HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տողի տարեգիրը

Եթե քո արմատները տանում են Տող, կամ թեկուզ ինչ-որ չափով առնչվում են Տողին, դու կարող ես վստահ լինել, որ տեղ ես գտել Պետրոս Ղահրիյանի գրքում: Պետրոս դային Տողի տարեգիրն է, ամենահարգված մարդկանցից մեկը: Նրա խոսքը Տողում չի քննարկվում: «Թա վեր Պետրոս դային ա ասալ, դյուզ ա»,- ինձ Պետրոս Դայու տուն ուղեկցելիս ասում է Տողի գյուղապետարանի աշխատակից Վահե Սահակյանը:

Վահեն Պետրոս դայու գրքում հայտնվել է 2001-ին, երբ Երեւանում սովորելուց հետո կրկին վերադարձել է Տող' հայրական տուն: Ասում է, թե վերջին տարիների ընթացքում շատերն են փորձել տողեցի ներկայանալ. «Տարալ անք Պետրոս դայուն կոշտը, եշալ ա-տեսալ, վեր մեր շենան չեն»:

Երբ գյուղացիներն ինչ-որ հարցի շուրջ վիճում են, լուծման վերջին ատյանը Պետրոս դայու խոսքն է: Պետրոս դային ոչ միայն գյուղի ամենակրթված մարդն է, այլեւ' ժամանակին կանանց շրջանում ամենամեծ հաջողություն ունեցած տղամարդը, բայց առայժմ հասցրել է նրանցից ընդամենը երկուսին երջանկացնել:

Պետրոս Ղահրիյանի գիրքը սկսվում է հենց այդ երկու կանանց լուսանկարներով եւ իր կենսագրությամբ: Կանանց մասին պատմելիս միշտ մի լուսանկար է ցույց տալիս եւ ասում. «Սա իմ դասարանի նկարն է: Այս աղջիկն իսկապես գեղեցկուհի էր, իմ առաջին սերն էր, բայց չստացվեց»: Տողի պատմությունը Պետրոս դային սկսել է գրել 1970 թվականից, մինչ այդ գրի է առել մեծերից լսած պատմությունները:

«1970-ին համեմատաբար ազատ ժամանակ ունեի եւ որոշեցի գրի առածներս ամփոփել մի ընդհանուր գրքույկում: Ես հո հավերժ չեմ ապրելու, որ գյուղացիներն այս կամ այն տեղեկությունը ճշտելու համար ինձ դիմեն»,- ասում է Պետրոս դային:

Պետրոս դայու գրքում ոչ միայն Տողի պատմությունն է, այլեւ արձանագրված է, թե որ թվականին գյուղում քանի հայ եւ ադրբեջանցի են ապրել, նրանցից յուրաքանչյուրը քանի երեխա է ունեցել, ում հետ է ամուսնացել, երբ, որքան ժամանակով եւ ինչ նպատակով է գյուղից հեռացել, վերադարձել է, թե' ոչ եւ այլն:

Տողի տարեգրի ասելով' գյուղում ապրող ադրբեջանցիները ընդօրինակում էին հայերի սովորույթները, փորձում էին նույն կենցաղով ապրել, լավ հարաբերություններ ստեղծել, բայց վստահության հարցը միշտ կար. «Ես հինգ տարեկան էի, երբ Ֆիզուլի տանող ճանապարհին թուրքերը հարձակվեցին իմ եւ մորս վրա: Ինձ մորս ձեռքից վերցրեցին մի կողմ շպրտեցին եւ մեր ձեռքից խլեցին ինչ ունեինք»:

Պետրոս Ղահրիյանը 80 տարեկան է: 1966 թվականից Տողի կոլտնտեսության նախագահն է եղել եւ ոչ մի կերպ չի հասկանում ու չի համակերպվում ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ. «Այդ տարիներին գյուղը խմելու կամ ոռոգման ջրի, աշխատատեղի խնդիր չի ունեցել: Այսօր հողը բաժանել են գյուղացուն ու մի կողմ քաշվել: Ժամանակին ով հասցրել է, կոմբայն ու տրակտոր է ձեռք բերել, իսկ հիմա, երբ մյուս գյուղացիները նրանցից տեխնիկա են խնդրում, որ հողը վարեն, ասում են՝ ժամանակ չկա, զբաղված ենք: Բա տենց բան են անու՞մ: Փոխանակ էնպես անեն, որ պետությունը հարստանա, մի քանիսին են հարստացնում»,- ասում է Տողի տարեգիրը:

Ու թեեւ սովետական ժամանակաշրջանի տնտեսական կառույցի ղեկավար է եղել, նա շատ նորմալ է վերաբերվում սեփականատիրությանն ու ազատ շուկային, բայց' որոշ վերապահումներով։ Պատմում է, որ ժամանակին ավելի արդյունավետ կառավարելու համար Տողի տնտեսությանն են միացրել եւս վեց գյուղի տնտեսություն. «Մի տնտեսություն էր, համայնքների ղեկավարներն էին տարբեր»։ Նա գտնում է, որ հիմա էլ, երբ ամեն մարդ ունի իր սեփական հողը, կարելի է կառավարման նման մեխանիզմ մտածել ու ներդնել։ «Եթե առաջ մի ամբողջ գյուղի համար էր դժվար միայնակ հող մշակելը, պատկերացնո՞ւմ եք, թե մի առանձին մարդու համար որքան դժվար կլինի»,- հարցնում է յոթ տնտեսության նախկին ղեկավարը։

Տողի երիտասարդության մասին խոսելիս միշտ խորը շունչ է քաշում. «Պա ստի պեն կինի՞: էս մի օրիշ աղետ ա»: Պետրոս դայու գրքում նշված է մոտ 30 երիտասարդի անուն, որոնք, իր կարծիքով, արդեն պետք է ամուսնացած լինեին. «Ասում են' մեր հերը թոշակ ա ստանում, մեզ պահում, գնանք աղջիկ բերենք, նրան ինչո՞վ պահենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter