HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութի վերածննդի մեկնարկը

«Պատերազմի ընթացքում մենք ձեռք ենք բերել մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը եւ պետք է կարողանանք պահպանել այն»,- ասում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը։

Շատ ավելի հեշտ է հաղթանակի հասնել պատերազմում, քան հետո այդ հաղթանակը վերածել կայունության ու զարգացման, առավել եւս Ղարաբաղում, որտեղ հաղթանակը դեռ չի ազդարարել պատերազմի ավարտը։ Առօրյա կյանքում ավելի մեծ խիզախություն է պետք, քանի որ ապրելիս ամեն վայրկյան ստիպված ես հաշվի նստել պատերազմի ահավոր հետեւանքների հետ։

Ղարաբաղի բանակի հրամանատարն ասում է, թե Արցախյան ազատամարտի հաջողությունը Ղարաբաղի ժողովրդի, Մայր Հայաստանի եւ ամբողջ սփյուռքի համախումբ աջակցությամբ էր պայմանավորված։ «Հիմա դարձյալ պետք է համախմբվենք, պահպանենք մեր ձեռքբերումները եւ առաջ շարժվենք»,-ասում է Ս. Օհանյանը:

Պարոն Օհանյանի կարծիքով' շատ կարեւոր է Ղարաբաղի սահմանային շրջանների զարգացումը: Անցյալ տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնից գոյացած միջոցներն ուղղվել են Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այս տարի պետք է օգնել Հադրութին:

Հրամանատարը հիշեցնում է, որ պատերազմի սկզբում գլխավոր թիրախը եղել է Հադրութը։ «Ադրբեջանցիներն իրենց հարվածներն ուղղում էին դեպի Հադրութ: Այսօր մենք պարտավոր ենք զարգացնել ու ծաղկեցնել Հադրութը: Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կռվով ձեռք բերվածը պահպանում ենք խաղաղ աշխատանքով»։

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Պաշտպանական բանակի պատրաստվածությունն այսօր բավական բարձր է: Իսկ ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին նախարարն այսպես է պատասխանում. «Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ մեզանից ավելի ուժեղ է, ինչպես ինքն է հայտարարում, ապա անպայման կվերսկսեր մարտական գործողությունները: Այսօրվա խաղաղությունը մենք կարողանում ենք պահպանել ուժերի հավասարակշռության շնորհիվ: Բնակչության, բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի առումով մենք զիջում ենք Ադրբեջանին, սակայն ուժերի հավասարակշռությունը պահպանում ենք առաջնային գծի ամրությամբ, սարքավորումների կատարելագործմամբ, բանակի մարտունակությամբ եւ կարգապահությամբ»:

Սեյրան Օհանյանը հպարտությամբ է նշում, որ պարտադիր զինվորական ծառայություն ունեցող երկրների շարքում ԼՂՀ-ն այսօր այն եզակի պետություններից է, որտեղ զինծառայությունից խուսափողներ չկան. «Շարքային քաղաքացու երեխայից մինչեւ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի երեխան գիտեն, որ պետք է ծառայեն իրենց հայրենիքին»:

Հրամանատարի կարծիքով' ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործում փոխզիջումների հարցն ամենավերջին տեղում է: «Մեզ պետք է, որ աշխարհը ԼՂՀ-ն ընդունի ու ճանաչի իբրեւ ինքնորոշված եւ անկախ պետություն, որպեսզի մենք ամբողջ թիկունքով կապ ունենանք Մայր Հայաստանի հետ»:

Ե՛վ պատերազմի ընթացքում, եւ՛ հետո Ղարաբաղի ժողովուրդը շատ դժվարություններ է տեսել, բայց երբեք չի ունեցել լքվածության ու միայնության զգացում. Հայաստանի եւ Սփյուռքի հայությունը մշտապես ներկա է եղել Արցախում բարոյական ու նյութական ծանրակշիռ օժանդակությամբ։ «Նրանց շնորհիվ էր նաեւ, որ մենք կարողացանք հաղթանակել պատերազմում եւ զարգացնել մեր երկիրը: Սփյուռքահայերի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք ճանապարհային ցանց կառուցել, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ հնարավորություն է տալիս երկրի բոլոր շրջանները կապել միմյանց»,- ասում է բանակի հրամանատարն ու միաժամանակ շնորհակալություն հայտնում օգնության համար։

Պարոն Օհանյանը վստահեցնում է, որ բանակն ամեն ինչ անում է երկրի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար, սակայն երկիրը պահողը ժողովուրդն է՝ աշխատավոր մարդը, հատկապես երիտասարդությունը, որը պատերազմում իր պարտքը կատարելուց հետո կանգնած է սոցիալական ու տնտեսական բազմաթիվ խնդիրների առջեւ։ «Այսօր Արցախում մենք աշխատատեղերի խնդիր ունենք մեր երիտասարդների ապագան վերջնականապես Արցախի հետ կապելու համար: Այս հարցում ակնկալում ենք համայն հայության աջակցությունը»,- ասում է հրամանատարը՝ համոզված, որ 2006-ի հեռուստամարաթոնը դառնալու է Հադրութի վերածննդի մեկնարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter