HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողի գործով ապացույցը չկցվեց գործին

Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի գործով երեկ`մարտի 23-ին, կայացած հերթական դատական նիստին հայցվորը հերթական «ավարտական ճառը» ներկայացրեց դատարանին: Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն առարկեց այդ փաստաթղթի դեմ`ասելով. «Սա քրեակա՞ն վարույթ է, որ ավարտական ճառեր են ներկայացվում»:

Դատավոր Վարդուհի Հովնանյանը բացատրեց, որ հայցվորն իր դիրքորոշումն է այդպես վերնագրել: Տիգրան Եգորյանը, սակայն, նկատեց, որ հայցվորի գրավոր դիրքորոշումը` «ավարտական ճառ» վերնագրով, արդեն ընդունվել է դատավորի կողմից: Վերջինս գյուղապետի հերթական «ավարտական ճառը» նրան վերադարձրեց: Վանո Եղիազարյանը պնդեց, որ դա ըստ էության պատասխան է: Փաստաբան Եգորյանը դարձյալ առարկեց`ասելով, որ օրենքը հնարավորություն է տալիս հայցադիմումին պատասխան ներկայացնել, սակայն չկա այնպիսի ընթացակարգ, որ պատասխանին պատասխան ներկայացվի, ներկայացված պատասխանին`նոր պատասխան և այսպես շարունակ:

Հայցվոր Վանո Եղիազարյանը դատական ամբիոնից հայտարարեց, որ պատասխանող Ա. Թորոսյանը, լինելով իր նախկին ուսանողը, կանխամտածված անվանարկել է իրեն: Ըստ գյուղապետի` պատճառն այն է, որ պատասխանողն իբր ցանկացել է դասախոս աշխատել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, դա նրան չի հաջողվել, և այժմ նա վրեժխնդիր է լինում իր նախկին դասախոսներից:

Ապա Վանո Եղիազարյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որպեսզի, իր խոսքով, «հուշեր արթնացնի» նախկին ուսանողի մեջ: «Նա կարող է հիշել իր ուսանողության տարիները, երբ որ ես իր դասախոսն եմ եղել, ինքը 5 է նշանակվել իմ կողմից, ոչ թե ստացել է, այլ նշանակվել…»:

«Թողեք բարոյական դաս տամ, թողեք»,-շարունակեց գյուղապետը`ուշադրություն չդարձնելով իր ելույթի դեմ պատասխանողի և նրա ներկայացուցիչների առարկություններին: Փաստաբան Տիգրան Եգորյանը նկատեց. «Այսինքն`պնդում եք, որ գնահատական եք նշանակել ուսանողին ոչ ինտելեկտուալ և մտավոր կարողությունների համար»:  (Հետաքրքիր է` ինչ կասի բուհի ղեկավարությունը դասախոսի այսօրինակ ինքնախոստովանության կապակցությամբ, որ ուսանողին գնահատական է նշանակվում ոչ իր գիտելիքի համար): Դատավորն ընդհատեց փաստաբանի դիտարկումը`խոսքը դարձյալ փոխանցելով գյուղապետին:

Այդ ընթացքում խախտում արձանագրվեց դատական կարգադրիչի կողմից: Փաստաբան Եգորյանը բացարկ հայտնեց կարգադրիչի անօրինական գործողության դեմ, որ առանց դատավորի համապատասխան որոշման նիստին ներկա քաղաքացի Գևորգ Մելքոնյանին դուրս հրավիրեց դահլիճից: Դատավորը մինչև վերջ ժխտում էր, որ քաղաքացին կարգադրիչի կողմից է հեռացվել դահլիճից: «Որևէ ձևով ասաց, որ դուրս հանեց, լսեցիք, որ դուրս հանեց,-ասում էր դատավորը,-Կարգադրիչը որևէ բառ չասաց, որևէ մեկը դուրս չի հանվել: Թող դուրս չգնար»:  Փաստաբաններն ու ներկաները վկայեցին, որ կարգադրիչը ձեռքի շարժումով է քաղաքացուն հրավիրել դուրս: Փաստաբանները պահանջեցին, որ դատավորը ներս հրավիրի կարգադրիչի ապօրինի գործողության արդյունքում դրսում հայտնված քաղաքացուն, ինչին ի պատասխան դատավորը նշեց, որ ինքը ոչ մեկին դուրս չի հրավիրել ու ոչ մեկին էլ ներս չի հրավիրի: Ի պատասխան դրա' Լուսինե Հակոբյանը հայտարարեց, որ ինքը ներս կհրավիրի քաղաքացուն և նիստերի դալիճից դուրս գալով նրան վերադարձրեց դահլիճ: 

Գյուղապետը բողոքում էր, որ լրագրողը մամուլով շարունակաբար անվանարկել ու հետապնդել է իրեն. «Սկսում է հետապնդումներ իմ անձի հանդեպ, թե ես որ ժամին որտեղ եմ եղել: Նույնիսկ դիմում է գրում մարզպետին, ԿԳ նախարությանը, թե ես իրավունք ունեմ գյուղապետ լինել և միաժամանակ ներկայացուցիչ լինել; Դիմում է նույն ռեկտորին`պարզելու, թե երբ եմ ընտրվել դոցենտ; Սկսում է մի այլանդակ հետաքննություն իմ անձի, գործունեության հանդեպ… Եթե նա արդար լրագրող է, ինչու է կանգնել զրպարտիչների կողքին, ինչու է նրանց շահերը պաշտպանում լրատվության միջոցով: Դատարանին տեղեկացնում եմ, որ մասնակցել է այլ դատական նիստերի ևս, որտեղ փորձել է քողարկել իմ դիրքորոշումը: Նրա հրապարակումները կողմնակալ են: Ավելին, նա լկտիաբար դատական նիստերից մեկի ժամանակ, հակառակ իմ կամքի, լուսանկարել է ինձ…»:

Փաստաբաններն առարկեցին նաև այս ձևակերպումների դեմ. «Եվ մենք պետք է շարունակենք լսե՞լ այս վիրավորանքները»,- դատավորին հարցրեց Լուսինե Հակոբյանը, ինչից հետո միայն դատավորը «հորդորեց» գյուղապետին զերծ մնալ որակումներից:

Տիգրան Եգորյանը, հայցվոր Եղիազարյանի ելույթը գնահատելով «վստահված խոսքի և ձայնի իրավունքի չարաշահում», դատավոր Հովնանյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ամբիոնը հայցվորի կողմից օգտագործվում է անձնական նպատակներով`դատական նիստին ոչ հարիր նյութերի հրապարակման համար:  

Գյուղապետի «ավարտական ճառի» ընթերցումից հետո պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը Վանո Եղիազարյանին հիշեցրեց, որ նա շարքային քաղաքացի չէ, այլ հասարակական գործիչ և հանրային հետաքրքություն ներկայացնող անձ: Ապա ծանոթացրեց նրան այն կազմակերպությանը, որ պատասխանողն է ներկայացնում` «Հետաքննող լրագրողներ»: Բացատրեց գյուղապետին, որ լրագրողները, առավել ևս`հետաքննող, ունեն լրագրողական հետաքննություն անցկացնելու իրավունք: Եվ այդ ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են հարցումներ ու դիմումներ հասցեագրել ցանկացած պետական և մասնավոր կազմակերպության: «Ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտականություն»,-ավելացրեց Տիգրան Եգորյանը: Վերջինս գյուղապետի`դատարանում հնչած ճառի հետ կապված նկատեց, որ նա նույն`ուսանող-դասախոս հարաբերությունից ելնելով էր լրագրողի նկատմամբ 1 միլիոն դրամի պահանջն իջեցրել 1 լումայի`առաջնորդվելով իբր բարոյական սկզբունքներով: «Անհասկանալի է, թե ինչպես այդ տարիների հիշողության ողջ բեռը նախնական դատական նիստի ժամանակ Ձեզ վրա անդրադարձավ այնպես, որ պահաջը իջեցնեք 1 լումայի, իսկ այժմ «բարոյական դաս» կարդաք»,-գյուղապետին դիմեց Եգորյանը: 

Ներկայացուցիչները ցանկանում էին ճշտել` կոնկրետ ինչպես է հայցվորն ընկալում զրպարտությունը և ինչպես է իրեն զրպարտված համարում լրագրողի հոդվածով: Ինչպես է «արածել» բառը վիրավորել գյուղապետին և, վերջինիս խոսքով, բացասական էմոցիա առաջացրել իր անձի և անվան շուրջը: Սակայն դատավորը նրանց թույլ չտվեց իրենց հարցերն ուղղել հայցվորին: Ասաց, որ իր կողմից հայցվորն արդեն կանչվել է հարցաքննության, և «հարցեր տալու փուլն» անցել է, իսկ ներկայացուցիչներն այդ ընթացքում հարց չեն ուղղել հայցվորին:

Այս կապակցությամբ ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեցին, որ կողմերին հարցաքննության կանչելով`դատավոր Հովնանյանը չի հայտարարել, որ սկսվում է ապացույցների հետազոտման փուլը, որի ընթացքում պետք է անդրադառնան դատարանի որոշմամբ կողմերի միջև բաշխված պարտականություններին, այն է` պատասխանողը պետք է հիմնավորի իր հրապարակման նպատակը, իսկ հայցվորը պարզաբանի, թե այդ հրապարակմամբ ինչպես է արատավորվել իր պատիվն ու արժանապատվությունը: Բայց դատավորը չի հայտարարել այդ մասին, իրենք էլ հնարավորություն չեն ունեցել իրենց հարցերն ուղղելու հայցվորին:

Այդ փուլում էր, երբ Վանո Եղիազարյանը համարեց, որ ժամանակն է լքել նիստերի դահլիճը, բայց քաղաքավարությունից դրդված պատճառաբանեց, որ այլ գործեր ունի և նույնիսկ թույլտվություն հայցեց դատավորից: Դատավորը մեծահոգաբար թույլ տվեց` ասելով` դա ձեր իրավունքն է:

Դատավոր Հովնանյանը հրաժարվեց գործին կցել փաստաբանների`դատարանին որպես ապացույց ներկայացրած` հրապարակման նպատակը հիմնավորող գրավոր բացատրությունը, ինչպես նաև գյուղապետ Վանո Եղիազարյանի կողմից պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով իր համագյուղացիների դեմ հարուցված 10 դատական գործերի ցանկը`բոլորը գումարային պահանջով: Վերջին ապացույցը փաստաբանները ներկայացրելմ էին հետևյալ հիմնավորմամբ. ընթերցողը պատասխանողի հրապարակումից 2 եզրահանգման կարող է գալ. կամ գյուղապետն օգտվել է օրենքով ընձեռնված պաշտպանության միջոցից (վիրավորանքի դեպքում օրենքը 1 միլիոն դրամի փոխհատուցման հնարավորություն է տալիս), կամ ագահություն է անում, որ համագյուղացիներից և լրագրողից մեծ չափի փոխհատուցում է պահանջում: Նշված 10 գործերի ցանկը ներկայացնելով`փաստաբանները նպատակ ունեն հիմնավորելու, որ եթե նույնիսկ ընթերցողը երկրորդ կարծիքին հանգի, ապա դա ընդհանրապես անհիմն չէ: Դատավորը փաստաբանների գրավոր բացատրությունը չընդունեց`պատճառաբանություն բերելով մրցակցության սկզբունքը, քանի որ ներկայացուցիչների միջնորդության հիման վրա մերժել է ընդունել հայցվորի «ավարտական ճառը»: 

Մյուս ապացույցը` գյուղապետի փոխհատուցումների ցանկը, դատավորը չընդունեց` պատճառաբանելով, որ այն չի ներկայացվել նախնական դատական նիստի ընթացքում: Վկայակոչեց օրենքը, ըստ որի`դատաքննությունն սկսելուց հետո գործին մասնակցող անձը կարող է լրացուցիչ ապացույցներ ներկայացնել, եթե հիմնավորի, որ դրանք նախնական քննության ընթացքում չի ներկայացրել իրենից անկախ պատճառներով: Ներկայացվեց նաև փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որը դատավորը զարմանալիորեն ընդունեց` ընդամենը հետաքրքրվելով, թե ինչու են նոր ներկայացնում:Փաստաբանները բացատրեցին, որ  թղթերի բամազանության մեջ չնկատելով` չեն փոխանցել դատավորին: 

Ներկայացուցիչները փորձեցին ապացույցները կցել գործին` վկայակոչելով այլ հանգամանքներ: Պնդեցին, որ ըստ նախապես որոշված`ապացույցների բաշխման բեռի`պատասխանողը կրում է իր հրապարակման նպատակը հիմնավորելու, ինչպես նաև հայցվորի որակած վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պարտավորություն: Ուստի` որպես այդպիսի փաստական հիմք է ներկայացվում գյուղապետի դատական գործերի վերաբերյալ ցանկը: Դատավորը դարձյալ չընդունեց ապացույցները:

Փաստաբանները վկայակոչեցին այլ օրենք: Նկատեցին, որ դատաքննությունն ավարտին է մոտենում, իսկ Քաղ. դատ. օր.-ով`գործի այդ փուլում դատավորը հնարավորություն է տալիս կողմերին ներկայացնելու այլ նյութեր: Եվ որպես լրացուցիչ նյութեր`նշված ապացույցները փաստաբաններ Հակոբյանն ու Եգորյանը ներկայացրին դատավորին: Վերջինս շարունակեց պնդել, որ դրանց վերաբերյալ արդեն որոշում կայացրել է: Դատավոր Հովնանյանի այդ որոշումը փաստաբանները գնահատեցին որպես Քաղ. դատ.  օր.-ով ամրագրված`մրցակցության սկզբունքի խախտում:

Հաջորդ դատական նիստը հետաձգվեց, հետաձգվեց, որպեսզի հայցվորը հնարավորություն ունենա ծանոթանալու ներկայացված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին` ժամը 11.30-ին: 

Մեկնաբանություններ (2)

Կարեն Մեժլումյան
Քանի որ դատական նիստը հետաձգվել է, կոլեգաներիս առաջարկում եմ 1) դատարանի չընդունած բոլոր նյութերը ուղարկել փոստի միջոցով, 2) առաջին անգամ եմ հանդիպում, որ բացատրությունը (գրավոր թե բանավոր) ապացույց է և դատարանը հրաժարվում է այն ընդունել
AAaaa
es inch boy bez pravil a gnum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter