HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Նվեր արվեստասերներին. բացվել է Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգը» խորագրով գեղանկարների եւ քանդակների ցուցահանդեսը: Այն բացվել է «Թանգարանային գիշերվա» թոհուբոհի մեջ, եւ հանդիսանում է այդ ակցիայի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնական մեխը:

Հակոբ Հակոբյանը հայ ժամանակակից գեղանկարչության կենդանի լեգենդ է: Հակոբյանական ուրույն նկարչալեզուն նոր խոսք է արդի արվեստում:

Վարպետի աշխատանքների ցուցադրությունը մեծ նվեր է արվեստասերների համար: Որպես մարդկային ֆիգուրներ ներկայացված մարմարե քանդակները, մանեկեններն ու աշխատանքային գործիքները՝ ներկայացված յուրահատուկ սիմվոլիկայով, հետաքրքիր են իրենց ժամանակակից յուրօրինակ լուծումներով։

«Ինձ համար անակնկալ էր եւ ուրախություն, որ իմ ստեղծագործություններն ընտրվել են` ներկայացվելու համար արվեստի այս կենտրոնում»,- ասել է Հ. Հակոբյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի 28 գեղանկար եւ 10 քանդակ: Հակոբ Հակոբյանը հայտնի է որպես գեղանկարիչ, եւ միայն վերջին տարիներին է սկսել նաեւ քանդակել: «Եթե ես 80 տարեկանում մահացած լինեի, չէի իմանա` քանդակ անելն ինչ է: Հիմա 88 տարեկան եմ, ուրախ եմ, որ այսքան երկար ապրեցի եւ իմացա»,- նշել է նկարիչը:

Ցուցադրությունը ներկայացնում է նկարչի բազմամյա ստեղծագործական ուղին, որն արտացոլում է նրա բազմաժանր արվեստի արտահայտչական հզորությունն ու նորարարությունը: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի թե վաղ շրջանի, թե վերջին շրջանի ստեղծագործությունները։

«Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ բոլոր շրջաններից աշխատանքներ կան ներկայացված, բայց կեսից ավելին վերջին տարիների ստեղծագործություններ են»,- ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Աննա Սիմոնյանը:

Վարպետի վերջին շրջանի գործերը ներկայացնում են տարբեր գործիքների միջոցով ստեղծված մարդկային կերպարներ: Այս շրջանի գործերն առավել խոհափիլիսոփայական բնույթ ունեն` սիմվոլիկայի դերի ընդգծմամբ:

Նկարչի աշխատանքներին բնորոշ է մոխրաարծաթացուն, հողեղեն երանգներով գունաշխարհը: Հակոբ Հակոբյանի վաղ կտավների ինքնօրինակ գունագծային կառուցվածքի մեջ խտացած տխրությունը որքան սեփական, նույնքան էլ իր սերնդի ներաշխարհը հյուծող եղեռնի արձագանքն է, անհայրենիք մարդու դառը վշտի երգը:

«Սիրո պարտեզ» նկարաշարի յուրօրինակ աշխատանքներում որպես անցյալի խորհրդանիշներ ներկայացված են հունական անտիկ քանդակներ, որոնց շրջապատում են թռչնակներ, նրբագեղ մանեկեններ ու մետաղյա գործիքների միջոցով «կենդանացած» տիպարներ: Վերջիններս էլ ցուցադրվում են որպես առանձին քանդակներ:

Նկարիչը ծնվել է 1923 թ-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում եւ մասնագիտական կրթությունը ստացել է Փարիզի Անդրե Լոտտի, ապա Գրան-Շոմիեր ակադեմիայում: 1962 թվականին իր ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Մինչ այդ նկարիչն արդեն Ազգային պատկերասրահին էր նվիրաբերել իր 10 աշխատանքները: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՊՀ երկրների մի շարք քաղաքներում և Մերձբալթիկայում և Մերձավոր Արևելքում:

Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։

Վերջին տարիներին Հակոբ Հակոբյանը ունեցել է մեկ անհատական ցուցահանդես` 2009 թվականին Նկարիչների միությունում, որը տեւել է 8 օր: «Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը կտեւի 3 ամիս` մինչեւ օգոստոսի 14-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter