HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի վերահսկողական ծառայությանն էլ բանի տեղ դնող չկա

Անպաշտպան ենք նաև կենսաահաբեկչությունից  

Հայաստանյան շատ խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ և արտադրողներ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ վերջին շրջանում շարունակում են իրացնել անորակ, պատշաճ չմակնշված, սպառողներին մոլորության մեջ գցող, ժամկետանց ու ոչ միայն այդ պատճառով վտանգավոր սննդամթերքներ:

Վերոնշյալի մասին են վկայում ինչպես մեր անձնական դիտարկումները, ԶԼՄ-ների հրապարակումները, այնպես էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած բացահայտումները Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք խանութներում, սփրեդը կարագի տեղ իրացրած «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ», «Արդիս», կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ու լուրջ խախտումներ կատարած «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա», «Թամարա և Անի» ընկերություններում: Սակայն, չնայած այս տագնապալի իրավիճակին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) հիշյալ խախտումների բացահայտման առումով գրեթե անգործության է մատնված:

Ինչպես տեղեկացանք ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն  Պիպոյանից, ծառայությունը 2011թ. վերջին եռամսյակում և այս տարվա առաջին 2 ամսում սննդամթերքի անվտանգության, որակի հետ կապված որևէ խախտում ստուգումների շրջանակում չի հայտնաբերել, բացի «Արաքս» ընկերությունում բազմաթիվ ապրանքների սխալ մակնշումից և ձվի մելանժում եղած խախտումից, որն իրացման չի հանվել շուկա:

Ավելին՝ աշխարհն այսօր տագնապած է կենսաահաբեկչությունից, բայց երբ ծառայությունը հաճախ կոպիտ խախտումներն էլ անտեսում կամ չի բացահայտում, որևէ մեկը չի կարող ասել, թե մեր ժողովրդի նկատմամբ կենսաահաբեկչություն իրականացվո՞ւմ  է, թե՞ ոչ: Կարճ ասած` անվտանգության երաշխիք չկա: Նույնիսկ 2011թ. հունիսին ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Չգիտենք` գործնական քայլերի մղող այս խոստովանությա՞ն, ԳՈւՄ-ի շուկայի հարևանությամբ գործող, զորեղ հովանավոր ունեցող մսի վաճառակետերի անօրինական ու խայտառակ գործունեության դեմ արշավ սկսելո՞ւ, թե մեկ այլ պատճառով նա երկար չպաշտոնավարեց: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակումից ընդամենը 3 ամիս անց (հուլիսի 12-ին) Գ. Գրիգորյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Ինչ նշանակություն ունի սննդամթերքի անվտանգությունը իշխանությունների համար

Նույն վարչապետը 2011թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում ասել է, թե «Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն…»: Ժողովրդի համար` այո, իսկ իշխանությունների՞…  Եթե իշխանությունների համար որևէ նշանակություն ունի էլ, ապա թերևս միայն հետևյալ առումով.

«Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին, որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները»,- վերը մեջբերված խոսքից ընդամենը մի քանի բառ հետո ասել է Տ. Սարգսյանը` լուսավորելով միամիտներին:

Ի՞նչ է` ՀՀ վարչապետի համար կարևորը արտահանվող սննդամթերքի որակը և եվրոպական շուկաների ճանապարհների բացո՞ւմն է, իսկ հայաստանյան սպառողների շահե՞րը, անվտանգությո՞ւնը… Եթե կարևոր են նաև վերջինները, ապա ստորև բերվող փաստերի համար պետք է պատասխան տալ:

Ծառայության` գրեթե անգործության մատնված լինելու պատճառները տարբեր են. սրտացավության բացակայություն, շահագրգռվածության պակաս, օրենսդրական  խոչընդոտ, եթե չասենք կոռուպցիա, ապա երկչոտություն, խոշոր ընկերություններում կամ օլիգարխների մոտ խախտումներ հայտնաբերելուց և անցավ գլուխը ցավի տակ դնելուց խուսափում, կադրային և տեխնիկական ներուժի անբավարարություն: Այնուամենայնիվ,  ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ կադրերի ու տեխնիկական միջոցների առկա քանակն  էլ բավարար էր, որ ստուգումներով հայտնաբերված խախտումները եղածից անհամեմատ շատ լինեին:

Հետընթաց` առաջընթացի փոխարեն

Դեռևս 2009թ., ըստ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության, Հայաստանում սննդի հետ կապված ու ստուգման ենթակա օբյեկտների քանակը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 10-12 հազար: Վերահսկողական ծառայությունն իր «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունում կատարված ուսումնասիրությունների մասին» 2009թ. տեղեկանքում արձանագրել է նաև, որ հիշյալ տեսչությունը (ներկայիս ծառայությունը նշված տեսչության իրավահաջորդն է) սննդի անվտանգության մասով կանգնել է լուրջ խնդիրների առջև: Մեջբերում վերահսկողական ծառայության տեղեկանքից.

«Նախկին կառուցվածքով գործող 11 մարզային կենտրոններում անասնաբուժական ծառայության 7-8 հոգանոց բաժիններին լրացուցիչ ավելացվել են սննդի անվտանգության 3-4 հոգանոց բաժիններ, որոնք ոչ լիարժեք են իրականացնում  իրենց վրա դրված կարևորագույն պարտավորությունները… Սննդի մասնագետներն ամեն մարզում մեկ կամ, լավագույն դեպքում, երկուսն են» (ընդգծումը` մերը):

Այն, որ նշված բաժինների մյուս աշխատակիցները մասնագետներ չեն եղել, հստակ նշված է նույն տեղեկանքում: Հասկանալի է, որ խնդիրն եղել է ոչ մասնագետներին մասնագետներով փոխարինելը ու մասնագետների բավարար քանակ ունենալը, որպեսզի ծառայությունը լիարժեք կատարի իր կարևորագույն պարտականությունները: Իսկ ի՞նչ է կատարվել դրան հաջորդած 2-3 տարում: Ծառայությունից մեր ստացած պատասխանից պարզ է դառնում, որ ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտի ստորաբաժանումներն ազատվել են ոչ մասնագետներից, «բոլորն էլ սննդի ոլորտի մասնագետներ են», 30.12.2011թ. դրությամբ աշխատում են 33 հոգի:

Սակայն, դատելով ամենից, այդ ստորաբաժանումներում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողությամբ զբաղվող աշխատողների ընդհանուր քանակն ավելացնելու փոխարեն, մի բան էլ նվազեցվել է. եթե 2008թ. մարզային կառույցների սննդի բաժիններում 53 տեսուչ է աշխատել, ապա հիշյալ ստորաբաժանումներում անցյալ տարեվերջին ընդամենը` 33, երբ նույնիսկ 53-ը (այսինքն` ամեն մի մարզում և Երևանում սննդի ոլորտի 5-ական մասնագետը) ծով խախտումների ու խնդիրների առկայության պարագայում միանշանակ անբավարար են: Թերևս բավական է նշել միայն այն փաստը, որ, ըստ մեր ստացած պատասխանի, ծառայության աշխատակազմի Սյունիքի և Կոտայքի մարզային կենտրոններում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում այս տարվա սկզբի դրությամբ աշխատում են ընդամենը մեկական հոգի, Շիրակի և բոլոր մյուս մարզային կենտրոններում` ընդամենը 2-ական, և միայն Երևանի կենտրոնում` 10 հոգի, ինչը նույնպես, մեր կարծիքով, մայրաքաղաքի համար անբավարար է:

Անբավարար է նաև տրանսպորտային միջոցների քանակը. եթե 2008-2009թթ. տեսչություններն ապահովված են եղել շուրջ 35 ավտոմեքենայով, ապա 2011թ. ծառայությանը յուրաքանչյուր մարզում ամրակցված է եղել 1-ական ավտոմեքենա: Այնուամենայնիվ, տրանսպորտային միջոցների այդ քանակությունն էլ լիովին բավարար էր, որպեսզի չարձանագրվեին 2011թ. կատարված ստուգումների  խայտառակ քանակական ցուցանիշները:

Մեջբերում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2009թ. տեղեկանքից. «Տեսուչները հիմնականում գործում են մարզկենտրոններում, շատ քիչ` փոքր քաղաքներում (Արթիկ, Սպիտակ, Ալավերդի և այլն), իսկ մնացած բնակավայրերը տեսադաշտից համարյա դուրս են, չնայած` տեսչությունները ապահովված են և տրանսպորտով (մոտ 35 մեքենա), և բենզինով (ամսական 220լ)»:

Ի՞նչ է փոխվել դրան հաջորդած 2 տարում: Եթե 2008թ. Տավուշի մարզում ստուգում չի կատարվել օգոստոսին, ապա հիշյալ տեսչության իրավահաջորդ ծառայությունն ամբողջ 2011թ. ընթացքում Տավուշի մարզը ստուգումների առումով ընդհանրապես դուրս է թողել վերահսկողությունից: Բացառությամբ Երևան-Մեղրի մայրուղում գտնվող «ԽՈՍՊ» ՍՊԸ-ի հանրային սննդի մի օբյեկտի, ամբողջ Արարատի մարզում նույնպես ստուգում չի կատարել: Շիրակի մարզում մեկական ստուգում կատարել է միայն Գյումրիում և Ազատան, Մաստարա համայնքներում: Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, մարզկենտրոն Արմավիր և Եղեգնաձոր քաղաքներից բացի, որևէ այլ համայնքում ստուգում չի կատարել: Հանրապետության 3-րդ քաղաք, Լոռու մարզկենտրոն Վանաձորում որևէ ստուգում չի կատարել, այդ մարզի միայն Տաշիր քաղաքում է մեկ ստուգում կատարել: Գեղարքունիքի և Արագածոտնի մարզկենտրոններում նույնպես ստուգումներ չեն կատարվել, Արագածոտնի մարզում մեկական ստուգում կատարվել է միայն Ագարակ, Արենի, Թալին համայնքներում, իսկ Գեղարքունիքում միայն` Ակունք համայնքում: Կոտայքի մարզում ստուգումներ կատարվել են միայն Հրազդան և Աբովյան քաղաքներում, Զովունի, Զովք, Առինջ համայնքներում, իսկ Սյունիքի մարզում միայն` Ծղուկ, Քարաշեն, Սյունիք գյուղական համայնքներում:

Եթե 2008-2009թթ. տեսուչները հիմնականում գործել են մարզկենտրոններում, իսկ մնացած բնակավայրերը տեսադաշտից գրեթե դուրս են մնացել, ապա վերոնշյալ տեղեկություններից ակնհայտ է, որ 2011թ. մարզկենտրոնների հիմնական մասն էլ է (10-ից 6-ը) տեսադաշտից դուրս մնացել: Հիշյալ ծառայությունը 2011թ. ընթացքում ամբողջ հանրապետությունում իրականացրել է ընդամենը 76 ստուգում, որից 53-ը` Երևանում: Այսինքն` հանրապետության տասը մարզում ընդամենը 23 ստուգում է կատարվել, յուրաքանչյուր մարզում միջինը տարեկան 2.3 ստուգում կամ 5 ամսվա ընթացքում մեկ ստուգում:

Եվ սա` այն դեպքում, երբ 2008թ. յուրաքանչյուր ամիս ստուգվող օբյեկտների թիվ մարզերում կազմել է միջինը 4-6, եթե Երևանի ցուցանիշներն էլ հաշվենք, 2008թ. միայն առաջին 10 ամսում 893 ստուգում է կատարվել: 2007- 01.12.2008թ. ընթացքում ստուգումների թիվը կազմել է 2777, որոնցից 2542-ի արդյունքում նշանակվել են տուգանքներ, 98 գործ ուղարկվել է դատարան: 2009թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել են 1157 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 1096-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ: Այսինքն` նախկինում ստուգումները տարեկան 2000-ից, 1000-ից գերազանցել են, ու դրանցից գրեթե բոլորի դեպքում խախտումներ են արձանագրվել, հետևաբար հսկայաքանակ խախտումներ եղել են նաև հետագա տարիներին, որոնք չեն արձանագրվել, տուգանքներ չեն նշանակվել սոսկ այն պատճառով, որ ստուգումներ գրեթե չեն կատարվել: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումների նույնիսկ վերոնշյալ քանակն է իրավացիորեն քիչ համարել:

«Աշխատանքի ճիշտ կազմակերպման և մասնագետների առկայության դեպքում կարելի է ստուգումների քանակը հասցնել ամսեկան 500-ի, իսկ տարեկան` 4-5 հազարի,- նշված է վերահսկողական ծառայության հիշյալ տեղեկանքում:- Անհնար է հաշվել, ասենք, Լոռու 6 կամ Կոտայքի 4 տեսուչների աշխատանքի արդյունավետությունը ամսեկան 2 կամ 4 օբյեկտ ստուգելու դեպքում»:

Անժխտելի է, որ առաջընթացի փոխարեն, առկա է բարեփոխումների և վերակազմավորման անվան տակ կատարված խայտառակ հետընթաց: Ավելին. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունները, արձանագրումները, դիտողությունները փաստորեն ինքնանպատակ են դառնում: Մեր երկրում, որտեղ գյուղատնտեսության նախարարն ու ծառայության պետն իրենց պաշտոններում են նշանակվել կուսակցական պատկանելությունից ելնելով, նույնիսկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը բանի տեղ դնող չկա: Հավանաբար հաշվարկել են նաև, որ վերահսկողական ծառայությունը հետևողական չի լինի ու չի անդրադառնա իր հիշյալ ուսումնասիրության արդյունքում կատարած արձանագրումներին, և չեն սխալվել…

Գրեթե անտեր վիճակ

Ընդգծենք, որ 2011թ. կատարված 76 ստուգումից 36-ը վերաբերել են մսի վաճառքի կետերին և մսամթերքի արտադրությանը, 23-ը` պանրի և այլ կաթնամթերքների արտադրությանը, այսինքն` միայն 17 ստուգում է, որ վերաբերվել են այլ սննդամթերքներին և հանրային սննդին: Ամբողջ նախորդ տարվա ընթացքում արտադրական գործունեությունն արգելելու մասին ընդամենը 3 կարգադրագիր է տրվել, դրանք կապված են եղել միայն կաթնամթերքի և հացի արտադրության հետ: Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, շոկոլադեղենի, թխվածքեղենի և այլ սննդամթերքների արտադրության հետ կապված որևէ ստուգում չի կատարվել: Մինչդեռ տվյալ սննդամթերքները նույնպես պետք է համարվեին ռիսկային և առաջնահերթորեն ստուգման ենթակա` նկատի ունենալով ոչ վաղ անցյալի բացահայտումները և ԶԼՄ-ների հրապարակումները:

Ավելին. բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներով արտադրվող և իրացվող հաց հանապազօրյայի հետ կապված` ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 2 ստուգում է կատարվել (այն էլ միայն` Երևանում), և երկու դեպքում էլ հայտնաբերվել են լուրջ խախտումներ` անվտանգության ցուցանիշներից լաբորատորիայով պարզված շեղումներ, սանիտարահիգենիկ պայմանների խախտումներ, թերի մակնշում, փաստաթղթային թերություններ (հացի արտադրությամբ զբաղվող «Վիպ Մեսենջեր» ՍՊԸ, ք. Երևան, Մոլդովական 11/3), սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, փաստաթղթային թերություններ (հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Արտավազդ Խաչատրյան, ք. Երևան, Սարի թաղի 9-րդ շարք, թիվ 166 տուն):

Ծառայությունից շուրջ մեկ ամիս հետո էլ չպատասխանեցին մեր գրավոր հարցմանը` ծառայությունը 2011թ. որոշակի ի՞նչ սննդամթերքներ է ուղարկել փորձաքննության: Անպատասխան են թողնվել նաև մեր հարցաշարի հետևյալ հարցերը` եթե այլ բնակավայրերում տեսչական, վերահսկողական գործառույթ չի իրականացվել, ապա ի՞նչ պատճառով, Հայաստանում սննդամթերքի անվտանգության գծով ստուգումներից քանի՞սն են կատարվել 2011թ. հուլիսի 13-ից հետո: Հատկապես վերջին երկու հարցին չպատասխանելու մեջ որոշակի միտում ենք տեսնում:

Ընդգծենք, որ ծառայության ներկայիս ղեկավար Աբրամ Բախչագուլյանը հենց 2011թ. հուլիսի 13-ից է զբաղեցրել ծառայության պետի պաշտոնը: Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն, որոնք ճշտելու համար էլ դիմել էինք ծառայություն, Ա. Բախչագուլյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ստուգումները վերոնշյալ 76-ի շատ փոքր մասն են կազմում, բնականաբար, չնչին են նաև ստուգումներով հայտնաբերված խախտումները: Միանգամայն ենթադրելի է, որ չպատասխանելով տվյալ հարցին, ծառայությունը պարզապես խուսափել է խայտառակ ցուցանիշների հրապարակումից: Բոլոր դեպքերում` իզուր: Մենք հրապարակայնորեն կրկնում ենք վերը բերված հարցերը, և հետևողական ենք լինելու այդ և չպատասխանված այլ հարցերի պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստանալու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter