HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաղաղությունն ու պատերազմը իրենց տրամաբանությունն ունեն»

«Հակամարտություն եւ հասարակություն»

Հայ եւ ադրբեջանական հասարակությունների կյանքում այսօր կարեւորվում են երեք կարգի խնդիրներ՝ Ղարաբաղյան հակամարտություն եւ նրա լուծման հեռանկարներ, ժողովրդավարական ազատություններ եւ իրավունքներ, սոցիալ-տնտեսական իրավիճակ: Տարբեր հետազոտությունների արդյունքներով իրենց հրատապության եւ մարդկանց համար կարեւորության տեսանկյունից այս խնդիրները տարբեր հերթականությամբ են նշվում, բայց որպես օրենք համարվում են մարդկանց կայուն անվտանգության գլխավոր հենասյուներ: Ելնելով այս իրողությունից Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնը Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ անց է կացնում հայ եւ ադրբեջանցի փորձագետների, այլ մասնագետների տիպային հարցում-հարցազրույցներ: Դրանք հետաքրքիր են հայ եւ ադրբեջաական հասարակություններին հուզող խնդիրների իրական վիճակի համեմատության առումով: Ստորեւ տպագրվող առաջին զույգ հարցազրույցներով մենք սկսում ենք ներկայացնել «Ղարաբաղյան հակամարտություն» թեման: Այստեղ հայ եւ ադրբեջանցի մասնագետները պատասխանում են մեր հետեւյալ ուղղվածության հարցախմբերին՝ «Հակամարտություն եւ հասարակություն», «Հակամարտություն եւ միջնորդներ, աշխարհաքաղաքական շահեր», «Հակամարտություն եւ անվտանգության խնդիրներ», «Հակամարտություն եւ ժողովրդավարացման գործընթացներ»: Հարցազրույցները միաժամանակ լույս են տեսնում նաեւ Բաքվի «Նովոյե վրեմյա» թերթում (www.novoyevremya.com).

Հարցազրույց ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրացիայի եւ կոնֆլիկտների լուծման կենտրոնի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանիհետ

Ի՞նչ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, հայ ազգի եւ հասարակության վրա ունեցած իր ազդեցությամբ։

ԼՂ հիմնախնդիրը զարգացման տարբեր փուլեր է ունեցել, եւ այդ փուլերում շատ կարեւոր է պետության, հասարակության, ազգի եւ անհատի' հայ մարդու տարանջատումը: Ղարաբաղյան հակամարտության առաջին շրջանում ազդեցությունը եղել է ազգի վրա: Խնդիրը հասարակության վրա որեւէ կերպ չի ազդել, որովհետեւ այդ հասարակությունը ԽՍՀՄ կազմում էր եւ նրա կառուցվածքը չէր կարող փոխվել: Պետականության տեսանկյունից' ԼՂ հիմնախնդրի դերը շատ մեծ է: Ղարաբաղյան խնդիրը պետությանը ստիպեց գիտակցել, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնելու, մարտահրավերի առաջ հայտվեց նաեւ ազգը:

Պետք է չմոռանանք, որ 20-րդ դարը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության եւ ապագայի համար, այն սկսվել է մեր ազգի նսեմացմամբ: Այո, 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ես համարում եմ ազգի նսեմացում: Որպես Եղեռնի հիշատակը կրող մարդ, ես այն ընկալում եմ Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանում հայ ազգի ապրելու իրավունքի մերժում: ԼՂ հիմնախնդիրն առաջ եկավ այդ մերժումը մերժելու համար: Երբ հայ ազգը 20-րդ դարի վերջում նորից կանգնեց մերժման առաջ, այն կոնսոլիդացվեց:

Ցավոք, ԼՂ հակամարտությունը չլուծվեց, եւ հասարակությունը հայտնվեց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Այս իրավիճակը բարդացնում է հասարակություն ժողովրդավարացման գործընթացը, հասարակությունը մեծապես տուժեց, քանի որ հնարավոր չէ միաժամանակ կառուցել եւ պետականություն, եւ հասարակություն: Պետականության կառուցման գործընթացում զոհվեց հասարակությունը: 1991թ-ին Ազատության հրապարակում դիմելով ժողովրդին՝ ես ասացի. «Իմ հաղթած եւ պարտված ժողովուրդ»: Ղարաբաղյան հակամարտության չավարտված լինելու ամբողջ դժբախտությունն այն է, որ հայ մարդը տվեց այն ամենը, ինչ պահանջվում էր' արյուն, կյանք, զոհեր, հարազատներ եւ հաղթեց պատերազմում, սակայն չստացավ այն, ինչ սպասում էր:

Ժողովուրդը ղարաբաղյան հակամարտությունը խրամատներում ավարտելուց հետո, այն հանձնեց գործող իշխանություններին, որոնք էլ սկսեցին բանակցությունները: Ես կարծում եմ, որ մինչ օրս մեր ղեկավարները չեն կարողացել արժանվույնս գնահատել մեր ժողովրդի հաղթանակի տենչը: Պատահական չէ, որ թաթարներից հետո Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում ամենամեծ թվով հերոսներ տվել է հայ ժողովուրդը: Եղեռնից հետո Հայրենական Մեծ պատերազմը հայերի համար հաղթելու առաջին հնարավորությունն էր: Երկրորդ հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության խրամատային փուլն էր: Այս հաղթանակից հետո հայ մարդն ուզում էր, որ իր հաղթանակը առաջին հերթին ճանաչի աշխարհը, իր ղեկավարությունը եւ հետո' Ադրբեջանն ընդունի իր պարտությունը: Դա տեղի չունեցավ: Սկսվեց ինֆորմացիոն շրջափակումը, արգելվեց ադրբեջանցիների մասին բացասական արտահայտվելը:

Ղարաբաղյան խնդիրը խրամատներում ավարտելուց հետո մենք շատ արագ այն փաթեթավորեցինք, վազեցինք դեպի բանակցությունների սեղան եւ ասացինք' մենք հաղթել ենք, ճանաչեք մեր հաղթանակը: Սակայն մեր հաղթանակը չճանաչեցին եւ կոտրեցին ժողովրդի ոգին: Հայ մարդը հաղթել ու վերցրել է այն' ինչն իրենից խլել էին, սակայն ամեն անգամ գալիս են եւ նրան փորձում են ասել, որ դա իրենը չի, եւ ոչ ոք չի հիշում, որ պատերազմ է եղել, արյուն է թափվել, զոհեր են եղել: Ղարաբաղյան խնդրում կտրվել է պատմական կապը: Բոլոր պատերազմներից հետո կողմերը կանգնում են շատ լուրջ բարոյական խնդրի առջեւ, երբ խնդիրը քո ձեռքում չի: Ժամանակակից պատերազմներն ունեն շատ հետաքրքիր առանձնահատկություն. ժողովուրդները պատերազմում են, զոհեր են տալիս, հետո գալիս են օտար մարդիկ եւ ասում են, որ լուծումը սա է: Պատերազմող երկրներն օտարվում են խնդրի կարգավորումից, ինչը մեծ ազդեցություն է գործում հասարակության վրա: Ամեն օր ներարկվում է, որ դու որեւէ ազդեցություն չունես ԼՂ հակամարտության կարգավորման ելքի վրա: Թե 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, եւ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մենք նստած սպասում ենք, թե ինչ կորոշվի Սենայի ափերում կամ մեկ այլ վայրում:

Ինչպիսի՞ տնտեսական, մարդկային եւ այլ կորուստեր, եւ ինչպիսի՞ ձեռքբերումներ են եղել ԼՂ հակամարտության արդյունքում:

Մարդկային կորուստները շատ մեծ են: Ակնհայտ են նաեւ տնտեսական կորուստները' գործազրկություն, ցածր աշխատավարձեր, շրջափակում, տարածաշրջանային ծրագրերից դուրս մղում եւ այլն, սակայն ես ավելի մեծ կորուստ եմ համարում այն, որ մինչ օրս չեն հստակեցվում մեր աշխարհաքաղաքական կորդինատները: Մինչեւ 1991թ. մենք գիտեինք, թե որտե՞ղ ենք ապրում, ի՞նչ ենք ներկայացնում մեզանից: Այսօր չի ձեւավորվում ամբողջ տարածաշրջանը: Ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ կորդինատներ ունի: Այն տարածաշրջանային խնդիր է: «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը խաթարել է մարդկանց անվտանգության զգացողությունը: Այսօր ԼՂ հակամարտության բանակցող կողմերը խոսում են տարբեր բաների մասին եւ չեն հասկանում միմյանց: Մեկը խոսում է անվտանգության, մյուսը' օկուպացիայի մասին: Որպես կորուստ անհրաժեշտ է ընդգծել նաեւ հասարակության բեւեռացումը, երբ ոմանք իրենց կյանքն էին զոհում պատերազմի դաշտում, ոմանք էլ հարստանում էին։ Իհարկե, եղան նաեւ ձերքբերումներ՝ պետականության, բանակի կայացում, ազգի միավորվում։ Կարծում եմ, որ ամենամեծ ձերքբերումն այն է, որ հայ մարդն առաջին անգամ ազդարարեց, որ ինքն ազատ է եւ այլեւս զոհ չի։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքում ձեռքբերումներ ունեցավ նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանցիների կոնսոլիդացիային նպաստեց հենց ղարաբաղյան հակամարտությունը։ Ադրբեջանցիները սկսեցին մտածել, թե ինչո՞ւ պարտվեցին։ Այն, որ ադրբեջանցիները սկսել են մտածել սփյուռք ստեղծելու, սկսել են խոսել փախստականների մասին, դա արդեն դրական ձերքբերում է նրանց համար։

Ինչպե՞ս են վերաբերվում մեր երկրների հասարակությունները ստեղծված ստատուս քվոյին, ղարաբաղյան հակամարտության մեջ ո՞ւմ օգտին է «աշխատում ժամանակը»։

Ղարաբաղյան պատմության ընթացքում ստատուս քվոն առկա է 19-րդ դարի սկզբից, եւ այն անընդհատ խախտվել է: Ղարաբաղն ունեցել է ժամանակավոր ստատուսներ եւ չի ունեցել քվո: Այդ պատճառով էլ Ղարաբաղի ճանաչման խնդիր չի եղել: Ժամանակին, երբ Կովկասի բյուրոն Ղարաբաղը վերցրեց եւ տվեց Ադրբեջանին, ու՞մ հարցրեց, ո՞ր ատյանին: Իսկ ինչու՞ է այսօր մեզ թվում, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար մենք պետք է ինչ-որ մեկին դիմենք: Կարեւոր է նաեւ, թե ինչ էլեմենտներ ունի ստատուս քվոն: Կարծում եմ, որ երկու կողմերի միջեւ ստեղծվել է ուժերի եւ ինչ-որ տեղ տարածքների հավասարակշռություն: Ստատուս քվոն վերաբերում է նաեւ զենքին, եւ վերջապես' խնդրի լուծումը կողմերից վերցրել են եւ տվել միջազգային ատյաններին: Մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը ԼՂ-ն ուներ ստատուս եւ չուներ քվո, այսօր մենք ունենք քվոն, չունենք ստատուսը: Ընդհանրապես ստատուսը որոշում է ժողովուրդը, իսկ ԼՂ-ի ժողովուրդը 1991թ-ին հանրաքվեի միջոցով որոշեց իր ստատուսը:

Այսօր հայաստանցիներն ասում են, որ ուրիշ երկրներն էլ թող ճանաչեն Ղարաբաղի կարգավիճակը: Ես կարծում եմ, որ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը թույլ չի տալիս խոսել ստատուս-քվոյի մասին: Պետք է ուշադրություն դարձնել այլ հարցերի վրա' Ղարաբաղը կենսունա՞կ է, թե՞ ոչ, ունի՞ ապագա, թե՞ ոչ, ունի՞ ներուժ, որը կպահի իր ժողովրդին, եւ ի՞նչ պետք է անել, որ Ղարաբաղը դառնա իր ստատուսի կրողը: Ղարաբաղը շատ ճիշտ լուծում է գտել: Տեսնելով, որ ստատուս քվոյի դիմաց Ադրբեջանն իր նավթն է առաջ քաշում, Ղարաբաղն առաջ է քաշում ժողովրդավարությունը: Այս դեպքում ժողովրդավարությունն ու նավթը դրված են նույն նժարի վրա եւ, կարծում եմ, որ հավասարազոր են:

Այսօր Բուշը չի ասում, որ Իրաք է մտել նավթի համար, այլ ասում է' ժողովրդավարության համար: Ղարաբաղը ճիշտ է ընկալում միջազգային ատյանների պահանջները եւ, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, նրանց լեզվով է խոսում: Ցանկացած պահի Ղարաբաղը միջազգային ատյաններին կարող է ասել' ձեր ուզածը ժողովրդավարությունը չէ՞, ես ժողովրդավարություն եմ կառուցում: Այսօր ղարաբաղցին իր երկխոսության ճանապարհն է բացում: Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե ու՞մ օգտին է աշխատում ժամանակը, ապա ես այն համարում եմ դեմագոգիկ ձեւակերպում: Ժամանակը սխալներ է որսում, եւ ժամանակի տրամաբանությունը հետեւյալն է' դու սխալներ մի արա եւ գնա առաջ, եւ ժամանակը քեզ կխնայի:

Միմյանց մասին ադրբեջանական եւ հայկական հասարակությունների պատկերացումներում ի՞նչն է ավելի շատ՝ առասպելնե՞րը, բացասական կանխակալություննե՞րը, թե՞ իրականությունից ելնող գնահատականները։ Արդյո՞ք ադրբեջանցիները եւ հայերը ճանաչում են իրար։

Կարծում եմ, որ հայերն ու ադրբերջանցիները միմյանց չեն ճանաչում: Հայերն այսօր ավելի դրական են տրամադրված ադրբեջանցիների նկատմամբ, քան ադրբեջանցիները' հայերի: Պատճառն այն է, որ թշնամու կերպար ստեղծելու հարցում Ադրբեջանում քարոզչությունն իրականացվում է պետական մակարդակով: Անկախ նրանից, թե այսօր իրավիճակն ինչպիսին է, ես կարծում եմ, որ հայերն ու ադրբեջանցիները պատմականորեն իրար հասկանալու իմաստություն ունեն: Ամեն անգամ տարածաշրջանային հանդիպումների ընթացքում ես հայտնաբերում եմ, որ ավելի հեշտ եմ լեզու գտնում իմ ադրբեջանցի գործընկերների հետ, քան' վրացի: Փաստորեն երկու ժողովուրդներն էլ շիվարել են ղարաբաղյան պատերազմի ձեռքը:

Այսօր փաստն այն է, որ ոչ հայերն են հաղթել, ոչ ադրբեջանցիներն են պարտվել, սակայն դեռ այնքան իմաստություն ունեն, որ ընդունեն' բոլորս ենք հաղթել գաղափարը: Ադրբեջանցիներն ու հայերն այսօր լուրջ խնդիրներ ունեն ԼՂ հակամարտությունն ընկալելու համար: Հայաստանին թվում է, որ եթե մի օր չպաշտպանի Ղարաբաղին, ապա ղարաբաղցիների ճակատագիրը հարցականի տակ կլինի, անվտանգությունն ապահովված չի լինի: Սակայն մենք պետք է հասկանանք, որ այդ երեխան' Ղարաբաղն, արդեն մեծացել է: Խնդիրներ ունի նաեւ Ադրբեջանի հասարակությունը. պարտվողի բարդույթը նրան թույլ չի տալիս ճիշտ գնահատել իրավիճակը:

Ղարաբաղում բնակվող իմ ծանոթներից մեկին ես խնդրել էի հավաքել եւ գրի առնել պատերազմին վերաբերող անեկդոտներ: Ամենահետաքրքիրը մի տղայի պատմությունն է: Երեխան դպրոց գնալու ճանապարհին է լինում, երբ գրադը խփում է: Տղան շրջվում եւ ասում է.«Չեմ հասկանում, դեռ 10 տարի դու կարողա խփես, ի՞նչ է, ես դպրոց չե՞մ գնալու»: Երբ այս անեկդոտը պատմեցի իմ անդրբեջանցի գործընկերոջը, նա չհասկացավ ինձ, որովհետեւ նրա վերքերը դեռ ապաքինված չեն: Իմ վերքերն արդեն ապաքինված են, ես կարողանում եմ մտածել երեխայի կրթության մասին: Ադրբեջանի ամենամեծ սխալն այսօր այն է, որ դեռ հայտարարում են, թե պատերազմը շարունակվելու է: Գուցե դա նպաստում է ազգի կոնսոլիդացմանը, սակայն կործանում է մի ամբողջ սերնդի ճակատագիր: Պատերազմն անցյալում է:

Ղարաբաղյան հակամարտությունն այլեւս ֆունկցիոնալ չէ, ոչ ՀՀ-ի, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Ղարաբաղի համար: Այսօր այն ֆունկցիոնալ է, օրինակ' ռուսների համար, որոնք փորձում են տարածաշրջանում մեծացնել իրենց ազդեցությունը, եվրոպացիների համար, որոնք փորձում են հաշտեցնել մեզ, վրացիների համար, որոնք մեր հաշվին հարստանում են: Ես նաեւ բլեֆ եմ համարում այն հայտարարությունները, թե պատերազմել են ոչ թե երկու երկրների ժողովուրդները, այլ' ղեկավարները: Վերջին հաշվով իրար դեմ պատերազմել են երկու երկրների ժողովուրդները, քարոզչության զոհ են դարձել հենց նրանք:

Պատերազմն ունի իր կուռ եւ հզոր տրամաբանությունը: Այն կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ բավարար հասունացած է թշնամու կերպարը, երբ խնդրի լուծման այլ ճանապարհներ չկան: Իր տրամաբանությունն ունի նաեւ խաղաղությունը: Այն գալիս է այն ժամանակ, երբ ավարտվում է պատերազմը, սպառվում է պատերազմի ներուժը: Այսօր իրականում սպառված է պատերազմի ներուժը, ադրբեջանցիները արհեստական փորձում են այն բորբոքել, ինչը կործանարար է ազգի համար: Ընդհանրապես, ճշմարտությունը կարող է լինել անցյալում, ներկայում, ապագայում, սակայն խաղաղությունը կառուցվում է ապագայի ճշմարտության վրա:

Կարո՞ղ է ղարաբաղյան հակամարտությունն ունենալ այնպիսի լուծում, որը բավարարի ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայ հասարակություններին։

Այո: Այդ լուծումը' այս տարածաշջանում ղարաբաղցու ապրելու իրավունքի ճանաչումն է: Ադրբեջանը պետք է խոսի Ղարաբաղի հետ: Դա է 21-րդ դարի քաղաքակրթության նորմը: Ղարաբաղը հենց այդ լեզվով է խոսում: Ղարաբաղը, որպես անկախ պետություն, շատ ավելի շահավետ է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, քան նրանցից որեւէ մեկի կազմում: Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե հայերի ու ադրբեջանցիների, այլ տարածաշրջանի ձեւավորման խնդիր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter