HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակի». փաստաբանը դատարանին միջնորդում է դիմել Սահմանադրական դատարան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված ««Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի» գործի նախնական դատաքննության ժամանակ պատասխանող կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց միջնորդություն, որի բավարարումը կարող է շրջադարձային լինել մամուլի գործերով բոլոր դատական գործընթացների համար:

Մասնավորապես, մատնանշելով անցած տարի մայիսի 18-ին ընդունված վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենսդրական նախագծի ընդունմամբ առաջացած բացերը` փաստաբանը դատարանին միջնորդեց քննել դրանք և հարկ եղած դեպքում օգտվել Սահմանադրությամբ դատարանին վերապահված իրավունքից`գործը կասեցնելու և դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան`վերոհիշյալ օրենսդրական դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով թերթում իր մասին տպագրված գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, 2,5 մլն դրամի չափով փոխհատուցում, որից 500 հազար դրամը դատական ծախսերն են: Թերթը տեղեկություն էր տպագրել Գյումրի քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցված Մուշ-2 թաղամասի շենքերի անորակության մասին` հղում կատարելով բնակիչների բողոքներին: 

«Գլենդել Հիլզ»-ը պնդում է, որ թերթում տեղ գտած «ինքնափլուզում» եզրը կարծիք է ստեղծում, թե շենքը քանդվում է, մինչդեռ ընդամենը ծեփանյութն էր թափվել: Ընկերությունը նաև պահանջում է հերքել այն տեղեկությունը, համաձայն որի` թերությունների մասին լռելու համար ընկերությունը մի անձի 1000 ԱՄՆ դոլար գումար է առաջարկել:

Անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հակասահմանադրականությանը` Ն. Բաղդասարյանը նշեց, որ ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի ուժը կորցրած հապատասխան դրույթների, որտեղ մանրամասն սահմանվում էին վիրավորանքի և զրպարտության հատկանիշները, Քաղ. օր.-ի գործող 1087.1 հոդվածից պարզ չէ, թե որն է զրպարտությունը և որը՝ վիրավորանքը, ինչն ակնհայտորեն շփոթմունք է առաջացնում մամուլի դեմ հայց ներկայացնողների մոտ:  

Մասնավորապես, Ն. Բաղդասարյանը նշեց, որ անտեսվում են Քր. օր.-ի ուժը կորցրած հոդվածներ 135-ում և 136-ում եղած այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են` զրպարտության դեպքում «ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելը», իսկ վիրավորանքի դեպքում` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը «անպարկեշտ ձևով ստորացնելը», որոնք բացակայում են Քաղ. օր.-ի գործող 1087.1 հոդվածում:  

Բացի դրանից, ըստ Ն. Բաղդասարյանի՝ օրենսդրական մեկ այլ բացի պատճառով հայցվորները պահանջում են հայցերի դրամական բավարարում` մեծ մասամբ առավելագույն չափով (1 մլն` վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար): Այդպիսով, անտեսվում է նույն հոդվածում առկա այն դրույթը, համաձայն որի՝ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի պատասխանողի գույքային դրությունը: Մինչդեռ, Քրեական օրենսգրքի ուժը կորցրած հոդվածներն ավելի հստակ էին սահմանում պատժաչափերն ու դրանց սահմանները:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը ժամանակ խնդրեց` միջնորդության պատասխանը պատշաճ կերպով պատրաստելու համար:

Պատասխանող կողմը միջնորդեց վկայություններ տալու համար դատարան հրավիրել այն չորս անձանց, ովքեր հարցազրույց են տվել «Ժամանակին»: Բաղդասարյանը նաև դատարանին ներկայացրեց թերթի ֆինանսական դրության մասին փաստաթղթերը, ինչպես նաև Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, համաձայն որի՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության ժամանակ փաստաբանական ծառայությունների համար պահանջվող հատուցման առավելագույն գումարը պետք է լինի ողջամիտ, վիրավորանքի դեպքում` 200 հազար դրամի սահմաններում, իսկ զրպարտության դեպքում` 300 հազարի:

Նիստի ընթացքում «Ժամանակի» շահերի պաշտպանը ներկայացրեց նաև տեսանյութ` խտասկավառակի վրա, որը նկարահանել էր «Ազատություն» ռադիոկայանը և միջնորդեց տեսագրողին և հարցազրույց տված անձանց կանչել դատարան:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանը միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հոջորդ նիստին: Դատավարությունը կշարունակվի մայիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter