HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է, որ առողջապահության նախարարության և նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջև կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։

Այս մասին գրությամբ «Հետքին» հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթը էր հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։ Մենք հանձնաժողովին տեղակացրել էինք, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Հարուցված վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանների արդյունքում «Միբս» ՍՊԸ-ի հետ կնքվել են գույքային բնույթի գործարքներ։ Սակայն, հանձնաժողովը եզրահանգման է եկել, որ այդ գործարքները ողջամտորեն կարող էին նպաստել ընկերության շահերի մեծացմանը, բարելավել ընկերության գույքային դրությունը, որը ողջամտորեն կարող էր նպաստել նաև տնօրենի եկամտի ավելացմանը։ Հետևաբար, հանձնաժողովը համարել է, որ քննարկվող դեպքում պաշտոն զբաղեցնող անձն ընդունել է որոշում (հրաման), որը թեև ինքնին օրինական է, սակայն նպաստում է կամ ողջամտորեն կարող է նպաստել իր հետ փոխկապակցված անձի գույքային դրության բարելավմանը։

Այդուհանդերձ, հանձնաժողովը փաստել է նաև, որ առողջապահության նախարարությունը «պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման» ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել ինչպես «Միբս» ՍՊԸ-ի, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների հետ, որոնք մատուցել են համակարգչային տոմոգրաֆիա և միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա ծառայություններ։ 

«Այսինքն՝ Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով և պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչն օրենքով հանդիսանում է շահերի բախումը բացառող հանգամանք։ Այսինքն՝ նման դեպքում պաշտոն զբաղեցնող անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա»,-հայտնել են հանձնաժողովից։

Ի վերջո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակած հրամանների հիմքով առողջապահության նախարարության և «Միբս» ՍՊԸ-ի միջև 2019-2020 թվականներին կնքված պայմանագրերը և 2018-2020 թվականների պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը չեն հանգեցրել Արսեն Թորոսյանի մասնավոր և հանրային շահերի բախմանը, ուստի շահերի բախման դեպքը բացակայում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter