HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քաղաքակիրթ աշխարհը եւ պատերազմները

«Ժամանակը մատներիս արանքից հոսում-թափվում է գետնին: Ամենուր ժամանակի արյունոտված հետքեր են»,- այս գրառումը բլոկնոտիս մեջ թվագրված է հոկտեմբերի 25-ով: Չեմ հրապարակել գրեթե ոչինչ իմ գրառումներից: Գիտեմ՝ ինչից հետո էի գրել. ռազմաճակատի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված հրետանային մարտկոցի հրանոթը իսրայելական կամիկաձեն պայթեցրել էր, զինվորների մարմինները մասնատվել էին: Ընկերները հավաքել էին մարմնի մասերը, բարձել շտապ օգնության մեքենան: Հաջորդ օրը նրանք էլի ինչ-որ մասեր էին հայտնաբերել, հավաքել, տեղում հողին էին հանձնել, թմբի վրա փոքր խաչ էին դրել, որ պատերազմից հետո հուշակոթող դնեն:

Այդ օրվա գրառումներիս վերջում մի նախադասություն էլ կար՝ քեզ հաճելի է, չէ՞, լսել այս ամենը:

Աշխարհը բռնապետ Ալիևի կողմն էր: Ալիևը, որ վաղուց Էրդողանի ստվերն է: Այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, որ տարիներ շարունակ քննադատում էր բռնապետ Ալիևին, բացահայտում նրա կոռուպցիոն գործարքները, ներկայացնում նրա տասնյակ միլիարդների հասնող ունեցվածքը, սատարեց նրան: Ես առաջին օրվանից Ղարաբաղում ուսումնասիրում էի Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի ոչնչացման համար օգտագործված զինատեսակները: Բազմաթիվ երկրների անուններ այդ մահաբեր զենքերի մնացորդների վրա էին: Առաջին տեղում Իսրայելն էր: Անօդաչուներ, զանազան հեռակառավարվող հրթիռներ, կապի միջոցներ, գրեթե ամեն ինչ: Հրեաները ենթարկվել են ցեղասպանության: Եւ այժմ Իսրայելը մասնակից է դարձել նման ոճրագործության: Սա լավ դաս է բոլոր ազգերին: Երկրորդ տեղում թուրքական զինատեսակներն էին: Անօդաչուներ, հրետանի, հեռակառավարվող հրթիռներ, հանդերձանք, մի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին վայել ամեն ինչ եւ, իհարկե, զինվորականներ: Թուրքական շտաբում մշակված պլանով էին ընթանում ռազմական գործողությունները: Որոշ ժամանակ հետո հայտնի կդառնան շատ մանրամասներ, թե որ երկրներն ինչ առնչություն են ունեցել այս պատերազմին, բայց ակնհայտ է, որ աշխարհի քարտեզի վրա հիմնական խաղացողները կամ մասնակից են եղել, կամ համաձայնություն են տվել Էրդողան-Ալիեւի կողմից այդպես էլ ոչ մի երկրի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ծնկի բերելու գործողությանը:

Այս զենքերն արտադրվել էին նաեւ Ռուսաստանում, Բելառուսում, Չեխիայում, Ուկրաինայում, մի շարք զենքերի տարբեր մասեր արտադրվել էն ամերիկյան, գերմանական, ֆրանսիական, կանադական և այլ երկրների ընկերությունների կողմից: Զենքերի վրա հանդիպել ենք Հարավային Կորեայի, Սինգապուրի անունները: Սա է քաղաքակիրթ աշխարհը՝ զենք է արտադրում մարդուն ապրելու իրավունքից զրկելու համար:

Քաղաքակիրթ աշխարհը, ամեն րոպե իր երկրում զենքեր արտադրելով, սնուցում է պատերազմները: Ամեն օր կարդում ենք տարբեր երկրներում ռազմական գործողությունների, պայթեցումների, մահերի մասին, տեսնում ենք արյունոտ պատկերներ ու իբրև ցավ ապրում: Ու այդպես մեր հեռախոսների կամ համակարգիչների էկրաններին էջերը թերթելով՝ առաջ անցնում, որպեսզի հաջորդ օրը անենք նույն բանը:

Մեկնաբանություններ (2)

Gregory Stepanian
Our hearts are broken. The civilized world let evil reign once again. They won’t wake up until it’s too late for all. Israeli government is filled with hypocrites. Not all, but too many. Shame on them, shame on the West!
Էդիտա
Ես հույս ունեմ, որ սա հերթական փորձություն էր հայ ժողովրդի համար, Աստված մեզ կաջակցի ու մենակ չի թողնի. Ամեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter