HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթի որդին դպրոց չի գնացել. երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել (վիդեո)

Լիլիթ Սարգսյանի 7-ամյա որդին այս տարի դպրոց չի գնացել, որովհետև մայրը չի կարողացել հոգալ դպրոցականի համար ամենաանհրաժեշտ ու ամենատարրական կարիքները: Երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել, և Լիլիթը ստիպված է եղել նրան տանը պահել' ավելորդ ծախսերից խուսափելու համար:

Լիլիթը միայնակ մայր է համարվում, համապատասխան փաստաթղթեր էլ ունի, երկու երեխա է մեծացնում, երրորդին էլ սպասում է, բայց միշտ չէ, որ նրանց կարիքները կարողանում է հոգալ: Ամուսինը հիվանդ է, երբեմն գալիս է երեխաների մոտ, հետո օրերով բացակայում է:

Լիլիթի խնամակալության տակ է նաև նրա 16-ամյա քույրը, ում հետ էլ ապրում է Լիլիթն ու իր երեխաները: Մայրը Արցախյան պատրեազմի մասնակից է եղել, և քաղաքի ծայրամասում' Չարբախի հանրակացարանի սենյակը նրան են հատկացրել, մայրն էլ կտակել է կրտսեր դստերը:

Այս ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը 30 հազար դրամ նպաստն է եղել, որից էլ արդեն 7 ամիս է զրկել են: Լիլիթը մարտին «Կենտրոն» կանաչապատման գրասենյակում աշխատանքի է ընդունվել, ծաղիկներ խնամել, տարածքը մաքրել: «Փարոսում» այդ մասին իմացել են ու կտրել նպաստը: Երբ աշխատանքից ազատվել է և ուզեցել է կրկին վերականգնել այն, Լիլիթին ասել են, որ պետք է ամուսնուն գրանցի այդ սենյակում, եթե ոչ' նպաստ չի ստանա: Սակայն Լիլիթն ասում է, որ ամուսինը գրանցված է իր տատի տանը, և ժառանգությամբ քրոջը տրված բանակարանում նրան գրանցել չի ուզում: Քույրը հնարավոր է ընտանիք կազմի և այստեղ բնակվի:

Լիլիթի տան պայմանները շատ համեստ են: Համեստը' մեղմ է ասված: Առավոտյան պատուհաններին սառույց է կապում, ջուրը նախկինում դրսի ծորակից էին բերում, հետո հարևանն իր համար ջրագիծ է անցկացրել, մի ծորակ էլ տվել է Լիլիթին: Էլեկտրաէներգիայի պարտքերը սովորական են դարձել: Երբ լույսն անջատում են, միակ հույսը էլեկտրիկի մեծահոգությունն է, և նրան են խնդրում լույսը միացնել մինչև կարողանան մի տեղից գումար գտնել և փակել գոյացած պարտքը: Փայտե վառարանի համար դրսից հավաքում են վառվելու պիտանի ինչ պատահի' հին կոշիկներ, ցախ, հագուստ կամ խանութներից արկղեր են բերում:

Կրթությունից դուրս մնացած երեխաներ հանրակացարանի այս շենքում շատ կան: Հարևան մուտքում 7-ամյա Մոնիկան ևս առաջին դասարան չի գնացել: Շենքի բնակիրչները ցույց են տալիս 7-րդ հարկում բնակվող մեկ ուրիշ ընտանիքի, ում 4 երեխաներն էլ դպրոցահասական են, բայց չեն հաճախում, որովհետև միակ աշխատող հայրը հասցնում է հոգալ ընտանիքի գոյատևման համար ամենանհրաժեշտը' հացի խնդիրը, բայց նրանք նկարահանվել չեն ուզում, հույս չունեն, որ որևէ բան կփոխվի:

Մինչդեռ փետրվարի 11-ին կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստին, որը վարել է անձամբ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների և ոստիկանության համապատասխան բաժինների կողմից կատարվել է ուսումնասիրություն' մայրաքաղաքում հաշվառվել է դպրոց չհաճախող 10 երեխա, սակայն արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանություններ (1)

S. S.
Մարդիկ բացատրեք ինձ խնդրում եմ, միգուց ես ինչ որ բան չեմ հասկանում...... Ոնց է պատահում, որ հենց այն մարդիկ, որվքեր չեն կարողանում պահել իրենց արդեն ունեցած երեխաներին, էլի երեխաներ են ունենում ու ունենում............ ՀԻմա այս կինը, որ երկուսին ցհի կարողանում տարրական պայմաններ ապահովի, ամուսինն էլ մեկ կա, մեկ չկա, պատրաստվում է երրորդը ունենալ.......... Բացատրեք ինձ, սա նորմալ է? Նորմալ է, որ ծնողը այսքան անպատասխանատու լինի իր արդեն ունեցած և դեռ չծնված երեխաների նկատմամաբ? Հիմա ոմանք կարող են ասել, որ եթե սա նորմալ պետություն լիներ, այսպիսի ընտանիքների ինչքան լավ կպահեին............ Այո, ես համաձայն եմ. ԲԱՅՑ. մենք ապրում ենք այս պետությունում: Եվ դա հասկանալով եկեք մի քիչ պատասխանատու լինենք մեր երեխաների առաջ...............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter