HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Տականք հարեւանները», կամ պատմություններ ուրիշի կնոջ մասին (վիդեո)

Կարեն Մամիկոնյանին «Ակումբ»-ում ճանաչում են որպես հեղինակ, ով իր երգերը գրելիս ստեղծագործում է շարքերով: Այդ շարքերից ամենաճանաչվածը «Տականք հարեւաններ»-ն է: Երբ իր համերգներից մեկի ժամանակ առաջին անգամ ասաց` «Տականք հարեւաններ», ամբողջ դահլիճը միանգամից աշխուժացավ: Զգաց, որ այդպիսի մարդ չկա, որ գոնե մի տականք հարեւան չունենա: Հավանաբար, հենց դրանով է պայմանավորված այդ երգերի հաջողությունը:

Կարելի է արդեն ենթադրել, թե ինչպես են արձագանքել հեղինակի հարեւանները նրա այդ շարքի ստեղծագործություններին: Այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ երգերը կատարելուց առաջ տվեց շարքի անունը, Էջմիածնի հարեւանները նեղացան, ասացին` բա մենք տակա՞նք ենք: Իհարկե, դրանից շարքը չտուժեց, այն այսօր էլ շարունակում է զվարճացնել Կարեն Մամիկոնյանի երգերի երկրպագուներին:

«Տականք հարեւաններ»-ից բացի, հեղինակ-կատարողը ունի նաեւ «Մաքուր պոեզիա», «Հոգու առջեւ», «Երազներ», «Իմ քաղաքում ժանտախտ է» երգերի շարքերը: Ինչպես ինքն է ասում, hեղինակային երգ սկսել է գրել նախանձից: 30 տարի առաջ էր. երբ տեսավ, որ ուրիշները երգեր են գրում, մտածեց` կարո՞ղ է ինքն էլ կարողանա: «Սկզբում չէի կարողանում, ախմախ երգեր էին ստացվում, հետո մեկ- մեկ սկսեցի լավ երգեր գրել»:

500-ից ավելի երգերի երաժշտության ու խոսքերի հեղինակ է, բայց գրում է նաեւ պատմվածքներ, զբաղվում է նկարչությամբ, մի խոսքով` ստեղծագործում է, ինչպես ուզում է: Հեղինակային երգն իր հիմնական զբաղմունքը չէ, ինչպես հաճախ կրկնում է` իր հիմնական զբաղմունքը կյանքը վայելելն է: Կարեն Մամիկոնյանը մասնագիտությամբ դեղագործ է եւ անասնաբույժ:

«Մարդիկ կան, որ ժամանակ չունեն ձանձրանալու կամ հավես չունեն, ուղղակի այդ ձանձրույթը պիտի մի բանով փակեն: Դրա համար ինձ մոտ շրջաններ են, եթե ձանձրանում եմ նկարելուց, սկսում եմ երգ գրել, երգ գրելուց եմ ձանձրանում, սկսում եմ բանաստեղծություն գրել, բանաստեղծությունից եմ ձանձրանում, սկսում եմ նորից երգ գրել»,- ասում է նա:

Կարեն Մամիկոնյանի համար դա ոչ այլ ինչ է, եթե ոչ վայելքի տեսակ, կյանքը, մարդկանց վայելելու մի ձեւ: Նա անգամ քաղաքականությունն է վայելում: Հաճախ գրում է նաեւ այդ թեմաներով աֆորիզմներ, օրինակ` ««02»-ը գովազդում է մանր հանցագործներին, «Հայլուրը»` խոշորներին»: Իր աֆորիզմները հումոր անվանողներին հակադարձում է` ասելով, որ ճշմարտությունը հումոր անվանելը գեղեցիկ բան չէ:

«Իհարկե, եթե դու կեղտը չվայելեցիր, լույսը չես կարող վայելել, քեզ մոտ դա թերի կլինի: Դրա համար շատերը սկսում են վայելել լույսը` չտեսնելով, որ ստվեր կա աշխարհում: Ես ուղղակի վայելում եմ: Գալիս են հերթական տականքները, իրենց եմ վայելում, գալիս են հերթական լավ մարդիկ, իրենց եմ վայելում...»,- ասում է նա:

Կարեն Մամիկոնյանի երգերը մեծ մասամբ կենցաղային թեմաներով են: «Ինչը դու ամեն օր անում ես, եթե դրանից կարողանում ես երգ ստեղծել, քեզ մոտ այն զգացումն է առաջանում, որ դու ապրում ես երգի մեջ...»,- նախանձելի թեթեւությամբ ասում է նա: Հեղինակ-կատարողն աշխատում է գրել այն մասին, ինչի մասին ուրիշները չեն էլ մտածում: Օրինակ` եթե գրում է սիրո մասին, որն, ինչպես ինքն է ասում, «ամենաճղճիմ թեման է, քանի որ ով բանուգործ չունի, սիրո մասին է գրում», նա հորինում է պատմություններ ուրիշի կնոջ մասին, ինչը մեր երգարվեստում հազվադեպ է հանդիպում:

«Կարեւորը խոսքն է, ի՞նչ ասացիր, որ ես չէի սպասում, այնպիսի բան, որ ուրիշը չէր ասի: Եթե ուղղակի բառերի տեղերն ես փոխում` ասելով այն, ինչ բոլորն են ասում, դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ շատ շուտ կձանձրացնի, եթե ասելիքը, թեման օրիգինալ չէ»:

Հաճախ հեղինակային երգը բնորոշելիս խոսում են անկեղծության մասին, որը հեղինակային երգի անհրաժեշտ բաղադրիչ է, բայց հեղինակ-կատարող Կարեն Մամիկոնյանի համար դա ամենակարեւորը չէ: Այստեղ եւս նա նախընտրում է օրիգինալությունը. «Անկեղծ խոստովանանքը դեռ դատավճիռը չի փոխում: Ես կուզենայի, որ հեղինակային երգը օրիգինալ լիներ, ոչ թե անկեղծ, եթե դու ասելիք չունես, ինչքան ուզում ես անկեղծ եղիր, ինձ դա չի հետաքրքրում, ինձ չի հուզում քո անկեղծությունը: Այսինքն` անկեղծ բառը շինծու, սարքովի բառ է: Իսկ եթե դու անկեղծ չես, բայց օրիգինալ ես, դա ցնցող է: Ես նախընտրում եմ օրիգինալությունը, մտքի փայլատակումը, պարտադիր չէ, որ դ անկեղծ լինի»,- ասում է նա:

Կարենը փորձում է այնպիսի բան ասել, որ մարդկանց «միտքը շարժի», որ զգան` ինտելեկտ ունեն:»Հեղինակային երգով էլ կարող ես շատ հեշտությամբ բթացնել, եթե ամեն օր լսես: Ու ամենասարսափելին դա կլինի: Մեզ սարքել են անհասկացող ազգ, մենք ուտում ենք` առանց հասկանալու, լսում ենք` առանց հասկանալու, աղոթում ենք` առանց հասկանալու: Այդպես են սովորեցրել»:

Հեղինակը սիրում է ասել, որ իր ամենալավ երգերն ինքը չի գրել, ամեն անգամ համոզվում է դրանում: «Կյանքում ամենալավ բաները կատարվում են «իրենք իրենց»: Արտակարգ երգերը չեն հարցնում, թե դու ինչ ես մտածել, ինչ ես կերել այդ օրը, ում հետ ես շփվել, երգը գալիս է, բռնում է վզիցդ ու ասում` ինձ գրիր: Ինչպես են շանը ոսկոր գցում վերեւից, այդպես էլ տարին մեկ- երկու լավ երգ ոսկորի նման շպրտում են իմ առաջ ու ասում` այ խղճուկ, տես` ինչ կարելի է գրել»,- ասում է նա:

Այս տարվա մարտի 11-ին Կարեն Մամիկոնյանի հեղինակային երեկոն էր, միաժամանակ կայացավ նրա նոր ձայնասկավառակի եւ գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ ցուցահանդեսի բացումը: Կարեն Մամիկոնյանը մեր զրույցի ընթացքում անընդհատ պնդում էր իր այն համոզմունքը, որ ամենալավ բաները կատարվում են «իրենք իրենց»: Մեր խոսակցության կեսից ես արդեն համոզվեցի, որ իր կյանքում իսկապես այդպես է: Օրինակ` նրա դեռեւս միակ ձայնասկավառակը հենց այդպես էլ ձայնագրվել է` ինքն իրեն: Մի մարդ, ով մեկ-երկու անգամ ներկա էր գտնվել «Ակումբի» ուրբաթօրյա հեղինակային երգի երեկոներին եւ լսել էր Կարենի երգերը, մի անգամ մոտեցել է նրան եւ ասել` «ես քո դիսկը ուզում եմ», ինչին ի պատասխան` հեղինակը, իրեն հատուկ հումորով, պատասխանել, թե ինքն էլ է ուզում: Բարդերի համերգին եկած մարդը զարմանքով հարցրել է` ինչու՞, Կարենն էլ պատասխանել է` որովհետեւ չկա: Հենց այդ մարդն էլ ստանձնել է ալբոմի ձայնագրման ֆինանսավորումը, եւ շատ չանցած` լույս է տեսել Կարեն Մամիկոնյանի «Հնարավոր է» ձայնասկավառակը:

Ալբոմում տեղ են գտել երգեր տարբեր շարքերից, բայց առանցքում «Տականք հարեւաններ» շարքն է: Ընդգրկված են նաեւ Ինգա Բեգլարյանի հետ կատարված զուգերգերը, Ժակ Բրելի խոսքերի հիման վրա գրված մի երգ: Իսկ գրքում հեղինակի աֆորիզմներն են ու բանաստեղծությունները: Գիրքը վերնագրել է «Երեւակայության ինքնուսույց»: Կարեն Մամիկոնյանի խոսքերով` ամենաճղճիմ մարդն էլ եթե վերցնի, մի քիչ ուշադիր կարդա, հնարավոր է` նրա երեւակայությունը բավականին պայծառանա:

«Երբ պառկում եմ կողքդ քնելու, աշխատում եմ շատ չաղմկել երազներումս, որ դու չարթնանաս»:

Հեղինակային երգը պոեզիա է, եթե պոեզիա չկա երգի մեջ, ուրեմն դա հեղինակային երգ չէ: Սակայն որոշ ստեղծագործությունների համար երաժշտություն է գրվում, որոշները ծնվում են որպես բանաստեղծություն եւ գրքի տեսքով են լույս տեսնում: Դրանք «ավելորդ բանի»` երաժշտության կարիք չունեն, քանի որ ամեն ինչ պարզ է, հասկանալի: «Եթե խոսքդ կաղում է, այդ ժամանակ դրան երաժշտություն ես կպցնում, որ ավելի հեշտ կերցնես: Դա արվում է հիմնականում աղբը կերցնելու համար»,- ասում է նա:

Կարեն Մամիկոնյանի խոսքերով` իր երգերից շատերն այսօրվա սերունդը չի հասկանա, քանի որ եթե ասի` դատարկ խանութ, հերթեր, գուցե չհասկանան` ինչի մասին է խոսքը: Հիմա եթե գրելու լինի, արդեն լեցուն խանութների մասին կգրի, մարդկանցով լցված մենակության մասին:

«Երգեր կան, որ ժամանակն անցնում է` արդեն անհասկանալի են: Դրանք միանվագ երգեր են, մեկանգամյա օգտագործման համար են: Կան երգեր, որոնց հետ ես համաձայն չեմ, ես գրում եմ, բայց այդպես չեմ մտածում: Երգը երբ գալիս է, չի հարցնում` այսօր ի՞նչ թեմայով գրենք: Գալիս է, ասում է` այ, ես սա եմ»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, նա չի ժխտում, որ իրենից հաճախ նույն երգերն են պահանջում, արդեն սիրված երգերը: «Մեր ժամանակակիցների ուղեղն ուզում է ծանոթ բան տեսնել, սուրճի մեջ իրեն ինչ-որ բռնվելու տեղ է ման գալիս, նույնը երգերի մեջ, բռնվելու տեղ է փնտրում, նոր բան չի ուզում լսել: Լույսը ցույց տալուց հետո էլի սկսում են բողոքել` էս ի՞նչ է, ի՞նչ ախմախ երկիր է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter