HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեզմանը կլուծի խնդիրները

«Միայն հավատ լինի, կիրառման առարկան կգտնվի»,- ասել է Վալենտին Դոմիլը: Քրդական Ռյա Թազա գյուղի բնակիչները երկուսից էլ բավարար քանակով ունեն: Ամենակայուն հավատն այստեղ, թերեւս, Դայկա Շիրոյի (մայր կաթ) հրաշագործ ուժի հանդեպ հավատն է:

Առասպելն ասում է, որ 200 տարի առաջ Ռյա Թազայում ապրել է շեյխերի (քրդական բարձր կաստա) մի ընտանիք, որի անդամներն օժտված են եղել հիվանդություններ բուժելու շնորհով: Մի անգամ նրանց տասնամյա դուստրը խաղալիս է եղել սենյակ թափանցած արեւի շողի հետ ու թռչել, հեռացել նրա հետ: Աղջկա շորերը թաղել են գյուղում, եւ նրա գերեզմանը, ստանալով Դայկա Շիրոյի գերեզման անվանումը, վերածվել է սրբատեղիի:

Հետագայում տապանաքարի մոտ մի քանի մարդիկ էլ են թաղվել, եւ տեղանքը վերածվել է փոքրիկ գերեզմանատան: Հարձակումների ժամանակ թուրքերն իսպառ քանդել են տապանաքարերը, եւ գերեզմանատունը վերածվել է քարակույտի:

Գյուղացիները հավատում են, որ եթե երազանք պահեն ու համբուրեն Դայկա Շիրոյի գերեզմանի վրայի քարերից մեկը, երազանքն անպայման կիրականանա: Իսկ հիվանդներին բուժվելու համար պետք է մի բուռ հող վերցնել գերեզմանից, խառնել ջրին ու խմել այն, կամ էլ' հողը բարձի տակ դնել:

Եթե անդադար անձրեւում է, պետք է քար վերցնել Դայկա Շիրոյի գերեզմանից' նախօրոք այնտեղ ուրիշ քար դնելով, ու այն գցել թոնրի կրակի մեջ: Երաշտի դեպքում պետք է քարը ջուրն իջեցնել:

Քսոկը Վլադիմիր Ատաշյանը

Միայն հատուկ մարդիկ ունեն անձրեւը «կանչելու» կամ «վռնդելու» իրավունք' գերեզմանի մոտ ապրող ծեր կանայք եւ փիրերի ու շեյխերի կաստաներին պատկանող կանայք, ինչպես, օրինակ, 78-ամյա Քսոկը: Նա գերեզմանի զորությանը հավատացել է այն բանից հետո, երբ իր դուստրը բուժվել է էպիլեպսիայից:

Սակայն Դայկա Շիրոն առայժմ չի շտապում լուծել գյուղի կենսական խնդիրները: Ռյա Թազայում վերականգնում են գյուղից մայրուղի տանող միակ ուղիղ ճանապարհը' նախանցյալ տարի ջրհեղեղներից քանդված կամուրջը: Այս տարի էլ, ընդհակառակը, երաշտ էր:

«Բայց մի քիչ անձրեւ, այնուամենայնիվ, եկել է,- առարկում է ինֆորմատիկայի ուսուցիչ Վլադիմիր Ատաշյանը, երբ փորձում եմ կասկածել գերեզմանի զորությանը:- Կարեւորը' հավատաս, առանց հավատալու ոչինչ չի ստացվի:

Խմելու ջրի հավերժ խնդիրն էլ չի շրջանցել Ռյա Թազային: Գյուղում երեք աղբյուր կա, սակայն օգուտ նրանցից համարյա չկա' ջուրն այստեղ չի հասնում:

«Ասում են' չի հասնում, որովհետեւ բարձր ենք,- քմծիծաղում է Վլադիմիրը,- բայց ինչպե՞ս ստացվեց, որ 420 հոգանոց բնակչություն ունեցող գյուղին չեն կարող ապահովել ջրով, իսկ գյուղից վերեւ կառուցված գազի հիմնարկին միանգամից ջուր են տվել, այն էլ' մեր գծից:

Երեխաներն օրերով հերթ են կանգնում աղբյուրի մոտ, որ եթե հանկարծ մի քիչ ջուր գա, բաց չթողնեն, կռիվ են անում ջրի համար: Իսկ այդ ջուրը վարակիչ է, վերեւի գյուղի առվից է գալիս, անասունը միզում է ջրի մեջ, իսկ մենք խմում ենք»:

Ձմռանը գյուղացիները որպես ջուր օգտագործում են ձյունը կամ էլ խմում են ամռանը փակած կոմպոտները:

Ռյա Թազայի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Երաշտն իսկական աղետ է նրանց համար:

«Այդ ժամանակ գյուղացիները ստիպված են անասնակեր գնել ձմռան համար,- ասում է Վլադիմիրը:- Ձմեռն այստեղ ամիսներ է տեւում, մի կովին գնում է 80-100 կապոց խոտ, կապոցն արժե 1000 դրամ: Ոմանք ունեն մի 20 կով, որոնց կերակրելու համար պետք է միջինում 1600-2000 կապոց»:

Ոմանք կաթ են վաճառում, սակայն դրանից ստացված եկամուտը զավեշտալի է: 20 կովից ստացվում է 10 լիտր կաթ. կաթի լիտրը ամռանն արժե 70-90, իսկ ձմռանը' 120 դրամ:

Գյուղի շուրջ 100 բնակիչ արտասահմանում է, հիմնականում Ռուսաստանում' ժամանակավոր աշխատանքի. բնակիչների հիմնական եկամուտն այնտեղից է: Վլադիմիրի ընտանիքն էլ է Մոսկվայում, նա ինքը շուտով կվերադառնա այնտեղ:

Սակայն գյուղացիները գոհունակությամբ նկատում են, որ չնայած դժվար կյանքին' հիմա արտագաղթի հոսքը գյուղից կանգ է առել:

Վլադիմիրի տան պատուհանից երեւում է դպրոցի սպիտակ, երկհարկանի շենքը: Գյուղացիները կատակում են, որ ունեն իրենց սեփական Սպիտակ Տունը:

«Մեր դպրոցը հենց նախագահի հովանավորության տակ է գտնվում,- հպարտությամբ ասում է Վլադիմիրը,- երկրաշարժից հետո գյուղում երկար ժամանակ նորմալ դպրոց չկար, «դոմիկներում» էինք դաս անում: 5-6 տարի առաջ են կառուցել դպրոցը, նախագահ Քոչարյանն էլ ներկա էր բացմանը: Այս տարի մեր դպրոցից երկու աշակերտ Երեւանի պետական համալսարան է ընդունվել»:

Դպրոցի գույքն ապահովվել է պետական միջոցներով, վոլեյբոլի գնդակներ եւ ցանց (դպրոցի մարզադահլիճի միակ «կահավորանքը») ձեռքբերելու հարցում աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Ռյա Թազայի դպրոցը Արագածոտնի մարզի 11 քրդական գյուղերի դպրոցներից միակն է, որ ունի համակարգիչներ: Դրանք ձեռք են բերվել ամերիկյան Project Harmony կազմակերպության ծրագրի շնորհիվ. ընկերությունը գյուղապետարանի հետ միասին փորձում է «ԱրմենՏելին» «համոզել» ինտերնետ կապ տրամադրել 100 աշակերտ ունեցող դպրոցին, բայց դեռեւս' ապարդյուն:

Դպրոցում շատ բան կա փոխելու ու բարելավելու, ինչպես ամբողջ գյուղում: Սակայն կարեւորագույն խնդիր Վլադիմիրը եւ շատ գյուղացիներ համարում են ոչ թե սպորտային գույքի կամ ինտերնետի բացակայությունը, նույնիսկ' ոչ էլ երաշտն ու ջրհեղեղները, այլ ճանապարհային երթեւեկությունը:

Բանն այն է, որ Ապարան տանող մայրուղին անցնում է գյուղի միջով: Այստեղ թույլատրելի արագությունը 50-60 կմ/ժ է, սակայն դա ոչ ոքի չի հուզում. 100-120 կմ/ժ-ն այստեղ նորմա է:

«Գյուղում շատ են մահացության դեպքերը ավտովթարից,- պատմում է Վլադիմիրը,- վերջին տարիներին 40 երեխա զովել է մեքենայի անիվների տակ: Ես կխնդրեի մեր կառավարությունից, եթե հնարավոր է, ճանապարհին կառուցել ՙպառկած միլիցիոներ» (նկատի ունի թմբիկները-Հ.Հ.), որ մեքենաները արգելակեն այստեղ: Դպրոցը գյուղի մյուս ծայրում է, ու երեխաները ստիպված են ամեն օր անցնել ճանապարհը, իսկ բոլորին անընդհատ հետեւել չես կարող»:

«Խնդրում եմ, գրի այս մասին,- հուզված խնդրեց Վլադիմիրը,- միգուցե կառավարությունից կարդան ու ինչ-որ բան ձեռնարկեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter