HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Մարդկանց հոսքը դեպի թանգարաններ կարող է միայն զարմանք առաջացնել

Երեկ թանգարաններում յուրահատուկ աշխուժություն էր տիրում: Մարդիկ փորձում էին հասցնել որքան հնարավոր է շատ թանգարան այցելել, չէ՞ որ այս տարի նրանք դրա համար նաեւ մրցանակի կարող են արժանանալ: Մայիսի 14-ը «Թանգարանային գիշեր» էր, ինչը նշանակում է, որ թանգարանների մուտքն անվճար էր: Թանգարանային գիշերը տարվա մեջ միակ օրն է, երբ բազմաթիվ թանգարաններ բաց են այցելությունների համար երեկոյան եւ գիշերային ժամերին:

Մարդկանց հոսքը դեպի թանգարաններ կարող էր միայն զարմանք առաջացնել: Այս տոնը կարծես իր տեղն արդեն ամրագրել է հայ հասարակության համար: Այս տարվա արդյունքները դեռեւս պաշտոնապես ամփոփվելու են, սակայն, հիմա էլ կարելի է արդեն ենթադրել, թե ինչպիսի մեծ չափերի էր հասել այցելուների թիվը:

 Այս տոնը կարծես թե սիրվել է հասարակության մոտ: 3 տարվա ընթացքում այն իր թվով ավելի շատ թանգարաններ է ներգրավել. 2009 թ. «Թանգարանների գիշեր» ակցիային մասնակցել են հայաստանյան 26 թանգարաններ, 2010 թ.` 42, 2011 թ.` 60:

Այս ամենամյա ակցիան նվիրված է Թանգարանների միջազգային օրվան: Այդ օրը բոլոր թանգարանները` մեծ, թե փոքր, բացում են իրենց դռները այցելուների համար ամբողջ երեկոյի ընթացքում` մինչեւ կեսգիշեր, այն էլ` բացարձակ անվճար: Թանգարանային գիշերը անց է կացվում Եվրոպայի 42 երկրներում:

«Թանգարանային գիշերն» այս տարի ողջ աշխարհում կրում էր «Թանգարանը և հիշողությունը» խորագիրը, իսկ ահա մեզ մոտ այն ունեցավ «Գրավոր հիշողություն» խորագիրը, քանի որ մյուս տարի մենք տոնելու ենք Հայ գրականության ու գրավոր ժառանգության 500-ամյակը:

 Այցելուների խոսքերով` սա հիանալի հնարավորություն է այցելել թանգարաններ, հատկապես նրանք, որոնք երբևէ չեն տեսել: Բացի այդ սովորական օրերին նրանք հաճախ չեն ունենում այդ հնարավորությունը, որովհետեւ աշխատանքից հետո թանգարաններն արդեն փակ են լինում:

Թանգարաններն, ուր կարելի էր գնալ, շատ էին: Ծրագրի մեջ կողմնորոշվելը կարող էր դժվարություններ առաջացնել, եթե հստակ նախասիրություններ չունենայիր, եւ հերթականությունն արդեն կազմած չլինեիր: Մի քանի ժամվա մեջ բոլոր թանգարաններն այցելել հնարավոր չէ:

Որոշ թանգարաններ հանդես եկան իրենց հիմնական ցուցադրություններով, այնուամենայնիվ եղան նաև այլ` բացառիկ ցուցադրություններ: Այդ թանգարանները հատուկ ծրագրեր էին պատրաստել օրվա համար` հատուկ ցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ, զեկույցներ եւ այլն:

Հայաստանի պատմության թանգարանը «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո ցուցադրեց հնատիպ գրքեր: Հայաստանի ազգային պատկերասրահում կարելի էր դիտել «Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի պատրաստած մուլտֆիլմերը:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Հակոբյան Լիլիթը մեզ պատմեց, որ խորագրին համապատասխանելու համար թանգարանը վերցրել էր Չարենցի գրավոր ժառանգությունը, մասնավորապես նրա կնոջ` Իզաբելլա Չարենցի գրավոր հիշողություններն այն մասին, թե ինչպես իրենք ծանոթացան 1931 թվականին: Այդ գրավոր հուշերի հիման վրա ստեղծվել էր պիես, որը եւ ցուցադրեցին հանդիսատեսին:

 Թանգարանը ցուցադրում էր նաեւ առաջին ցուցանմուշները, որոնք ձեռք են բերվել, երբ սկսվել են թանգարանի հավաքչական աշխատանքները: Առաջին անգամ ցուցադրվել էին Ե. Չարենցի անձնական գրադարանի մակագրված գրքերը եւ "Старые годы" հանդեսի 25 հատորները, որոնք նույնպես Չարենցի անձնական գրադարանի գրքերից են եւ թանգարանի առաջին ձեռքբերումներից: Առաջին հարկում կարելի էր տեսնել նաեւ լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացնում էր թանգարանի հիմնադիրների` աշխատանքային պրոցեսի ընթացքում արված լուսանկարները: Տուն թանգարանն այցելուների պակաս չէր զգում:

 Ս. Փարաջանովի թանգարանում մարդկանց թիվը չէր նվազում: Թվում է, թե այստեղ այցելուներն ամենաշատն էին, թանգարանի յուրահատուկ ցուցանմուշները նայելու համար անհրաժեշտ էր, մեծ ջանքեր գործադրել: Սա ամենասիրված թանգարաններից է մեզ մոտ:

Փայտարվեստի թանգարանը բացօթյա ցուցադրություն էր կազմակերպել` «Հիշողության շղթա» խորագրի ներքո: Թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանը խոստովանեց, որ թանգարանային գիշերը թանգարանի համար մեծ հոգս է, քանի որ այցելուների հոսքը սոսկալի մեծ է: Թանգարանի տնօրենն այնքան էլ գոհ չէր դրանից, քանի որ նրա խոսքերով` «վիճակը շուկայականի է վերածվել»:

 «Թանգարանը շուկա չէ: Ուրիշ օրեր մի 20 հոգի է հազիվ գալիս, իսկ անվճար օրերին հսկա հոսք է»,- ասաց նա: Նա համոզված է, որ աղմուկի մեջ, իրար հրմշտելով, կարճ ժամանակի ընթացքում, հնարավոր չէ որեւէ բան հասկանալ, մինչդեռ թանգարանի ցուցանմուշների շուրջ երկար ժամանակ պետք է կանգնել, իսկ հարց առաջանալու դեպքում` հարց տալ:

«Սա իրական մշակութասիրության, արվեստասիրության հետ առնչություն չունեցող երեւույթ է»,- ասաց նա:

Թանգարանների համար «Թանգարանային գիշերը» մի հնարավորություն է լայն հասարակությանը ներկայացնելու իրենց ցուցասրահները, բացառիկ ցուցանմուշները, թանգարանի ռեսուրսները, եւ վերջիվերջո երիտասարդության գրավել դեպի թանգարաններ: Սակայն այս եզակի ակցիան, որը մշակույթին մասսայական հաղորդակցվելու հնարավորություն է տալիս, արդյոք ի՞նչ դեր ունի այն բոլոր խնդիրների ներքո, որ այսօր բարձրացվում են հասարակության կողմից, հոգեւոր արժեքների պահպանման, հաղորդակցման ընդգրկուն եւ տեւական իմաստով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter