HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը ներկայացնում է ամբողջ Հայաստանը

ՀՀԿ-ն դեռ շարունակում է հստակեցնել իր համամասնական ցուցակը, որը դեռ կենթարկվի որոշ ոչ էական փոփոխությունների: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդ մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ այս ցուցակը տարբերվում է նախկինում եղած ցուցակներից, քանի որ դրանում ներկայացված են տարբեր բնագավառներից հայտնի մարդիկ, այս ցուցակը ներկայացնում է ամբողջ Հայաստանը:

ՀՀԿ ցուցակը կներառի 250 մարդու, սակայն Ռ. Զոհրաբյանի խոսքերով՝ դրանցից, բնականաբար, ոչ բոլորը կհայտնվեն Ազգային ժողովում, ցուցակում ընդգրկվածների մի մասը ընտրություններից հետո կշարունակի իր նախկին գործունեությունն իր բնագավառում: ՀՀԿ փոխնախագահի խոսքերով՝ իրենք այս ցուցակով ներկայացնում են, թե որն է իրենց թիմը, ովքեր են իրենց համակիրները:

Բացի դրանից՝ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը ներկայացվում է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, այլև ամբողջ աշխարհին: ԱԺ-ն նաև Հայաստանի դեմքն է, իսկ ՀՀԿ-ն իր թիմում ներկայացնում է այնպիսի մարդկանց, որոնք ոչ պակաս, քան մի շարք քաղաքական գործիչներ, շահագրգիռ են, որ առկա խնդիրները լուծվեն:

Ռ. Զոհրաբյանի խոսքերով՝ իրենք «100 անգամ հաշվարկ են արել» նախքան որևէ մեկին ցուցակում ընդգրկելը: Ցուցակում ներառված են մարդիկ, ովքեր պատրաստ են լրջորեն զբաղվել քաղաքական և իրավական հարցերով: Ցուցակում հայտնվել են նաև այն մարդիկ, ովքեր այլ կուսակցություններից են, սակայն ցանկություն են հայտնել աշխատել ՀՀԿ-ի հետ:

Անդրադառնալով ցուցակում ընդգրկված մասնավոր անձանց, ովքեր, լրագրողների դիտարկմամբ, կարող են իջեցնել կուսակցության հեղինակությունը՝ Ռ. Զոհրաբյանն ասաց, թե նորմալ է, որ իրենց ցուցակում կան տարբեր շերտեր ներկայացնող անձինք: Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանի մասին բանախոսը նշեց, թե մարդուն կարելի է մեկ անգամ պատժել, բայց ոչ ամեն անգամ:

Գագիկ Բեգլարյանը ժամանակին հասկացավ իր սխալը, հրաժարական տվեց, և հիմա ՀՀԿ-ն «մեծ սիրով ներկայացնում է նրան», և նա դեռ շատ անելիք ունի: Իսկ «գեներալ Մանվելի նման տղաները հերոսներ են», նա մեկն է, ով կռվել է Ղարաբաղում, եղել է «պատերազմի ողնաշարը կոտրող»:

Ռ. Զոհրաբյանի խոսքերով՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում գործում է երկու խոշոր քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նաև նկատվում է կուսակցությունների խոշորացման գործընթաց, խոշոր կուսակցություններին են միանում տարբեր ուժեր, դա արվում է մասնավորապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի օրինակով: Մի քանի տարի անց հայ իրականության մեջ կմնա ընդամենը մի քանի խոշոր քաղաքական ուժ:

Ռ. Զոհրաբյանը նշեց, որ «կոալիցիան կա, պահպանված է»: Բայց քանի որ այժմ նախընտրական շրջան է, յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է իր խնդիրներով, իսկ կոալիցիայի հետ կապված հարցերը կհստակեցվեն ընտրություններից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter