HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղն ինքը կարող է նախադեպ լինել մի շարք երկրների համար»

Հարցազրույց ՀՅԴ Մ անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ

- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Իրանի շուրջ ճգնաժամի հետագա զարգացումը ղարաբաղյան հակամարտության վրա։

- Երբ Քի Վեսթում հակամարտող կողմերը գրեթե համաձայնության էին եկել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին, որ գործընթացին նաեւ պետք է տեղյակ պահել Իրանին։ Իրանը խիստ հետաքրքրված է այն բանով, թե ինչ է կատարվում իր հյուսիսային սահմանում։ Իրանի շուրջ ճգնաժամի զարգացումը տարբեր ազդեցություններ կարող է ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Եթե ճգնաժամն այնքան խորանա, որ հասնի ռազմական գործողությունների, ապա դա խիստ բացասական հետեւանքներ կունենա ղարաբաղյան կարգավորման եւ ընդհանրապես տարածաշրջանի զարգացման համար։ Իրանն իսկապես կարող է մեծ ազդեցութուն ունենալ ԼՂ խնդրի լուծման հարցում։ Եթե նույնիսկ հակամարտող կողմերը գան այնպիսի համաձայնության, որը չբավարարի Իրանին, ապա խնդրի կարգավորումը կարող է խոչընդոտվել: Նույնը վերաբերում է նաեւ շահագրգիռ մյուս պետություններին։ Մինչ օրս Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարել ԼՂ հարցում եւ նպաստել է խնդրի խաղաղ կարգավորմանը։ Եթե Իրանը ԼՂ հարցում որոշի այլեւս հավասարակշռված քաղաքականություն չվարել եւ նախապատվություն տալ հակամարտող կողմերից մեկին, ապա խնդրի կարգավորման գործընթացն անպայման կտուժի։ Այս առումով անհրաժեշտ է, որ Իրանը տեղեկացված լինի գործընթացի մանրամասներին։ Ես կարծում եմ, որ քանի որ Իրանը շատ հանգիստ է, ուրեմն այսօր իսկապես տիրապետում է խնդրի մանրամասներին, եւ նրա շահերին վտանգ չի սպառնում: Հակառակ դեպքում անորոշությունը Իրանին կանհանգստացներ եւ կստիպեր այլ քաղաքականություն վարել։

- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Կոսովոյի գործոնը ղարաբաղյան խնդրի լուծման վրա:

-Բեռլինի պատի փլուզումից հետո միջազգային հանրության կյանքում այնպիսի գործընթացներ սկսվեցին, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել միջազգային քաղաքական մթնոլորտում։ Այսօր ասել, թե ինչպես կկարգավորվի Կոսովոյի խնդիրը, այնպես էլ կլուծվի ԼՂ հիմնախնդիրը, սխալ է։ Միաժամանակ պետք է ընդունել, որ եթե Կոսովոյի խնդիրը լուծվի' նախապատվություն տալով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, ապա ԼՂ հարցում հայկական կողմի դիրքերն ավելի կամրապնդվեն: Սակայն ամեն ինչ Կոսովոյի հետ կապելը ճիշտ չէ, ամեն ինչ չի սկսվում եւ չի վերջանում Կոսովոյով։ Ես դեմ եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Կոսովոն ընդունվի իբրեւ նախադեպ։ Ղարաբաղն ինքը կարող է նախադեպ լինել մի շարք երկրների համար։

Բեռլինի պատի փլուզումից հետո աշխարհն այլ պետություններից տարանջատված նոր պետությունների ստեղծման ականատեսն է եղել։ Սա արդեն իսկ խոսում է ի նպաստ Ղարաբաղի, անկախ այն բանից' այդ պետություններն առանձնացել են հանրաքվեի՞, թե՞ այլ ճանապարհով։ Այսօր աշխարհում տիրող մթնոլորտը նպաստում է, որպեսզի ԼՂ հիմնախնդիրն ընկալվի որպես ազգի ինքնորոշման, պատմական արդարության վերականգման խնդիր։ Նույն Բեռլինի պատի փլուզումը աշխարհն ընկալեց իբրեւ պատմական արդարության վերականգնում։ Այդ պատը նույն ժողովրդին ստիպողաբար բաժանել էր երկու մասի։ Այս առումով ղարաբաղյան հիմնախնդիրը հիշեցնում է Բեռլինի պատը։ Ինչպես գերմանացի ժողովրդին էին բռնի ուժով բաժանել երկու մասի, այնպես էլ հայերին։ Ես համամիտ չեմ այն տեսակետի հետ, թե միջազգային հանրությունն այսօր չի ընդունում ԼՂ ինքնորոշման իրավունքը։

Վերջին 5-6 տարիների ընթացքում նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները վկայում են ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին։ Դա ակնհայտ էր նաեւ Փարիզի եւ Քի Վեսթի առաջարկներում, որոնք նշանակում էին, որ Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին։ Սա է պատճառը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն Ադրբեջանի հետ այսօր վարում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը։ Բանակցում է Հայաստանը, քանի որ նա պետք է ինչ-որ բան ստանա։ Իրականում սա է փարիզյան սկզբունքների էությունը։ Այդ սկզբունքն ընդունել էր նաեւ Հեյդար Ալիեւը , եւ այդ մասին ելույթ ունենալով Ադրբեջանի Մեջլիսում' նա կոչ արեց ադրբեջանցիներին վերջապես հասկանալ եւ ընդունել, որ արդեն 10 տարի է Ղարաբաղն անկախ է ապրում։ Հեյդար Ալիեւը կոչ էր անում ընդունել փարիզյան առաջարկությունները' բացատրելով, որ դրանք թույլ են տալիս հետ վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող տարածքները։ Եթե այդ մասին խոսում էր անձամբ Հեյդար Ալիեւը, դա նշանակում է, որ այդ մոտեցումն ընդունելի էր նաեւ միջնորդների համար։

Այս ամենը վկայում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե միջազգային հանրությունը չի ընդունում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը։ Այսօր ԼՂ հիմնախնդիրը չի կարգավորվում ոչ այն պատճառով, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղը, այլ այն, որ Ադրբեջանն է խոչընդոտում խնդրի կարգավորմանը։ Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը համաձայնություն է տալիս առաջարկված սկզբունքներին, սակայն երբ գալիս է այդ մասին իր ժողովրդին հայտնելու պահը, հրաժարվում է։ ԼՂ հիմնախնդրի չկարգավորման պատճառներից մեկն էլ այն է, որ Իլհամ Ալիեւն այսօր չի ցանկանում իբրեւ պարտվող երեւալ։ Իրականում, եթե նա կարգավորի ԼՂ հիմնախնդիրը, իսկ դա կարող է արվել միայն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելով, ապա Ադրբեջանի պատմության էջերում կարող է դառնալ Ադրբեջանը «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակից դուրս բերող, Ղարաբաղի խնդիրը կարգավորող պետական խոշոր այր։

- Բաքու-Ջեյհան նավթամուղը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման շա՞նս է, թե՞ տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հիմք:

- Բաքու-Ջեյհան նավթամուղը կարող է ինչպես նպաստել խաղաղության հաստատմանը, այնպես էլ դառնալ պատերազմի դրդապատճառ։ Նավթը խաղաղություն է սիրում, իսկ նավթի փնտրտուքը կարող է պատերազմի պատճառ հանդիսանալ, սակայն քանի դեռ նավթը հոսում է , խաղաղություն կլինի։ Այդ նավթամուղի կառուցողները միջազգային շրջանակներից են , եւ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը կկարողանա Ադրբեջանին համոզել եւ հետ պահել պատերազմից, քանի որ Ադրբեջանին թվում է, որ եթե իր պաշտպանության բյուջեն այսօր ամբողջ Հայաստանի բյուջեի չափ է, ապա կարող է նախահարձակ լինել եւ ԼՂ հիմնախնդիրը կարգավորել ռազմական ուժով։ Այս առումով միշտ էլ վտանգ կա, սակայն ես վստահ եմ, որ պատերազմը վերսկսվելու դեպքում այս անգամ Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն։

Ադրբեջանը մոռանում է, որ այսօր աշխարհում շատ երկրներ կան, որոնք ունեն ռազմական հսկա բյուջե, սակայն՝ ոչ մարտունակ բանակ։ Ադրբեջանն արդեն վերջնականապես կորցրել է Ղարաբաղը, իսկ նոր պատերազմը նոր կորուստներ կբերի նրան, այդ թվում' կվնասվի Բաքու-Ջեյհան նավթամուղը : Եթե նույնիսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն այսօր ներքին սպառման համար են, չի բացառվում, որ հետագայում այնտեղ ստիպված լինեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ' այդ հայտարարությունների գերին լինելով։ Չմոռանանք Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, թե այսօր երկու երկրների նախագահներն էլ պատրաստ են ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու համար, սակայն պատրաստ չեն երկու հասարակությունները։ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող Ադրբեջանի հասարակությանը պատրաստել խնդրի կարգավորմանը, եւ ժողովրդին դրդում է անզիջում կեցվածք դրսեւորել։ Այս առումով ես չեմ ընդունում համանախագահների այն մոտեցումը, երբ նրանք փորձում են նույնացնել հայկական եւ ադրբեջանական կողմերի պաշտոնական կեցվածքները։ Հայաստանում ոչ միայն ռազմատենչ չեն, այլեւ չափից ավելի զիջող կեցվածք ունեն։ Մենք երկրի նախագահի, պաշտպանության, ԱԳ նախարարների մակարդակով հայտարարում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, մինչդեռ Ադրբեջանը նույնիսկ չի ակնարկում ինչ-որ բան տալու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, թե իրենք նոր գաղափարներ չունեն, նշանակում է, որ նրանք օդից նոր լուծում չեն բերելու, եւ, ի վերջո, Ղարաբաղը միանալու է Հայաստանին։ Մինսկի խմբի համանախագահներն այլ լուծում չեն պատկերացնում, եւ դրա պատճառն այն է, որ լավ են տիրապետում խնդրին։

- Այսօր որքանո՞վ է հիմնավորված այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրի հետ առնչվում է ողջ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը։

- Ես չէի ասի, որ ղարաբաղյանն այն միակ չկարգավորված հակամարտությունն է, որով պայմանավորված է տարածաշրջանի անվտանգությունը։ Իհարկե, ցանկացած չկարգավորված հակամատություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Վաղը կարող է ԼՂ հիմնախնդիրը կարգավորվել, սակայն եթե չկարգավորվեն մյուս հակամարտությունները, ապա տարածաշրջանի անվտանգությունը երաշխավորված չի լինի։ Անվիճելի է, որ եթե ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի, ապա Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ հարաբերությունները նոր որակ կստանան։

- Ինչպե՞ս են արտահայտվում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության խնդիրները ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացներում:

- ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կարող է երաշխիք հանդիսանալ երկու ժողովուրդների համար։ Հայ ժողովուրդը Ղարաբաղի մոտ 100 տարվա խնդիրը լուծեց իրեն պարտադրված պատերազմի ընթացքում։ Այդ լուծումը իրավապես (դե յուրե) ամրագրելուց հետո մենք այլեւս պատճառ չունենք միմյանց համար վտանգ ներկայացնելու։ Իհարկե, մենք նաեւ պետք է զգույշ լինենք, որ մի երրորդ կողմ սպառնալիք չհանդիսանա մեր անվտանգությանը։ Օրինակ' Թուրքիան կարող է նման քայլի դրդել Ադրբեջանին։ Եթե մենք սպառնալիք լինեինք Ադրբեջանի համար, ապա կշարունակեինք պատերազմը։ Մենք պարզապես վերցրեցինք այն, ինչ պատկանում է մեզ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter