել։

8 սերիայից բաղկացած ֆիլմը նկարվել է Գուզել Յախինայի բեսթսելլեր դարձած համանուն վեպի հիման վրա։

Մի վեպ էլ ֆիլմն է, կարծես վեպ դիտես։ Կարևոր է նկատել, որ վեպի հեղինակը թաթար կին է, քանի որ ամբողջ պատումը կառուցված է գլխավոր հերոսուհու՝ Զուլեյխայի՝ որպես թաթար կնոջ դրամայի վրա։ Մի կողմից եզ ամուսին, մունդառ սկեսուր, իսկը Թումանյանի «Անիծած հարս»-ում սկեսուրը, որ անընդհատ հարսին անիծում է ու մեռնելուց հետո էլ հանգիստ չի տալիս՝ անընդհատ հայտնվում է չարագույժ խոսքերով, մյուս կողմից բոլշևիկյան դաժան ու անսիրտ իշխանությունը, որ հանում ու աքսորում է այրիացած կնոջը, ինչ է թե ամուսինը մի կով ավել ուներ։

1930 թվին թաթարական գյուղում սկսում են կուլակաթափությունը ու խեղճ Զուլեյխային էլ են աքսորում։ Հիշեցի մամայիս պատմությունները՝ ոնց էին Յասաղուլ գյուղի (Հովունի) իր հարազատներին կուլակաթափ անում, Ավետիս ձյաձյան, որ մեղու էր պահում, մի քանի անասուն ուներ, տարան, գլուխը կերան, իսկ ընտանիքն էլ աքսորեցին Սիբիր։ Ու այդպես հարյուրավոր գյուղացի ընտանիքներ։ Սակայն հայկական կուլակաթափության վեպը չկա, և մենք մեր պատմությունը վերապրում ենք թաթարական վեպով։

Սերիալի վրա հարձակվել են թե թաթար կրոնական-ազգայնականները, որ թաթարական ընտանեկան հարաբերությունները էն չեն, որ մզկիթում սեքսի տեսարան կա, թե Ռուսաստանի կումունիստական շրջանակներ «Ռուսաստանի կումունիստներ» կուսակցությունը, թե իրենց պատմությունը սևացնում են, ամերիկյան ագենտների գործն է և այլն։ Զուլեյխայի դերակատարը՝ Չուլպան Խամատովան ասում է, որ հակառակը, ինքը սպասել է, թե հասարակության պրոգրեսիվ հատվածը ֆիլմը կքննադատի ստալինյան ռեպրեսիաները մեղմ ներկայացնելու համար։

Ոչ մեղմացրած, ոչ ծայրահեղացրած. պատումը կարծես այն է, ինչ լսել ես աքսորյալների պատմություներից, հալումաշ անող, ամիսներ ձգվող էտապ, աքսորյալները 5 ամիս բեռնատար վագոնում են, որի ընթացքում համաճարակներից մեռնում է աքսորյալների կեսը, անսիրտ վերակացուներ, իհարկե՝ տարբեր բնավորություններով, մեկը վստահ է, թե կոմունիզմ են կառուցում, մեկ ուրիշը լավ տեղավորվել է գաղափարախոսության ընձեռած դիրքերում։ Ամենատպավորիչ կերպարը տարածաշրջանի ղեկավար Զինովիյ Կուզնեցն է, իհարկե, դերակատարման շնորհիվ (Ռոման Մադյանով), ահավոր անմիջական խաբեբա ու անսիրտ մեկը, սրիկայությունն այնքան է նրան բնորոշ, այնքան բնական է, որ կարծես ոչ մի արտառոց բան չի արել, որ տայգայի խորքերում Անգար գետի անմարդաբնակ ափին աքսորականներին կոմենդանտի հետ թողել է՝ սովին ու սառնամանքին, իսկ մի քանի ամիս հետո էլ գալիս, ու միակ նրա զգացումը՝ զարմանքն է, որ նրանք չեն մեռել։ Մեկ էլ առանձնանում է բարոյական որևէ կոդեքսից զուրկ Գորելովի կերպարը, որ էլի դերակատարման շնորհիվ (Դմիտրի Կուլիչկով)։ Այո, ֆիլմի որակը բարձրացնում են դերասնական խաղի լավագույն  երեք օրինակները՝ մունդառ սկեսուրի (Ռոզա Խայլուրինա), հանցագործի ու անսիրտ վերակացուի, ինչքան մունդառ՝ էնքան խաղը հաջողված է, իսկ մյուսները՝ խաղը չի փայլում, նույնիսկ հրաշալի դերասանուհի Չուլպան Խամատովայինը, որ, այսուհանդերձ, իր արտիստական հմայքի շնորհիվ փայլ է տալիս ֆիլմին։

Աքսորականներն էլ, ինչպես պատմություններից հասել է, ինչպես Մահարու «Ծաղկած փշալարեր» վեպում է՝ մտավորականներ, գյուղացիներ և հանցագործ աշխարհ, բոլոր խավերը միասին, նույն վագոններում, նույն աքսորավայրում, նույն ավանն են կառուցում, որ ստանում է Սեմռուկ անունը։

Ինչո՞ւ են կոմունիստները զայրացել, արդյո՞ք ցանկանում են թաքցնել կոմունիզմ կառուցելու այն չհաջողված փորձը, այն դաժանությունները, որ ոչ ոք չիմանա, ու հնարավորություն ունենան կրկին փորձելու։ Մեկ է կրկին չեն փորձելու, իսկ եթե անցյալի ոճիրները չքննեն, չեն կարող կոմունիզմի այլ ճանապարհ տեսնել։

Այդպես է, քաղաքական կուսակցություն լինի թե պետություն, եթե չի խոստովանում իր կատարած ոճիրները, չի ճանաչում իր մեղքը, ուրեմն նրանց ծրագրերում ոչինչ չի փոխվել, և տեղն էկած տեղը պատրաստ են կրկնել նույն ոճիրները։

Մյուս կողմից էլ մի այլ բան կա՝ իրոք, արևմտյան քաղաքական իշխող շրջանակները սովետական անցյալն օգտագործում են Ռուսաստանի դեմ նոր սկսված Սառը պատերազմի մեջ (գումարած այն, որ մի դար անում են՝ Սովետով վախեցնում են հասարակություններին՝ թե տեսեք՝ ինչ կլինի, եթե կապիտալիզմը տապալվի)։

Օրինակ՝ Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների թեման շատ քչերին էր հետաքրքրում, մի գրքույկ գրել էր պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը՝ «37-ը Հայաստանում» ու վերջ։

Մեկ էլ Ռուսաստանի հետ հակամարտության սրման ֆոնին 2010-ականներից արևմտյան ֆոնդերը սկսեցին ֆինանսավորել սովետական անցյալի հետազոտություններ, որոնց շրջանակում Հայաստանում էլ սկսեցին հետազոտություններ արվել։ Այդպես, մարդկային դրաման ու ողբերգությունները դառնում են քաղաքական շահերի գործիք, ընդ որում այնպիսի գործիք, որ կիրառելու արդյունքում կարող են կրկին ողբերգություններ ծնվել։

Ֆիլմում մի ուրիշ հակադրություն էլ կա՝ Զուլեյխայի նկատմամբ նրա ամուսնու բռնի սեքսը, Զուլեյխայի անպաշտպան դեմքի արտահայտությունը, որ ոչ սպասում է, թե երբ կավարտվի, ոչ չի սպասում, ոչ հաճույքի, ոչ տհաճության նշույլ, դեմքը միայն թաքնված վախն է արտահայտում։ Եվ բոլշևիկների ազատ սեքսը, որ բոլշևիկուհուն հեշտանք է տալիս։ Բայց նաև հետհեշտանքյան դժգոհություն, որ տղամարդը իրեն չի սիրում, միայն սեքսի համար է հետը լինում. այ այստեղ է ֆեմինիզմը՝ որ վերջնահաշվում, այսպես թե այնպես, երկու կինն էլ՝ անազատն ու ազատագրվածը շահագործվում են։

Լուսանկարում՝ ֆիլմից կադր

Մեկնաբանություններ (1)

ԻՐԱԶԵԿ
Սակայն հայկական կուլակաթափության վեպը չկա… Ոչ, հարգելի Պարոն Իշխանյան, Կա այդպիսի վեպ, Վլադիմիր Հարությունյանի ԲԱՆԴԻՏՆԵՐ հրաշալի վեպը, որն ութսունական թվականների սկզբին, ՀԱՅՖԻԼՄԸ պիտի նկարահաներ, վեպի հիման վրա սցենար էր գրել Արմեն Զուրաբովը, բայց Գևորգ Հայրյանին փոխարինած մարտնչող գրամոլ, ամբարտավան և հայ մշակույթից հեռու կինոմեմիտեի չինովնիկ նախագահը քմահաճ որոշումով կանգնեցչեց հետագա աշաատանքները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter