HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Զատիկը պետք է ընկալել որպես հոգևոր տոն

Ծաղկազարդի տոնից եկեղեցում սկսվում է Ավագ շաբաթը, ինչպես նաև ժողովրդական տոների շարքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին և Տէր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեցին այդ շաբաթվա էությունն ու կարևորությունը ըստ ժողովրդական և եկեղեցական ծեսերի: Ավագ շաբաթը խորհրդանշում է արարչության յոթ օրը, ինչպես նաև մարդկության պատմության յոթ շրջանները` Ադամից մինչև Քրիստոսի երկրոդ գալուստը: Ավագ շաբաթվա առաջին օրը հենց Ծաղկազարդն է` Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ նրան ընդունեցին որպես թագավոր` արմավենու ճյուղերով:

Ժողովրդական տոնի համաձայն` երկուշաբթին ջրաղացպանի օրն է, իսկ ըստ Աստվածաշնչի` արարչագործության երկրորդ օրը, երբ Աստված երկրային և երկնային ջրերը բաժանեց միմյանցից: Ազգագրության մեջ ընդունված է երեքշաբթին համարել խելոքների և հիմարների օր, իսկ եկեղեցում այդ օրն ընթերցվում է 5 հիմար և 5 իմաստուն կույսերի առակը:

Չորեքշաբթին մաքրության օրն է, երբ կանայք մաքրել են իրենց տները, տղամարդիկ` գոմերը: Եկեղեցում դա Հիսուսի` նարդոսի յուղով օծման օրն է: Հինգաշաբթի օրը հայ աղջիկները բանջար են հավաքել, գաթա թխել և պատրաստվել Զատիկին: Եկեղեցում ավագ հինշաբթին ամենածանրաբեռնված օրն է. կատարվում է ապաշխարողաց կարգ, որը կարևոր է հատկապես պաս պահողների համար, ինչպես նաև ժամերգություն և պատարագ: Այդ օրը խորհրդանշում է նաև Հիսուսի վերջին ընթրիքը, որի ժամանակ հաստատվում է հաղորդությունը:

Ուրբաթ օրը խաչելության օրն է, երբ Քրիստոսի հոգին ավանդելուց հետո տեղի է ունենում խավարում: Այդ օրը, Լ. Ագուլեցու խոսքերով, աղջիկները գործել են ձվեր, որը արգասաբերության խորհրդանիշն է: Եվ եթե Սուրբ ծնուդն ընդունված է տոնել երեկոյան, ապա Զատիկը` դեռ լույսը չբացված: Շաբաթ` ճրագալույցի օրը, կանայք պատրաստել են  ախառ, որը եղել է համայնքի զոհաբերությունը` մատաղը որևէ կենդանուց:  

Իսկ ըստ արարչագործության շաբաթի` յոթերորդ օրը` շաբաթը, հանգստյան օրն է: Եկեղեցում երեկոյան կատարվում է ճրագալույցի պատարագ, այնուհետև գալիս է բուն Զատիկի արարողությունը` Քրիստոսի հարության տոնը:

Տեր Թովմա քահանա Անդրեասյանը նշեց, որ Զատիկի արմատները գալիս են դեռ Հին կտակարանի ժամանակներից, երբ Աստված հրեաներին պատվիրել էր կենդանի զոհաբերել, դրա արյունը քսել իրենց դռներին, որպեսզի երբ մահվան հրեշտակն անցնի իրենց տան մոտով, չսպանի տան ավագ երեխային: Այժմ այդ զոհը Քրիստոսն է, ով իր խաչելությամբ փրկեց իր ժողովրդին:

Անդրադառնալով ուտեստներին` Լ. Ագուլեցին նշեց, որ Զատիկին սեղանին դրվում է ձուկ` Քրիստոսի խորհուրդը, չամիչով փլավ`քրիստոնյա ժողովրդի խորհրդանիշը, խնջլուզ, չանչարակ` չրերի տարբեր տեսակներ: Իսկ ձվերն ազգագրագետը խորհուրդ է տալիս ներկել միայն կարմիր` որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ: Միաժամանակ, նա գտնում է, որ Զատիկը պետք է ընկալել որպես հոգևոր տոն, մաքրվել և զատվել մեղքերից:

Մեկնաբանություններ (1)

Hasmik
-ZATIK- ANUM EIN HETANOS HAYER, HISUSIC ARAJ , CHNAYADZ SA ANUM ENK LAV TON E

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter