HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԼՂ հակամարտություն չկա, կա անհամաձայնություն հակամարտության շուրջ բանավեճում»

Հարցազրույց «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

- ԼՂ հիմնախնդրում բացի հայկական եւ ադրբեջանական կողմերի շահերից ուրիշ ու՞մ շահերն են շոշափվում, որքա՞ն ցայտուն են արտահայտված այլ երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր:

- Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խիստ մտահոգում է մի շարք երկրների, հատկապես' մեր հարեւաններին: Օրինակ' ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան բացահայտ հայտնել են իրենց դիրքորոշումները: 1992-95թթ. որպես Ղարաբաղի ներկայացուցիչ, 2000-2005թթ.-ին՝ որպես ԼՂՀ նախագահի խորհրդական, ես աշխատել եմ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ հետաքրքրված բոլոր երկրների ներկայացուցիչների հետ, եւ նրանք բոլորն էլ շատ հստակ են հայտնել իրենց տեսակետները: Յուրաքանչյուր երկիր իր տեսակետն ունի խնդրի կարգավորման' վիճարկվող տարածքների, ԼՂ-ի կարգավիճակի եւ այլ հարցերի շուրջ, որոնցով պայմանավորված է հակամարտության կարգավորումը: Այս իրավիճակում միայն հակամարտող կողմերի փոխհամաձայնությունը բավարար չէ խնդիրը կարգավորելու համար: ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն համընդհանուր, միջազգային փոխհամաձայնության դեպքում: Եթե ԼՂ հիմնախնդրով հետաքրքրված երկրներից որեւէ մեկին չբավարարի խնդրի կարգավորումը, ապա այն երբեւէ տեղի չի ունենա: Այսօր հստակ է, որ ԼՂ հակամարտությունն այս տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում լուծում է շատ ավելի բարդ խնդիրներ, քան հակամարտության կողմերին հետաքրքրողները: Օրինակ' Մոսկվայում «Քաղաքական մեծ համաձայնության» շրջանակներում 1994թ. ամառվանից մինչեւ նոյեմբերի վերջն ընթացող հետպատերազմյան բանակցությունները (որտեղ ԼՂ-ն հանդես էր գալիս որպես երրորդ եւ հավասար կողմ, եւ ես ներկայացնում էի Ղարաբաղը), Ադրբեջանի պահանջով, փակ էին, եւ որեւէ լրագրող չկար: Այդ բանակցությունները պաշտոնապես հայտարարվել էին իբրեւ փորձագետների խորհրդատվություններ, որոնց ընթացքում մշակվեց խնդրի կարգավորման 13 տարբերակ: Դրանց հիման վրա կազմվեց Մինսկի խմբի կոնսոլիդացված փաստաթուղթը, եւ սկսվեցին բանակցությունները: Այդ ժամանակ խնդրի կարգավորմամբ զբաղվում էր ԵԱՀԽ-ն' Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհուրդը: Զինադադարից հետո խնդրի կարգավորմամբ զբաղվում էր Ռուսաստանը, ԵԱՀԽ-ն նման մանդատ չուներ, քանի որ կազմակերպություն չէր: Բուդապեշտի գագաթնաժողովում Ռուսաստանը հայտարարեց, որ ԵԱՀԽ-ն իրավունք չունի զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Հայտարարությունից ընդամենը 2 ժամ անց 1947 թվականից գործող ԵԱՀԽ-ն դարձավ կազմակերպություն' ԵԱՀԿ: ԵԱՀԿ-ն գիտակցեց, որ կարող է զբաղվել շատ լուրջ հակամարտության կարգավորմամբ: Այսինքն' ԼՂ հակամարտությունը տրանսֆորմացիայի ենթարկեց շատ լուրջ միջազգային մի կառույցի: Այս օրինակը ցույց է տալիս, որ ԼՂ հակամարտությունը աշխարհաքաղաքական խնդիր է, եւ յուրաքանչյուր երկիր ունի իր հստակ շահը, տարբեր մոտեցում ԼՂ կարգավիճակի, վիճելի տարածքների նկատմամբ, քանի որ այդ հարցերի կարգավորման նախադեպերը տարբեր կերպ են անդրադառնում նրանց հետաքրքրությունների վրա: Նրանցից շատերը մտածում են, թե ինչպե՞ս կանդրադառնա մի կողմի հաղթանակի ճանաչումը իրենց հուզող խնդիրների վրա:

- Ի՞նչ դեր ունեն աշխարհաքաղաքական երկրները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ի՞նչն է նրանց այսօր, միջազգային հարաբերությունների զարգացման այս փուլում, ավելի ձեռնտու՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանո՞ւմը, թե՞ շուտափույթ կարգավորումը:

- Չեմ կարծում, որ այս հարցում գոյություն ունի միասնական շահ: Իհարկե, կան երկրներ, որոնք ցանկանում են, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի: Օրինակ' Իրանը չի ուզում, որ իր սահմանների մոտ հակամարտություն լինի, որ իր սահմաններում հայտնվեն զինված ուժեր, սակայն նույն Իրանին կարող է չբավարարել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ցանկացած տարբերակ: Թուրքիան նույնպես ցանկանում է, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի, սակայն այդ երկիրը խնդրի կարգավորման բոլորովին այլ տարբերակ է պատկերացնում: Մի անգամ ես առիթ ունեցա Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարցնել' եթե մենք քրդերի հարցում պաշտպանենք Թուրքիայի շահերը եւ ճանաչենք Հյուսիսային Կիպրոսը, դուք կճանաչե՞ք ԼՂ- ի ինքնորոշումը: Նա պատասխանեց' քննարկելու հարց է: Այսինքն' շահը' որպես այդպիսին, դոգմա չէ եւ ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխության: Ժամանակը նոր շահեր է ծնում: Եթե Ադրբեջանն այսօր նավթ չունենար, համոզված եմ, որ իրեն այլ կերպ կպահեր: Ադրբեջանն իր երկրի ամբողջ տնտեսական վիճակը կապում է ԼՂ հակամարտության հետ: Չի բացառվում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ հետաքրքրված երկրների տնտեսական շահերը պահանջեն, որ հիմնախնդիրը չկարգավորվի: Այսօր շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ հակամարտություն գոյություն չունի, կան հակամարտության շուրջ բանակցություններ եւ անհամաձայնություններ: Այսօր խնդիրը ԼՂ հակամարտության շուրջ անհամաձայնությունների վերացումն է: Շատերն այն կարծիքին են, որ ժամանակն աշխատում է հակամարտող կողմերից մեկի կամ մյուսի օգտին, սակայն մոռանում են, որ հակամարտություն չկա, եւ մի սերունդ հետո կարող են նույնիսկ մոռանալ այդ անհամաձայնությունների մասին: Այն, ինչ այսօր առաջնային եւ արժեքավոր է, վաղը կարող է դառնալ երկրորդական, երրորդական հարց, քանի որ ԼՂ հիմնախնդրի շրջանակները ու դրա շուրջ բանակցությունները ընդլայնվում են, եւ ԼՂ հիմնախնդիրը դառնում է շատ ավելի մեծ խնդրի ընդամենը բաղկացուցիչ: Չի բացառվում, որ խնդիրը, փոքրանալով, վերանա: Այսինքն' ԼՂ հիմնախնդրի շուրջ առաջացած հետաքրքրություններն ու անհամաձայնությունների բովանդակությունը ենթարկվում են էվոլյուցիայի: Ամեն տարի այդ բովանդակությունը փոփոխվում է, եւ ես չեմ հավատում, որ մարդիկ նստեն եւ որոշեն. այսքանը՝ քեզ, այսքանը՝ ինձ, եւ խնդիրը կկարգավորվի: «Ալ ջազիրա»-ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է այնքան հզորանա եւ Ղարաբաղում այնպիսի իրավիճակ ստեղծի, որ հայերն այնտեղից հեռանան: Ադրբեջանի նախագահի ելույթից ակնհայտ է, որ նա այսօր ոչինչ չի պատրաստվում փոխել: Ադրբեջանը չի ուզում ստանալ այն, ինչ կորցրել է: Նա չի ցանկանում, որ խնդիրն այսօր կարգավորվի, որովհետեւ կարող է հետ ստանալ կորցրածի միայն մի մասը:

- Ի՞նչ դեր եւ ներուժ ունի ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր:

- Մինսկի խումբը կարողացավ տարածաշրջանում պահպանել խաղաղությունը: Մինսկի խումբը տեր կանգնեց գործընթացին, քանի որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ բազմաշերտ է: Պատահական չէ, որ Մինսկի խմբում ընդգրկված Է Մեթյու Բրայզան: Մինսկի խումբն այս տարածաշրջանում զբաղված է ոչ միայն հակամարտությունների կարգավորմամբ, այլեւ ժողովրդավարացման, տնտեսության եւ այլ խնդիրներով: Մինչեւ խմբում Մեթյու Բրայզայի ընդգրկվելը ամերիկյան կողմը ներկայացնում էր էներգետիկայի ոլորտին փայլուն տիրապետող Սթիվեն Մանը:

- Կա՞ Մինսկի խմբում այս կամ այն երկիրը մեկ ուրիշով փոխարինելու անհրաժեշտություն, ի՞նչ կտա խնդրի քննարկումները ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելը:

- ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելը ոչինչ չի տա խնդրի կարգավորման գործընթացին: ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ԼՂ հիմնախնդրին մոտենալու են իրենց շահերից ելնելով: Եթե նրանց շահերն անմիջական առնչություն չունեն ԼՂ հիմնախնդրի հետ, ապա նրանք իրենց ձայնը կվաճառեն մեկ այլ երկրի, որից շահ ունեն: Այնպես որ, չի բացառվում, որ Ադրբեջանը, ԼՂ հիմնախնդիրը ՄԱԿ տեղափոխելով, առաջինն ինքը տուժի դրանից: Այլ խնդիր է, որ միջազգային կազմակերպությունները փորձում են ընդգրկվել խնդրի կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ-ն փորձ արեց երկխոսություն ստեղծել Ադրբեջանի եւ Ղարաբաղի խորհրդարանականների մակարդակով: Եթե Ադրբեջանը կլոր սեղանի շուրջ նստեր Ղարաբաղի խորհրդարանի անդամների հետ, դա կնշանակեր, որ դե ֆակտո ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, սակայն Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը: Ընդհանրապես, պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ-ն նաեւ սիմվոլիկ նշանակություն ունի' ներկայացնում է ՌԴ-ն, Եվրոպան եւ ԱՄՆ-ն:

- Սկզբունքորեն հնարավո՞ր է հակամարտությունը կարգավորել առանց միջնորդների։ Հակամարտության մեջ ո՞ր հակասություններն են ավելի արտացոլվում' աշխարհաքաղաքակա՞ն հակասությունները, թե՞ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ եղածները։

- Հարցն իսկապես շատ բարդ է: Երբ արցախյան պատերազմը նոր էր ավարտվել, եւ խնդրի կարգավորման մանդատը Ռուսաստանինն էր, հակամարտությունը հնարավոր էր կարգավորել առանց միջնորդների: Եթե այդ ժամանակ՝ 1994թ., Բաքվի կողմից համաձայնություն լիներ, ապա ռուսական զորքը կմտներ Ղարաբաղ եւ խնդիրը կկոնսերվացվեր: Այսինքն' ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբեր փուլերում տարբեր շահեր են բախվել: Եթե այսօր Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը գան ընդհանուր համաձայնության, եւ այն հակասի Ռուսաստանի, Իրանի կամ մեկ այլ երկրի շահերին, խնդիրը չի կարգավորվելու: Անմիջապես հակամարտության կողմերին այնպիսի առաջարկներ կներկայացվեն, որ նրանք կմերժեն դրանք: ԼՂ հարցում աշխարհաքաղաքական շահերը գնալով ընդլայնվում են, իսկ 1991-ից մինչ օրս ԼՂ հիմնախնդրի կարգավորման փոխհամաձայնության առաջարկը չի փոխվել: Անցած 15 տարիների ընթացքում միջնորդները փորձում են խնդիրը բերել 1991թ.-ի իրավիճակին, այսինքն' այն վիճակին, որտեղից սկսվել է ամեն ինչ: 1991թ.-ին Շուշին, Լաչինը հայերի վերահսկողության տակ չէին, ադրբեջանցիները դեռ այդ տարածքներում էին, Շահումյանը Հայաստանինն էր եւ այլն: Այսօր միջնորդներն ասում են' եկեք ամեն ինչ բերենք նախնական տեսքի, ադրբեջանցիները թող վերադառնան, եւ հետո նստենք որոշենք, թե ի՞նչ պետք է անենք: Այս 15 տարիների ընթացքում մարդիկ արդեն մոռացել են, թե ինչպես է ձեւավորվել այդ կոնֆլիկտի առարկան: Մինչ օրս հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, քանի որ Ադրբեջանը ի սկզբանէ պատրաստ չէր խնդրի կարգավորմանը: Ադրբեջանը պատրաստ չէ տալ որեւէ բան ինչ-որ բանի դիմաց, քանի որ տալու բան չունի: Ադրբեջանը խաղ է վարում իր կորցրածը հետ ստանալու համար եւ միանգամից ուզում է ամբողջը: Հայաստանը ցանկանում է իր ձեռքբերումները օրինականացնել, որպեսզի աշխարհն այն ընդունի եւ օրինական համարի: Հայաստանն այսօր իրավիճակի տերն է, եւ մի շարք երկրներ արդեն ընդունում են հայկական կողմի հաղթանակը, սակայն մենք ցանկանում ենք, որ իր պարտությունն ընդունի նաեւ Ադրբեջանը: Եթե Ադրբեջանը չի ընդունում իր պարտությունը, մենք ստիպված ենք գործ ունենալ միջնորդների հետ: Շատ հետաքրքիր է, թե ինչ կանի Ադրբեջանը, եթե միջազգային հանրությունը, ինչպես այսօր սկսել է ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, ճանաչի Ղարաբաղի ինքնորոշումը: Չի բացառվում, որ մի օր միջազգային հանրության շահերը պահանջեն ճանաչել Ղարաբաղի ինքնորոշումը: Միջնորդները հաճախ հայտարարում են, որ հակամարտող երկրների նախագահները պատրաստ են խնդրի կարգավորմանը, սակայն պատրաստ չեն երկու երկրների ժողովուրդները: Դա դիվանագիտական քայլ է: Իրականում երկրի ղեկավարները չեն կարող գործել իրենց հասարակություններից դուրս: Օրինակ' եթե Ղարաբաղում իշխանությունը փոխվի, միեւնույնն է, կա հստակ ընդգծված հարթություն, որից դուրս չի կարող գործել որեւէ իշխանություն: Նման հարթություն կա նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում: Այլ խնդիր է, որ հասարակական կարծիքը ժամանակի ընթացքում փոխվում է: Այսօր հասարակական գիտակցության մեջ ձեւավորված ղարաբաղյան կոնֆլիկտը որեւէ կապ չունի այն ամենի հետ, ինչի մասին այսօր խոսում են: Խնդիրը կլրջանա այն պահին, երբ խնդրի կարգավորման վերաբերյալ հասարակության եւ իշխանությունների միջեւ երկխոսություն սկսվի: Վերջին 8-9 տարիների ընթացքում հասարակությունը ԼՂ հիմնախնդրին լուրջ չի վերաբերվել, որովհետեւ շատ լավ հասկացել է, որ այն շահարկվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Ժողովուրդը հասկանում է, թե Քոչարյանը երբ եւ ինչ նպատակով է ինչ-որ հայտարարություններ անում: ԼՂ հիմնախնդիրն այսօր թե՛ Հայաստանում, եւ թե՛ Ադրբեջանում այն մեծ խնդիրը չէ, որը փորձում են ներկայացնել երկու ժողովուրդներին: Այսօր ես ԼՂ խնդիրը կարգավորելու համար լուրջ մոտեցումներ չեմ տեսնում: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը դեգրադացիա է ապրել: Երկու երկրների ժողովուրդներն էլ չեն վստահում իրենց իշխանություններին եւ, հետեւաբար, նրանց լուրջ չեն վերաբերվում: ԼՂ հիմնախնդրի շուրջ այս տարիների ընթացքում կեղծ քաղաքականություն է իրականացվել, եւ շատերն իրենց կարիերան կառուցել են ԼՂ հիմնախնդրի վրա: Պետք է ուսումնասիրել նախորդ 15 տարիների անցած ուղին, բացթողումները: Կարգավորման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ: ԼՂ հիմնախնդիրը այլընտրանքային մոտեցումներ ու լուծումներ է պահանջում: Ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները բավարար իմաստուն են միմյանց հասկանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter