HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Դավթյան. «Մենք աշխատելով ենք հմտանում հյուրատնային բիզնեսի մեր գործի մեջ»

Սերգո Դավթյանը 2013թ.-ին իր բիզնեսը սկսել է սեփական առանձնատան 2 սենյակով: Առանձնատանը բնակվում էր նաեւ ընտանիքը: 2014թ.-ին Սերգո Դավթյանը նկատել է, որ հյուրատնային բիզնեսում իր ընտանիքը ձեռք է բերել որոշ հմտություններ և  որոշել է այդ գործում առաջ գնալ:

«Օձուն» հյուրատունը  2014թ.-ից հետո ամեն տարի հյուրերի 20 տոկոս աճ է ունեցել, իսկ 2019թ.-ին 920 գիշերակացով հյուր է ընդունել և 16, 6 մլն դրամի շրջանառություն ապահովել: Հյուրատունը 2020թ.-ի  հյուրընկալության համար գրանցել է 1020 պատվեր, որը, սակայն, չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Հյուրատան այս տարվա պատվերների չեղարկման հետևանքով 20-22 մլն դրամ շրջանառու միջոցից զրկվել ենք»,-ասում է Սերգո Դավթյանը:  «Օձուն» հյուրատանն այս պահին գործում է 8 սենյակ և կարողանում է հյուրընկալել 16 հոգու:

Սերգո Դավթյանը 2019թ.-ին ստացած եկամուտը համարել է հուսադրող և նույն տարվա գարնանը սկսել է հյուրատան նոր շենք կառուցել: Այն նույնպես ունենալու է 8 սենյակ։

«Թոռնիկ ունեցանք, մտածեցի մեր առանձնատանը երեխայի աղմուկը կարող է խանգարել հյուրերին, որոշեցի կառուցել առանձին հյուրատուն»,-պատմում է Սերգո Դավթյանը:

Ս. Դավթյանի խոսքով, իր հյուրատան նոր շենքը պետք է բավարարի զբոսաշրջիկների պահանջմունքները: Շենքի կառուցման համար գործարարը նաև 25 մլն դրամ վարկ է վերցրել:

Ս. Դավթյանի խոսքով՝ եթե հյուրատունը տնտեսական այս տարում աշխատեր նորմալ ռիթմով, ներդրումային իր գործը կթեթևանար:

Չնայած «Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ» բանկը Ս. Դավթյանի վարկի մայր գումարի մարումը հետաձգել է մեկ տարով, այնուամենայնիվ, կորոնավիրուսի վարակի պայմաններում Ս. Դավթյանի սկսած հյուրատան նոր շենքի կառուցումը բարդացել է:

«Օձուն» հյուրատունն այս պահին հյուրեր է ընդունում Հայաստանի տարբեր վայրերից: Հյուրատունը հարմարեցվել է հակահամաճարակային պայմաններին: Ս. Դավթյանի պատմելով, կորոնավիրուսի պայմաններում գնի հարցում երբեմն կարճ սակարկություն են ունենում հյուրերի հետ: «Մենք հարմարվում ենք մեր հյուրերի հնարավորություններին»,-ասում է նա:

Հյուրատան սննդակարգում ներառված է հիմնականում էկոլոգիապես մաքուր սնունդ, որի մի մասն արտադրում է ինքը՝ Ս. Դավթյանը, մյուս մասն էլ գնում է Օձունի գյուղացիներից:

«Ամեն տարի 4 մլն դրամի գյուղմթերք եմ գնում օձունցիներից։ Կորոնավիրուսի վարակի պայմաններում հյուրատանը մատուցում ենք նաև այնպիսի սննդամթերք, որը կնպաստի հյուրերի  իմունիտետի բարձրացմանը: Նախընտրում ենք նախաճաշին մատուցել մեղր, տանը պատրաստված անարատ կարագ, պանիր, ձու, մրգային տարբեր մուրաբաներ, բանջարեղեն և շուկայից ձեռք բերված մրգեր: Առաջարկում ենք նաև թեյի տարբեր տեսակներ, որպես նախաճաշ մատուցում ենք նաև հյուրի պահանջած ճաշատեսակը»,- պատմեց Ս. Դավթյանը:

Հյուրատան հյուրերը երբեմն իրենք են ուզում պատրաստել իրենց սնունդը: Ս. Դավթյանի բացատրությամբ, դա յուրահատուկ ծառայություն է, այդ ժամանակ հյուրին իրենք տալիս են ճաշ պատրաստելու հնարավորություն և սառնարան:

«Անում ենք ամեն ինչ՝ ամենաքմահաճ հյուրերի հանգստի պայմաններն ապահովելու համար: Ինչքանով է դա մեզ հաջողվում, արդեն կասեն մեր հյուրերը»,-ասում է Ս. Դավթյանը:

Բացի հյուրատնային գործից, Ս. Դավթյանն իր 2000մ տնամերձ հողամասում զբաղվում  է հողագործությամբ: Հյուրերին մատուցում է իր աճեցրած վարունգը, լոլիկը, բազուկը, կանաչ լոբին  ու այլ բանջարեղեն:

Սերգո Դավթյանը զբաղվում է  նաև մեղվապահությամբ: Մեղվի 22 փեթակ ունի: Նա հյուրերին  մեղրի արտադրության դասեր է տալիս, կազմակերպում է մեղրի համտես:

Հյուրերը համտեսում են նաև մրգային թունդ ըմպելիքներ: «Մեղրից էլ եմ օղի թորում, այս տարի շատ լավ էր արտադրանքը, զբոսաշրջիկները դրանով հետաքրքրված են։ Հյուրին չենք նայում որպես հաճախորդի: Չնայած դա աշխատանք ու բիզնես է և որոշակի շահույթ է հետապնդում, մենք հյուրատան հյուրին վերաբերվում ենք մեր անձնական հյուրի պես: Դա մեր բիզնեսում իմ ընտանիքի առաջին մոտեցումն է»,- ասում է գործարարը։  

Ընտանեկան իրենց բիզնեսի հաջողության գլխավոր դերակատար Սերգո Դավթյանը համարում է կնոջը՝ ֆրանսերենի ուսուցչուհի Ազնիվ Ասրյանին:

«Ես իմ կնոջ օգնականն եմ: Ազնիվը մեր ղեկավարն է»,- ասում է նա:

Ազնիվ Ասրյանը տիրապետում է երկու օտար լեզվի՝ ֆրանսերենի և անգլերենի։

«Տղաս տիրապետում է անգլերենին, հարսս՝ գերմաներենին: Ամուսինս՝ բոլոր լեզուներին»,-ասում է տիկին Ազնիվը: Իր համար՝ որպես տանտիրուհու հաճելի և հեշտ էաշխատել ֆրանսիացի հյուրերի  հետ: «Ֆրանսիացիների հետ դառնում ենք ընտանիքի անդամներ, նրանք հատկապես շատ ոգևորվում և զարմանում են, որ հայկական գյուղական ընտանիքում կա իրենց մայրենի լեզվով խոսող տանտիրուհի»,- պատմում է Ազնիվը:

Օձունում զբոսաշրջիկներին հետաքրքրում է ամեն ինչ: «Շրջում են գյուղում, այցելում են 6-րդ դարի կառույց, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի: Քայլող խմբեր կան, որոնք ոտքով գնում են Օձունից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող 8-րդ դարի կառույց «Հոռոմայր» և Հարավկովկասյան երկաթուղու Քոբեր կայարանի բարձրադիր վայրում գտնվող միջնադարի կառույց «Քոբայր» վանքեր»,- պատմում է Ս․ Դավթյանը:

Սերգո Դավթյանը մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցիչ է։ Նա երկրորդ մասնագիտությամբ տնտեսագետ է: Ասում է՝ ինքը և ընտանիքի մյուս անդամները հյուրատնային բիզնեսում հմտանալու համար պարբերաբար մասնակցում են տարբեր սեմինարների և թրեյնինգների:

«Ինչքան սովորում ենք, այնքան նկատում ենք, որ հյուրատնային բիզնեսի արվեստից դեռ շատ բան չգիտենք: Մենք աշխատելով ենք հմտանում հյուրատնային բիզնեսի մեր գործի մեջ»,- ասում է  գործարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter