HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մենք սարի վրա ապրող ժողովուրդ ենք, մեր ձենը կառավարություն ուշ կհասնի»

1985 թ.-ի հունիսի 13-ին Աշոցքի տարածաշրջանի Կրասար գյուղի բնակիչներն արթնացան ձնախառն քամու ձայնից: Ամռավա սկզբին, երբ անասունը սարերը պիտի բարձրանար, սպիտակահեր ձմեռն, ինչ որ բան կորցրած անկոչ հյուրի նման հետ եկավ: 3 օր ձյան ծածկույթն ու սառնությունը թագավորեց Հայաստանի հյուսիսում, հետո ինչպես հանկարծակի եկել էր, այնպես էլ անակնկալ սպիտակ փեշերը հավաքեց ու հեռացավ: «Ըստեղ մենակ երկու եղանակ կա, գարուն ու ձմեռ: Տարին 12 ամիս ունի, 8 ամիսը մեր մոտ ձմեռ է,- դժգոհում է կրասարցի 61-ամյա Ռաֆիկ Կարապետյանը,- դե արի, անասունի համար էդքան խոտը առ, տանդ վառելիքն ապահովե, դու էլ պարապ-սարապ ման արի աչքդ գարնան ճամփին, օր գա, գործ էնես»:

550 բնակիչ ունեցող Կրասարում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Գյուղի 560 հա վարելահողերից ընդամնեը 80 հա-ն է մշակվում: Գյուղի տղամարդիկ տարվա ապրուստն ապահովելու համար արտագնա աշխատանքի են մեկնում: Կրասարը գազիֆիկացված է: Փողոցների երկայնքով ձգվող սպիտակ խողովակները կասկածի տեղիք չեն թողնում, սակայն արի ու տես, որ 100 տնից ընդամենը 13 տուն է կապույտ վառելիքը մուտք գործել: Պարտքով-վարկով տունը գազ հասցրած կրասարցիներից էլ ընդամնեը 2 ընտանիք է համարձակվել այս ձմեռ գազով տաքանալ, մնացածն ինչպես եղել էին պապենական աթարի հույսին, այդպես էլ մնացին: Ասում են՝ գազը լավ բան է, արժի որ վառենք-տաքանանք, բայց ում կամ ինչի հույսով, գումարներն հետո ինչպես փակվենք:

Ներկայիս համայնքապետ Խաչիկ Մելիքյանը գյուղը ղեկավարում է 2011 թ.-ի ապրիլից: Նախկին համայնքապետ Վահագն Հովհաննիսյանի կուտակած 13 մլն դրամ բյուջետային պարտքը ժառանգելուց զատ, Խաչիկ Մելիքյանը ստիպված է նաեւ իրագործելու անցած չորս տարիների համար գյուղի զարգացման ծրագրում գրված, սակայն իրականություն չդարձած ծրագրերը: Խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցում, մշակույթի տան նորոգում, դպրոցի կառուցում, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ծրագիր ու այս ամենը ծանրացել է 3,5 մլն դրամ սեփական եկամուտ եւ 4 մլն դրամ դոտացիա ունեցող համայնքապետարանի ուսերին:

Խեղճության առումով Կրասարի համայնքապետարանն ուղիղ համեմատական է ունեցած բյուջետային հնարավություններին: Երկրաշարժից հետո վարչական կառույցից զրկված համայնքապետարանը թափառականի վիճակում է: Համայնքի նախկին ղեկավար Վահագն Հովհաննիսյանը վերջին 7 տարին գյուղը ղեկավարում էր սեփական «դոմիկից», երբ 2011թ.-ին չվերընտրվեց, տնակն էլ իր հետ տարավ: Նորընտիր համայնքապետն առ ժամանակ իր աշխատակազմով ծվարեց դպրոցի երկու փոքրիկ դասարաններում, հետո որոշեց թալանված, քայքայված մշակույթի տան մի հատվածին դուռ ու լուսամուտ հարմարեցնել ու համայնքապետարանը տեղափոխել այնտեղ, մինչեւ մի նոր «դոմիկ» ճարելը կամ մշակույթի ոչ այնքան մեծ շինության վերանորոգումը:

Խնդիրները շատ, գումարը` քիչ: Ընտրվելուց հետո 150 հազար դրամի սահմաններում համայնքապետը 40 կետ գիշերային լուսավորության ցանց է անցկացրել, միացումները կատարելով բնակիչների տներից: «Խնդրեցինք, որ ում տան մոտ, որ գտնվում է սյունը, որի վրա պիտի տեղադրենք, միացնեն իրենց հաշվիչին, սիրով համաձայնվեցին, այլապես էդ ծախսը դժվար մենք կարողանայինք փակել, բայց դե, լուսավորությունն էլ անհրաժեշտություն է,- ասում է Խաչիկ Մելիքյանը,- մեր տիպի աղքատ համայնքներում շատ հարցեր խնդրելով է լուծվում, ուրիշ ճար չկա: Ձմռան համար մի քիչ սալյարկա ենք առնում, որ հարկ եղած դեպքում գոնե գյուղամիջյան ճամփաները մեր ուժերով բացենք, տրակտորիստին վառելիքը տրամադրում ենք` խնդրելով գործն անել ենք տալիս»:

Կրասարի դպրոցը քարաշեն չէ, թեթեւ, պլաստիկ կոնստրուկցիաներով երկրաշարժից հետո կառուցել են իտալացի շինարարները: Նմանատիպ շինությունները պահպանելու առաջին պայմանը ձմռան ամիսներին կայուն ջեռուցման ապահովումն է: Սա թերեւս խնդիրներից մեծագույնն է: Կրասարի խիստ բնակլիմայական պայմանների պատճառով անցած 23 տարիներին շենքը քայքայվել է: 97 աշակերտ ունեցող Կրասարի միջնակարգ դպրոցը ոչ թե նորոգման, այլ հիմքից կառուցելու խնդիր ունի:

«Մենք սարի վրա ապրող ժողովուրդ ենք, մեր ձենը կառավարություն ուշ կհասնի: Երկու խոշոր ծրագիր, մեկը՝ դպրոցը, մյուսը մշակույթի տունը, դոնոր կազմակերպությունները հանձն չեն առնի սարքելու, պիտի էլի պետությունը ձեռք մեկնի»,- ասում է համայնքապետ Խաչիկ Մելիքյանը:

Արփա-լիճ ազգային պարկի ծրագրում ընդգրկված է նաեւ Կրասարը: Արգելոցին հողատարածք են զիջել ու դրա դիմաց ծրագրի ղեկավարները խոստացել են մի տնակ նվիրաբերել համայնքապետարանին նստավայր ունենալու համար եւ 5 մլն դրամի սահմաններում խմելու ջրի ցանցի նորոգում իրականացնել:

Ինչպես եւ սպասվում էր, Կառավարության «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ» օրենքների նախագիծը, որով գործադիրը հարկային զիջում է անում գյուղացուն, Կրասարում էլ է մարդկանց «հեղափոխել»: Երկար տարիներ հարկ ու տուրքերը չմուծելուց հետո, վերջապես համայնքների ղեկավարները հասել էին նրան, որ մարդիկ սկսել էին իրենց պարտավորությունները կատարել, բայց… «2012թ.-ի հունվար, փետրվար ամիսներին Կրասարը ստանձնած պարտավորությունը 110%-ով կատարել է: Ինչ մտել ենք մարտ ամիս, էդ օրենքն էլ ընդունվել է, բյուջե մի կոպեկի մուտք չի եղել: Էն չտվողն ուրախացել է, որ չպիտի տա, էն տվողն էլ կհրաժարվի նորից մուծում անելուց; Շվարել մնացել ենք: Կրասարում դատական գործեր չեն եղել պարտքերի հետ կապված ու քանի դեռ ես եմ համայնքապետը՝ չի լինի: Եթե ստիպեն, որ դատի տամ իմ համագյուղացուն, ես ավելի շուտ դիմումս կգրեմ դուրս կգամ,- ասում է Խաչիկ Մելիքյանը,- օրենքը պիտի էնպես լինի, որ օգուտ տա: Ոչ թե գրեն, ընդունեն, մարդիկ էլ փորձեն շրջանցել, մեզ էլ հրահանգեն, թե դատի տվեք: Փոքր գյուղերում մարդիկ մի ընտանիքի պես կապրին ու պետք չէ էդ ընտանիքներում կռիվ գցել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter