HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի ազատագրումը Տողից է սկսվել

1988թ. մարտին, միայն մի գիշերվա ընթացքում, Հադրութի շրջանի Տող գյուղի գյուղսովետի նախագահ Ջամիլ Բայրամովի քարտուղար' Գալյա Ամիրջանյանը գյուղի հայ բնակիչների անունից մոտ 200 հեռագիր է ուղղարկել Կրեմլ' Միխայել Գորբաչովին: Տողի հայ բնակիչները պարոն Գորբաչովից պահանջում էին Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանին:

«Սումգայիթյան դեպքերից հետո ադրբեջանցիների նկատմամբ ատելությունն այնքան էր սրվել, որ այլեւս չէինք կարող ապրել Ադրբեջանի կազմում կամ ադրբեջանցիների հարեւանությամբ»,- պատմում է տիկին Ամիրջանյանը, ով ներկայում Տողի գյուղապետի քարտուղարն է: 18 տարի առաջ Ջամիլ Բայրամովի քարտուղարը չգիտեր, թե ինչով կարող է ավարտվել իր այդ համարձակ քայլը, սակայն այլ ճանապարհ նա չէր տեսնում: Տողի հայ բնակիչների պահանջը պարոն Գորբաչովին հասցնելու համար տիկին Ամիրջանյանին օգնում էր գյուղի կապի բաժանմունքի պետի տեղակալ Վալերի Մանգասարյանը:

«Հեռագրերը Կրեմլ էի հաղորդում ուշ երեկոյան իմ տանից' վերմակի տակից, որպեսզի հարեւան ադրբեջանցիները չլսեին: Իհարկե, հետո նրանք իմացան, որ հեռագրեր հաղորդողը ես էի, բայց արդեն ուշ էր»,- հիշում է Վալերի Մանգասարյանը:

1988-ին Տողն ուներ մոտ 1500 բնակիչ։ Կեսից ավելին ադրբեջանցիներ էին: «Գնալով Տողում ապրելն անհնար էր դառնում: 1982-88-ին Տողի գրադարանը հայերեն լեզվով որեւէ գիրք չէր ստացել: Դպրոցում հայերեն լեզվով դասավանդվող առարկանները գնալով պակասում էին: Մեր երեխաներին պարտադիր ուսուցանում էին Ադրբեջանի պատմություն, աշխարհագրություն, որն ամբողջությամբ աղավաղած էր եւ չէր համապատասխանում իրականությանը: Մենք դժվարությամբ եւ գաղտնի հայերեն գրքեր էինք ձեռք բերում եւ տանը մեր երեխաներին իսկությունը ներկայացնում»,- ասում է Գալյա Ամիրջանյանը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման հետեւանքով գյուղը բաժանվել էր երկու մասի' ադրբեջանցիները հավաքվել էին գյուղի մի հատվածում, իսկ հայերը' մյուս: Ադրբեջանցի օմոնականները եկել եւ տեղավորվել էին Տողի դպրոցում' իբր կարգ ու կանոն հաստատելու համար: Լարվածությունն իր գագաթնակերտին է հասնում 1991 թ-ի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը:

Հարբած ադրբեջանցիները զինված մտնում են Դանիելյանների տուն, կարծելով, թե հայ ֆիդայիններն այնտեղ են թաքնված: 69-ամյա Միսակ Դանիելյանը փորձում է պաշտպանել իր ընտանիքին եւ դաշույնով հարվածում է ադրբեջանցիներից մեկին: Այդ գիշեր ժամը 1-ի սահմաններում ադրբեջանցիները սպանում են Միսակ Դանիելյանին եւ նրա ընտանիքի 4 անդամներին' կնոջը' 67-ամյա Զարեհ Դանիելյանին, որդուն' 30-ամյա Սերժիկ Դանիելյանին, հարսին' 23-ամյա Մարինե Դանիելյանին եւ թոռանը' 4-ամյա Կարենին: Դանիելյանների ընտանիքից փրկվում է միայն երկու երեխա' 3-ամյա Արթուրն ու 5-ամյա Արմենը, որոնց տատը հասցրել էր թաքցնել տան վերնահարկում' անկողնու տակ:

«Մայրս երեխաներին զգուշացրել էր, որ եթե նույնիսկ տեսնեն, որ թուրքերն իրեն սպանում են, ձայն չհանեն: Մայրս իջել է ներքեւ եւ այլեւս չի բարձրացել: Երեխաները մինչեւ լուսաբաց մնացել էին վերնահարկում եւ երկար ժամանակ վախից ոչինչ չէին կարողանում խոսել, իսկ ես ամբողջ գիշեր դիմացի տանից տեսնում էի, թե մեր տանն ինչ են անում ադրբեջանցիները, ինչպես են սպանում իմ հարազատներին: Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ ադրբեջանցիները կսպանեին նաեւ իմ երեխաներին»,- արցունքները չկարողանալով զսպել' պատմում է Դանելյանների աղջիկը' Նաիրան:

Դանիելյանների որդիներից մեկը բնակվում էր Վլադիկավկազում: Ռուսական հեռուստատեսությամբ տեսնելով ընտանիքի սպանված անդամեներին' նա սրտի կաթված է ստանում եւ կարճ ժամանակ անց մահանում է: «Վլադիկավկազում բնակվող եղբորս մահից հետո, անիմաստ էր Տողում սպանված եղբորս ողջ մնացած երկու որդիներին այնտեղ ուղղարկել' ես նրանց վերցրեցի իմ խնամակալության տակ, որպեսզի տղաները միասին մեծանան: Չեմ ուզում խոսել այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարել ենք: Դժվարություններ կրել են գյուղի բոլոր բնակիչները, սակայն մեր դեպքն ամենադաժանն ու սարսափելին էր»,-ասում է Նաիրա Դանիելյանը:

Դանիելյանների ընտանիքից ողջ մնացած երկու երեխաններից Արմենն այսօր 20 տարեկան է, ավարտել է դպրոցը, ծառայել բանակում ու որոշել է իր ապագան կապել ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ: Արթուրը 18 տարեկան է, շուտով բանակ է գնալու, իսկ հետագայում ինչով կզբաղվի, դեռ չգիտի: Արթուրի համար առայժմ մի բան է հստակ' նա իր ապագան Տողից դուրս չի պատկերացնում եւ մտածում է իր զոհված ծնողների, տատ ու պապի եւ եղբոր գերեզմանները կառուցելու մասին:

«Դեպքից մոտ 16 տարի է անցել, սակայն չեմ կարողացել հարազատներիս գերեզմանները ցանկապատել ու նրանց շիրիմներին քար դնել: Դպրոցում ուսուցչուհի եմ աշխատում, ամուսինս հաշմանդամ է, բացի Արթուրից ու Արմենից երկու աղջիկ ունեմ, որոնք արդեն ուսանողներ են, աշխատավարձս չի բավականացնում: Տղաներն արդեն մեծ են, եթե ես չհասցնեմ, նրանք աշխատանք ունենալու դեպքում, մի բան կանեն»,- ասում է տիկին Նաիրան:

Դանիելյանների ընտանիքի սպանդից հետո ադրբեջանցիները շարունակում են հրդեհել հայերի տները: «Մինչեւ 1991 թ-ի հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը մենք ապրում էինք դժոխքում: Այդ օրն Արկադի Տեր- Թադեւոսյանի' Կոմանդոսի գլխավորությամբ մեզ հաջողվեց վերաջպես գյուղից դուրս վռնդել ադրբեջանցիներին: Կոմանդոսը մեր Աստվածն է, փրկիչը: Ամբողջ պատերազմի ընթացքում ամենադժվարին պահին նա էր մեր կողքին: Նրան հաջողվեց առանց որեւէ զոհի ադրբեջանցիներին գյուղից դուրս վռնդել: Այդ օրը զոհեր չտվեցինք ոչ մենք, եւ ոչ էլ ադրբեջանցիները: Այսօր մեր' տողեցիներիս, համար ամենամեծ տոնն այն օրն է, երբ Արկադի Տեր- Թադեւոսյանը մեզ հյուր է գալիս»,- ասում է Գայլա Ամիրջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter