HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը դատարանում պարտվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին հրապարակվեց «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի դեմ նույն համալսարանի նախկին 12 դասախոսի գործով վճիռը։

12 դասախոսի պահանջները բավարարվեցին. նրանց վերակագնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում զբաղեցրած նախկին պաշտոններում, հիմնադրամից հօգուտ այդ դասախոսների բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։

Կարճվեց միայն Աննա Ավետիսյանի հայցը։ Նա դատարան դիմած 13-րդ դասախոսն էր, ով հետագայում հայցից հրաժարվել էր։ Ըստ մյուս դասախոսների՝ նա որոշակի կախում ուներ բուհից և հետագայում համաձայնության է եկել բուհի ղեկավարության հետ։

Միայն չվճարված արձակուրդայինների համար հիմնադրամից հօգուտ 12 դասախոսի կբռնգանձվի մոտ 4 մլն 159 հազար դրամ։

Դատարանում դասախոսների շահերը պաշտպանում էր փաստաբան Անահիտ Հակոբյանը, ով միաժամանակ հայցվորներից մեկն է:

Դատարանում Հայաստանում ֆրանսիական համալսարանի շահերը ներկայացնող Հրանտ Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալուց։

Հիշեցնենք՝ 2010 թ. հուլիսին համալսարանի 29 դասախոս ծանուցում էր ստացել աշխատանքից ազատվելու մասին՝ աշխատանքային պայմանագրերի ժամկետն ավարտվելու և որակական չափանիշներին չհամապատասխանելու հիմնավորմամբ։ Սակայն վերջին կետը չի նշվել հիմնադրամի հայցադիմում-պատասխանում։ Իսկ արդեն օգոստոսին դասախոսները դիմել էին դատարան։

Անահիտ Հակոբյանի խոսքերով՝ մյուս դասախոսները չեն դիմել դատարան, որովհետև նրանց մի մասն աշխատում է պետական մարմիններում, իսկ «մյուսներն ունեն իրենց պատճառները»։

Այս առիթով այսօր դասախոսները «Արմատ» ակումբում հրավիրել էին մամուլի ասուլիս։

«Ի սկզբանե համալսարանը թույլ է տվել օրենքների խախտումներ։ Ես այնպիսի տպավորություն ունեի, որ նրանք էլ չգիտեին՝ ինչ են ուզում»,- ասաց Մարատ Ատովմյանը, որը նույնպես հայցվորների թվում էր։

Ըստ ծանուցումների՝ նրանց տրվել է արձակուրդ հուլիսի 1-ից օգոստոսի 2-ը, սակայն հիմնադրամի հավաստիացմամբ՝ դասախոսներին տրվել է 48 օրվա արձակուրդ։

«Դատարանի վճռով հաստատվեց, որ համալսարանի հաշվապահությունում կան պրոբլեմներ, որ չի կատարվել օրենքը, ժամանակին չեն վճարվել արձակուրդային գումարները և դրա հետ կապված պետական պարտականությունները։ Սա դեռ 12 դասախոսի հաշվարկով, իսկ համալսարանում կա ավելի քան 100 աշխատող, և հաշվարկի դեպքում կտեսնեք, թե որքան գումար չի մուծվել պետական բյուջե, և որքան մարդիկ ժամանակին չեն ստացել իրենց աշխատած գումարները»,- հավելեց Մարատ Ատովմյանը։

Աշխատանքից ազատված դասախոսների մեծ մասը համալսարանում աշխատել է գրեթե հիմնադրման օրվանից։ Ըստ ֆրանսերենի դասախոս Նարինե Կախտիևայի՝ համալսարանը եղել է իրենց տունը, սակայն ղեկավարության կազմի փոփոխությունից հետո այնտեղ շատ բան է փոխվել. աշխատանքից ազատվել են մի շարք այլ դասախոսներ, կրճատվել են դասաժամերը, Ֆրանսիա պրակտիկայի մեկնող հայ ուսանողների թիվը, Ֆրանսիայից Հայաստան ժամանող ֆրանսիացի մասնագետների թիվը և այլն։

Իսկ համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին վարիչ Գայանե Հակոբյանի խոսքերով՝ ռեկտորը թերացել էր թերթել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, որում կարող էր կարդալ իրենց որոշման սխալ լինելը, իսկ նրա «արբանյակները»՝ Արայիկ Նավոյանը և Վաղարշակ Մեյրոյանը, չպետք է ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին դրդեին նման քայլի։

«Համալսարանը միայն խոսեց՝ ոչինչ չհիմնավորելով, մենք մեր վարքագծով, արդյունքներով ապացուցեցինք՝ ով է պրոֆեսիոնալ և ով ոչ»,- նշեց Անահիտ Հակոբյանը։

Ըստ Ատովմյանի՝ սա շատ լավ օրինակ է, որ մարդիկ տեսնեն, որ ՀՀ-ում դատարաններում կարելի է հասնել արդարության։ Սակայն, միեւնույն է, դասախոսները համոզված չեն, որ կվերադառնան իրենց նախկին աշխատանքին, քանի որ, ըստ նրանց, դժվար է աշխատել նման ղեկավարություն ունեցող համալսարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter