HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակի տիրակալների համար ժողովրդի ավելորդ ծախսը նշանակություն չունի

Իշխող կուսակցությունն իրեն տիրակալն է համարել նաև ժամանակի և որոշել այնպես, ինչպես ցանկացել է: Հայաստանում այսուհետ ամառային և ձմեռային ժամանակ, մի ժամային գոտուց անցում մյուսին չի լինելու:

«Հայաստանի Հանրապետության ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքն ընդունվել է 1997 թ. դեկտեմբերին,- այսօր ասուլիսում ասաց նշված օրենքում փոփոխությունների համահեղինակ, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:- Ըստ այդմ՝ որոշվել էր, որ ամեն տարի մարտ ամսվա վերջին կիրակի օրը մենք ժամացույցի սլաքը 1 ժամով առաջ ենք տալիս, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը մեկ ժամով հետ ենք տալիս: Այսպիսով՝ տարվա մեծ հատվածում անցնում էինք ամառային ժամանակի: Այդ օրենքը ժամանակի պահանջ է եղել, քանի որ այդ տարիներին էլեկտրաէներգիայի հետ կապված պրոբլեմներ ենք ունեցել, նաև` մարդիկ լույսի կարոտ էին, որովհետև այդ 1 ժամ բնական լույսը կարծես թե պետք էր մարդկանց»:

Նախ նկատենք, որ  1997 թ. դեկտեմբերին և դրանից հետո մեր ժողովուրդն էլեկտրաէներգիայի հիմնախնդիր այլևս չուներ, հովհարային անջատումները դրանից 1-2 տարի առաջ դադարեցված էին արդեն, մի խոսքով, ՀԱԷԿ-ի վերագործարկմամբ էլեկտրաէներգիայի հետ կապված «պրոբլեմներ» չենք ունեցել: Նշենք նաև, որ մարդիկ լուսասերից խավարասեր չեն դարձել, և հավելյալ 1 ժամ բնական լույսը հիմա էլ մարդկանց պետք է: Հետևաբար 1997-ին հաջորդած տարիների համեմատ ի՞նչ է փոխվել, որ հիմա որոշեցին ժամանակն առաջ չտալ: Գուցե ժողովուրդը սկսել է բարեկեցիկ կյանքո՞վ ապրել, ու մենք չգիտենք: Գուցե մեր երկրում աղքատության հիմնախնդիրը հաղթահարվե՞լ է, մարդիկ այլևս էլեկտրաէներգիա խնայելու կարիք չունե՞ն…

Ըստ պատգմավորի՝ վերջին 2-3 տարիներին խոսակցություններ կային նաև հասարակության շրջանում, որ մարդիկ դժվարությամբ են ընտելանում այդ ժամանակի փոփոխությանը:

«Այսինքն,- շարունակեց Կ. Աճեմյանը,- քանի որ գարունը և աշունը սթրեսային են համարվում, մարդկանց որոշակի հատված, որոնք նաև ունեն առողջական խնդիրներ` կապված և սրտանոթային համակարգի հետ և ճնշման հետ, նրանց մոտ այդ ժամային գոտու փոփոխությունն ավելի դժվար էր իրականանում»:

Եթե դա, իրոք, այդպես է, բնականաբար, հարց է առաջ գալիս` տվյալ խոսակցություններն ավելի վաղ չկայի՞ն, 2009 թվականից առաջ մարդիկ չունեի՞ն այդ խնդիրները, իսկ եթե ունեին, Հայաստանի իշխանությունները դրանց մասին միայն վերջին 2-3 տարիների՞ն իմացան…

Ինչպես արդեն հայտնի է, «Հայաստանի Հանրապետության ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, այդ փոփոխությունների մասին օրենքն արդեն ընդունվել, նախագահը ստորագրել է, և այս տարվա մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չի տրվելու, ոչ էլ հոկտեմբերի վերջին կիրակի օրն է հետ տրվելու:

«Այլևս փոփոխություն չի լինի, մենք կմնանք մեր բնական ժամային գոտում, դա այն ժամային գոտին է, որում մենք երկար ապրել ենք»,- ասաց պատգամավորը:

Ընդգծենք, որ ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալով ու մեկ ժամ պակաս օգտվելով բնական լույսից, մեր երկրում ապրողները հարկադրված են լինելու արհեստական լուսավորության համար ամեն օր հավելյալ 1 ժամ էլեկտրաէներգիա ծախսել:

Մթնելուց հետո յուրաքանչյուր բնակարանում լուսավորության և հեռուստացույցի համար ժամում եթե ոչ նվազագույնը, ապա միջինը 500 վատ էլեկտրաէներգիա է օգտագործվում: Մեկ ամսվա ընթացքում դա կազմում է 15 կիլովատ կամ, էլեկտրաէներգիայի ներկայիս սակագների պարագայում, 450 դրամ: Մարտի վերջից մինչև հոկտեմբերի վերջ (7 ամիս) էլեկտրաէներգիայի ավելորդ կամ հավելյալ ծախսը կազմելու է 105 կիլովատ, կորսված գումարը` 3150 դրամ:

Կրկնում ենք` սա դեռ մեկ բնակարանի հաշվով, իսկ երկրի մասշտաբով կորուստը, բնականաբար, ահռելի է լինելու: Բնականաբար, պետական բյուջեն հանրապետական պատգամավորի համահեղինակած օրենքից և մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալուց մեծապես օգտվելու է սպառողների հաշվին, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց մեկ տարվա ընթացքում վճարված այդ հավելյալ 3150 դրամից առնվազն 20 %-ը (630 դրամը) հարկերի ձևով իրենն է լինելու, գանձվելու է պետբյուջե: Հիմա բազմապատկեք այդ թիվը Հայաստանում եղած այն բնակարանների, տների քանակով, որտեղ ապրող ընտանիքները երկրից դեռ չեն հեռացել, ստացված թիվն էլ բազմապատկեք հետագա տարիներով:

Ինչպես արդեն նշեցինք, ըստ Կ. Աճեմյանի, ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ չտալով, մենք կմնանք մեր բնական ժամային գոտում, այսինքն` հիմա մենք մեր բնական ժամային գոտում ենք: Դե եթե այդպես է, ապա ձմռանը ժամը 17-18-ից օրը մթնելու է, դա՞ է բնական ժամանակը… Խորհրդային տարներին ու դրանից որոշ ժամանակ հետո էլ մեր և Մոսկվայի ժամանակների միջև 1 ժամի տարբերություն կար: Ռուսաստանն անցյալ տարի պետության ու ժողովրդի շահերից բխող ճիշտ որոշում կայացրեց` աշնանը ժամացույցի սլաքը 1 ժամ հետ չտալով և անցում չկատարելով, այսպես կոչված, ձմեռային ժամանակի: Հիմա, երբ մենք սլաքը 1 ժամ առաջ չենք տալու, մեր և Մոսկվայի ժամանակները, ի տարբերություն անցյալի, հավասարվելու են: Կարծում ենք, հենց սա է, որ բնական չէ:

Ճիշտն այն կլիներ, որ մենք մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ տայինք և այլևս չփոխեինք ժամերը, այսինքն` հոկտեմբերի վերջին կիրակի օրն այլևս հետ չտայինք: Այդ դեպքում չէր կորսվի էլեկտրաէներգիայի ահռելի հզորություն, մեր ժողովուրդը խավարում չմնալու համար էլեկտրաէներգիայի ավելորդ ծախս չէր կատարի, յուրաքանչյուր ընտանիք դրա դիմաց չէր կորցնի շոշափելի գումարներ: Ի գիտություն բնական ժամային գոտուց խոսացողների ու դա իբրև փաստարկ նշողների, մարդիկ կօգտվեին Աստծո տված բնական լույսից: Ավելին. չէին վատնվի էներգակիրները, շրջակա միջավայրը լրացուցիչ չէր ապականվի, կլիմայի գլոբալ փոփոխության հարցում մեր բացասական ազդեցությունը կնվազեր:

Ճիշտ է, ժամանակի փոփոխություն կատարելու դեպքում, ինչպես նախկինում ամեն մի փոփոխությունից, հասարակության մի մասը մի քանի օր հոգեբանական, առողջական որոշ խնդիրներ կունենար: Սակայն ընդգծենք, որ դա կլիներ արդեն վերջին անգամ, քանի որ ժամանակի փոփոխություն, որը կատարվում էր տարեկան երկու անգամ, այլևս չէր կատարվի, տիկին Աճեմյանը կամ մեկ ուրիշն էլ չէին կարողանա շահարկել հոգեբանական, առողջական խնդիրների առաջացման հարցը:

Ռուսաստանը, ճիշտ որոշում կայացնելով, շահագրգռված է եղել նաև իր էներգակիրների խնայողությամբ (ինչու դրանք, ասենք, 100 տարվա փոխարեն, սպառվեն 80 տարում), Հայաստանը չունի այդ խնդիրը, էներգակիրները դրսից բերովի են, իսկ որ ավելորդ կծախսվեն, հանրապետականների և, ընդհանրապես, իշխանությունների հոգը չէ, միևնույն է, դրա դիմաց ժողովուրդն է վճարելու, իհարկե, նաև` իրենք, բայց իրենց համար տարեկան թեկուզ 5000 դրամ հավելյալ ծախսը չնչին է, օվկիանոսից կաթիլի կորուստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter