HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տնտեսագետի կարծիքով՝ նախընտրական ծախսերի մեծ մասը ստվերային է

Տնտեսագետ Սամվել Ավագյանի կարծիքով՝ նախընտրական շրջանն ունի իր ուղղակի և անուղղակի ազդեցությունները տնտեսության վրա: Ուղղակի ազդեցություններն են մանրածախ շրջանառությունը, հրատարակչական և գովազդային բիզնեսը, մեդիա դաշտը և փոխարժեքը:

2007թ. խորհրդարանական ընտրություններում պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվել է մանրածախ շրջանառության 20% աճ միայն ապրիլ ամսին, իսկ հրատարակչական բիզնեսը մարտին մոտ երկու անգամ ավելացել է, նկատվել է դրամի որոշակի արժևորում դոլարի նկատմամբ: Տնտեսագետի կարծիքով՝ այդ աճը պայմանավորված է «սոցիալական ծրագրերի իրականացմամբ և ընտրակաշառքներով»:

Անուղղակի ազդեցությունների հետևանքով նախընտրական շրջանում ներդրումային ակտիվությունը նվազում է, քանի որ գործարար դաշտն ակտիվանում է քաղաքական դաշտում: Տիրում է սպասողական վիճակ, որից տուժում են ներդրումները: Ս. Ավագյանի խոսքերով՝ այն պոպուլիստական խոստումները, որոնք տալիս են տարբեր քաղաքական գործիչներ, բացասաբար են անդրադառնում կառավարության ծրագրերի վրա, քանի որ կառավարությունը կարծես թե նույնպես սկսում է պոպուլիստական որոշ քայլեր անել:

Եթե այլ երկրներում կազմակերպչական ծախսերը կազմում են մոտ 10-15 մլն դոլար յուրաքանչյուր թեկնածուի համար՝ «օրինականության սահմաններում», ապա Հայաստանում «նախընտրական հաշիվները շատ փոքր են, չեն արտահայտում իրական պատկերը»: Տնտեսագետի հաշվարկներով՝ բոլոր թեկնածուների և կուսակցությունների ծախսերը, միասին վերցրած, կազմում են մոտ 70-80 մլն դոլար մեկ ամսվա կտրվածքով: Սակայն դրանց մեծ մասը ստվերային ծախս է:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Ս. Ավագյանը նշեց, որ այս անգամ ծախսերը համեմատաբար ավելին կլինեն, քան նախորդ ընտրություններում: Միաժամանակ, այժմ ավելի շատ ուշադրություն է դարձվում PR տեխնոլոգիաների վրա՝ ի տարբերություն նախորդ տարիների, և նախընտրական գործընթացն իրականացվում է հիմնականում քարոզչության միջոցով:

Տնտեսագետի խոսքերով՝ չպետք է գերագնահատել ընտրությունների ազդեցությունը տնտեսության վրա, քանի որ ընտրությունները ժամանակավոր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter