HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարզահամերգային համալիրը ֆինանսական խնդիրներ ունի. այլ ծրագրերից գումար կուղղվի դրա պահպանությանը 

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի այլ ծրագրերի համար նախատեսված գումարն ուղղել համալիրի պահպանությանը։ Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով մարզահամերգային համալիրը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել։

Այդ իսկ պատճառով Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ՝ առաջարկելով համալիրի սահադաշտի վերազինման համար սարքավորումների ձեռքբերման մոտ 127 միլիոն դրամն ուղղել համալիրի պահպանությանը։ Թեև սահադաշտի վերազինման համար մրցույթ էր հայտարարվել, սակայն այն հաղթած ընկերության հետ կնքվել է համաձայնագիր՝ պայմանագիրը լուծելու մասին։

Հատկացվող այդ գումարն ուղղվելու է աշխատավարձերի, էներգետիկ, պահնորդային ծառայությունների վճարման համար։

Ինչպես քննարկման ներկայացված նախագծում նշված է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020 թվականի նախահաշվով սահմանվել էր 407 միլիոն դրամ, որից՝ պետական բյուջեից համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224 մլն դրամ։ Ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերի մի մասը ևս ուղղվելու է համալիրի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությանը։

Մարզահամերգային համալիրը, սակայն, հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Նախ մարտ ամսից COVID-19 համաճարակի հետևանքով Հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաև ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են։ Մասնավորապես՝ հետաձգվել կամ չեղարկվել են նախատեսված միջոցառումները, ձախողվել են ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ ռազմական դրության և համավարակային պայմաններում Մարզահամերգային համալիրն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է պետության կարիքների հրատապ լուծում պահանջող աշխատանքերի իրականացմանը։

Չնայած նրան, որ համալիրն անցել էր խնայողությունների խիստ ռեժիմի, այնուամենայնիվ, համավարակի հետևանքով առաջացած վիճակով և ճգնաժամի տևողության անորոշությամբ պայմանավորված՝ օգոստոս ամսին արդեն հաշվարկվել էր, որ 2020թ. եկամուտների և ծախսերի տարբերությունից առաջացած ֆինանսական պակասորդը կազմելու է շուրջ 166 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացվել է վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով կորոնավիրուսային հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել։

Սակայն, վարչապետի հանձնարարականով՝ պետք է ձեռնպահ մնալ պահուստային ֆոնդից գումարների հատկացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրճատելու նպատակով մարտ ամսից դադարեցվել է շենքի ջեռուցումը, որի արդյունքում վթարի է ենթարկվել կառույցի ջրային համակարգից մի հատված՝ ամբողջությամբ վնասելով Շառլ Ազնավուրին նվիրված դիմահարդարման սենյակը։ Իսկ ներկա պահին  ջեռուցման համակարգը միացվում է միայն գիշերվա ժամերին խողովակների անխափան վիճակը պահպանելու նպատակով, սակայն մասնագետների եզրակացությունով նման մոտեցումը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների»,- նշվել է նախագծում։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
IS THERE NOT ONE PERSON IN ARMENIA WHO DOES NOT STEAL MONEY?????? FIRST CHRISTIAN NATION!!!!!! SAD!!!!!!! Vahak Awadisian, who owned NTAA at the time, was linked to several shady financial and business dealings.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter