HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքային փլուզումների պատճառով Ախթալայի ԼՀԿ-ն այսօր դադարեցրել է Շամլուղի ստորգետնյա հանքի 6-րդ տեղամասի աշխատանքները

Լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանը առավոտյան «Հետք-ին հայտնեց, որ Շամլուղի ստորգետնյա հանքի 6-րդ տեղամասի աշխատանքերը դադարեցվել են։  

Շամլուղի ստորգետնյա հանքի 6-րդ տեղամասի վերին տարածքում երկու շաբաթ առաջ սողանքի պատճառով մեծ ժայռ է փլվել, տարածքում առաջացել են սողանքային շերտեր: Վերևից 6-րդ տեղամասին հարող սողանքային մոտ 2000քմ տարածքը  կոմբինատի տնօրինության կողմից մեկ շաբաթ առաջ մեկուսացվել է փշալարերով: Փշալարերի վրա մի քանի տեղ գրված է . «Վտանգավոր գոտի, կողմնակի անձանց մուտքն արգելված է»:

Սողանքային տարածքը ընդգրկում է նաև Շամլուղ բնակավայրի ծայրամասը: Վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ Շամլուղ բնակավայրի ծայրամասում ապրում են 22 ընտանիքներ, որոնցից 7-ը արդեն 10 տարուց ավելի է չգրանցված են ապրում լքված տներում։ Կեսգիշերին ժայռի փլուզման ձայներից խուճապահար շամլուղցիներն անմիջապես ահազանգել են սողանքի մասին: Փլուզումից հետո անցած 15 օրերին լեռնահարստացման կոմբինատի կողմից սողանքային տարածքում մասնագիտական և երկրաբանական որևէ հետազոտություն չի իրականացվել: Հիշեցնենք, որ Շամլուղի տակ գտնվում են մի քանի փակ հանքեր: Շամլուղի բնակիչ Կարինեն, երեկ հրաժարվեց մեզ հետ խոսել սպառնացող սողանքային փլուզման վտանգների մասին. «Ես չեմ կարող փլուզման մասին խոսել, թող հանքի աշխատողները խոսեն: Բան էլ ասում ենք, գալիս են աչքներս հանում»,- ասաց Կարինեն:  

Արթուր Շախկյանը պատմեց, որ 17 տարի է՝ տանտիրոջ համաձայնությամբ ապրում է Շամլուղի լքված բնակարաններից մեկում: Նա լսել է փլուզման ձայները: Արթուրը մեզ ցույց տվեց իր զբաղեցրած տան պատի մեծ ճեղքվածքը, որն առաջացել է հանքում կատարավող պայթեցումներից: 

Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ սողանքային տարածքը  հանքի 6-րդ տեղամասի վերևում է: «Հանքարդյունաբերությունը տեղով վտանգ է: Այս պահին սողանքային փլուզումը դադարի վիճակում է, մի 15 օր առաջ է սկսվել  փլուզումը»,- ասաց նա: Վերջինս փլուզումից հետո դեպքի վայր է գնացել  լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ղեկավարի հետ։  

«Ես ԼՀԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ չեմ խոսել: Անվտանգության պետն էր մի քանի աշխատակիցների հետ եկել դեպքի վայր: Միասին տեղանքը նայել ենք: Սողանքը տեղի է ունեցել գիշերը, գյուղացիները ժայռի փլուզման ձայները լսել և խուճապի են մատնվել»,- պատմեց Ա. Աղաբաբյանը: 

Հանքի 6-րդ տեղամասի մուտքի մոտ գտնվող տնակից դուրս եկած մոտ 60 տարեկան տղամարդը փլուզման մասին մեր հարցին հոխորտանքով պատասխանեց. «Սա հանք է, շոկոլադի զավոդ չի, սողանք էլ կա, վտանգ էլ կա, ամեն ինչ էլ կա: Մենք էլ մեր տունը սրանով ենք պահում: Էս էլ փակենք, մեր տունն ինչով պահենք: Ինձ թվում է, որ դուք հանքի գլխի սողանքի մասին խոսելիս, հանքը փակելու խնդիրն եք ուզում դնել»,- ասաց  նա, ով այդպես էլ չներկայացավ մեզ:  

Հանքային տեղամասից տրակտորով հանքային ապարներ հանող շնողցի Արայիկ Բեկթաշյանը մեզ բացատրում էր, որ փլուզման տակ գտնվող հանքի 6-րդ տեղամասի տարածքից հանքաքար չեն հանում, հորատման աշխատանքներ են կատարում տեղամասից դեպի աջ գնացող տարածքից: Արայիկը անվտանգ էր համարում  հանքափորի աշխատանքը և պնդում էր, որ հանքում պաշտպանված է իր անվտանգությունը: Երիտասարդ հանքափորի ասելով հանքում իրեն պարբերաբար զգուշացնում հանքի փափուկ ապաների տակով չանցնելու և այլ վտանգների մասին:

Երեկ հանքային տեղամասում չհաջողվեց հանդիպել լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանին: Այսօր Սամվել Խաչատրյանը մեզ հայտնեց , որ երկրաբանական հետազոտություններ կատարելու և սողանքային վտանգները պարզելու նպատակով  ընկերության կողմից առավոտյան դադարեցվել է Շամլուղի փակի հանքի 6-րդ տեղամասի աշխատանքերը: «Մասնագիտական հանձնաժողովների կողմից սողանքային իրավիճակի նոր վտանգներ արձանագրվելու դեպքում, մենք  հանքի 6-րդ տեղամասը ընդհանրապես չենք շահագործի»,- ասաց ԼՀԿ-ի տնօրենը: Այսօր առավոտյան Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նույնպես  հեռախոսով մեզ հայտնեց, որ երեկ երեկոյան Շամլուղի փակ հանքի  6-րդ տեղամասի վիճակի մասին քննարկումներ է ունեցել Ախթալայի ԼՀԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ, և որոշվել է այսօր առավոտվանից դադարեցնել 6-րդ տեղամասի  աշխատանքերը: 

«Սողանքային հետազոտությունների ընթացքը իմ ամենօրյա հսկողության տակ է լինելու: Արդյունքների մասին մենք պարբերաբար կտեղեկացնենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter