HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ժնեւում հետխորհրդային տարածքը ներկայացնում էր միայն Հայաստանի արվեստագետի նախագիծը

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնեւի ցուցահանդեսային կենտրոն Palexpo-ում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ամենամյա սալոնը: ArtbyGeneve-ը հնարավորություն է տալիս գալերեաներին եւ արվեստագետներին արդյունավետ կերպով ներկայացնել իրենց աշխատանքը կոլեկցիոներներին եւ հանրությանը, ինչպես նաեւ հարաբերություններ հաստատել եւ փոխանակումներ իրականացնել Ժնեւում եւ քաղաքի շրջակա տարածքներում:

Անցած տարի սալոնը էական փոփոխություններ էր կրել նախկին տարիներին անցկացված 18 սալոնների համեմատ: Մասնավորապես` այն փոխել էր իր նախկին անվանումը: Euroart-ի փոխարեն սալոնն այսօր անվանվում է Artbygeneve, որն ավելի մոտ է հնչում Շվեյցարիայի մյուս հայտնի սալոնների անվանումներին` Art Basel, Art Zurich: Այնուամենայնիվ, սալոնի ղեկավարների խոսքերով`անվանափոխության հիմնական նպատակն այն էր, որ Euroart-ը սահմանափակումներ էր դնում, մինչդեռ նոր անվանումը թույլ է տալիս ավելի գլոբալ բնույթ տալ սալոնին` գրավելով գալերեաների եւ անհատ արվեստագետների ոչ միայն եվրոպական, այլեւ ասիական, աֆրիկական, լատինամերիկյան երկրներից:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը հնարավորություն ստացավ ներկայացնելու իր ժամանակակից արվեստը այս միջազգային հարթակում: Հայկական տաղավարը ներկայացնում էր Նարեկ Ավետիսյանն իր «Սիմուլակրում» նախագծով: Անհրաժեշտ է նշել, որ ընդհանրապես այս տարի Artbygeneve-ում հետխորհրդային տարածքը ներկայացնում էր միայն Հայաստանի արվեստագետի նախագիծը:

Ժամանակակից արվեստի սալոնն անց է կացվում Ժնեւի գրքի եւ մամուլի միջազգային սալոններին զուգահեռ, ինչն արվեստի ժնեւյան սալոնի հիմնական առանձնահատկությունն է: Իսկ Ժնեւի 25-րդ գրքի ու մամուլի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, հայտնի է, որ հայկական կողմը ներկայացված էր պատվավոր հյուրի կարգավիճակով: Այն փաստը, որ այն անցկացվում է նույն օրերին եւ նույն Palexpo կոմպլեքսում, ինչ հայտնի Գրքի միջազգային սալոնը, ունի իր նպատակը: Գրքի սալոնը ամենաճանաչված մշակութային իրադարձությունն է Շվեյցարիայում: Այս համադրությունը արտ-սալոնին ապահովում է բարձր հաճախելիություն գրքի տոնավաճառի այցելուների հաշվին, որոնց կարելի է համարել պոտենցիալ կոլեկցիոներներ եւ ժամանակակից արվեստի գնահատողներ:

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում»-ն ամբողջական նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից և այն ուղեկցող երաժշտությունից: Նախագծի հենքը 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճեն-վարիացիան է` կատարված ըստ համաշխարհային, այդ թվում եւ հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների:

Կտավներն ուղեկցվում են անիմացիոն տեսաշարով, որը շարժման և ժամանակի չափման մեջ է ցույց տալիս պատկերների վերածվելը մեկը մյուսի:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի խոսքերով` Հայաստանի տաղավարը հաջողություն է ունեցել Ժնեւում, Նարեկ Ավետիսյանի նախագիծը կարողացել է հետաքրքրություն առաջացնել այցելուների մոտ:

«Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես ուսումնական հաստատություններում»,- ասել է նա լրագրողներին:

Լոզանի համալսարանի դասախոսական կազմը, որն այցելել էր տաղավար, ցանկություն է հայտնել, որ նախագիծը ցուցադրվի Լոզանի համալսարանում, որպեսզի ուսանողները, որոնք ուսանում են արվեստի պատմություն, հնարավորություն ունենան այս նախագծի հիման վրա ուսումնասիրել արվեստի պատմության բոլոր փուլերը:

Թեեւ արվեստագետն ինքն անձամբ ներկա չի եղել Շվեյցարիայում, այնուամենայնիվ մի շարք առաջարկներ են եղել մասնավոր ցուցասրահների տնօրենների կողմից ցուցադրելու նախագիծը իրենց մոտ: Բացի այդ սալոնի ղեկավարությունը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը հաջորդ տարի եւս մասնակցի սալոնին: Չնայած, որ Ժնեւում ցուցադրվելը մեծ գումարներ է պահանջում, Սոնա Հարությունյանը ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի իր մասնակցությունը այս սալոնին:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի խոսքերով կարեւոր է հնարավորինս կարողանալ այսպիսի միջազգային ֆորումներում արտահանել Հայաստանի ժամանակակից արվեստը աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելու նպատակով:

«Նարեկ Ավետիսյանի նախագիծը ռեպռեզենտացիայի առումով բավականին աչքի զարնող նախագիծ է: Այն ներկայացուցչական է ե՛ւ գաղափարի մշակվածության առումով, ե՛ւ այդ գաղափարը վիզուալ ձեւի բերելու առումով»,- ասել է նա:
Հայաստանի տաղավարը երկու անգամ այցելել է Շառլ Ազնավուրը, ով Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: Երկրորդ այցելության ժամանակ նա 6 աշխատանք է ընտրել եւ ցանկություն է հայտնել ձեռք բերել այդ աշխատանքները: Տաղավար է այցելել նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ այլոք:

Գնահատելով Artbygeneve-2011-ի արդյունքները, մասնագետները ընդհանուր առմամբ այն հաջողված են համարում: Սակայն Artbygeneve սալոնը դեռեւս հեղինակությունը բարձրացնելու խնդիր ունի, քանի որ իր առջեւ նպատակ է դրել հասնել ամենահայտնի միջազգային արվեստի ցուցահանդեսների մակարդակին: Այդ պատճառով էր, օրինակ, որ այս տարի նկատելիորեն պահանջները բարձրացել էին: 140 թեկնածուներից ցուցադրության համար ընտրվել էր միայն 40-ը: Մասնակիցների մեծ մասը շվեյցարական գալերեաներն էին, կար ֆրանսիական 4, հարավկորեական 3, երկու բելգիական, եւ մեկական գալերեա Հոլանդիայից, Իտալիայից, Հունաստանից եւ Իսրայելից: Այս տարի առաջին անգամ ArtbyGeneve-ն օգտագործել էր էլեկտրոնային համակարգ այցելուների թիվը հաշվարկելու համար. 16435 այցելու է եկել դիտելու 40 ընտրված գալերեաների աշխատանքներն ու պերֆորմանսները:

Մասնագետների կարծիքով, որպեսզի Artbygeneve միջազգային ճանաչում ձեռք բերի, կպահանջվի երեքից չորս տարի: Ժնեւն արդեն հայտնի է կոլեկցիոներների եւ նկարների վաճառքով զբաղվողների շրջանակներում, ինչին նպաստելու համար կան ստեղծված մի շարք հանգամանքներ, այդ թվում 100-ից ավելի գալերեաների գոյությունը քաղաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter