HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատիժ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոր կարգավորում նախատեսել լրագրողի մասնագիտական գործունեությունը չխոչընդոտելու համար։

«Քրեական օրենսգրքում» նման փոփոխություն կատարելու օրինագիծ է հանրային քննարկման ներկայացվել։

Առաջարկվող փոփոխությամբ՝ քրեորեն պատժելի կհամարվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելուց:

Նախարարությունը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավական նորմը հստակեցնելու, լրագրողի գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունն և պատժի անխուսափելությունը պատշաճ իրացնելու, խոսքի ազատության հիմնարար իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար:

Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար:

«Այսինքն՝ օրենսդիրը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ: Այնինչ, լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե անգամ կատարվել է պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից, օժտված է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով, ուստի՝ առկա է նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն»,- ընդգծել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter