HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ազատ, բայց ոչ ազդեցիկ վիրտուալ մեդիան

2008 թ. նախագահական ընտրություններից հետո մեծ թվով նոր լրատվամիջոցներ են ի հայտ եկել հենց վիրտուալ տիրույթում, և նրանց մեծ մասն այսօր դարձել է համակարգիչ ու ինտերնետ ունեցող բազմահազար և օր օրի ավելացող քաղաքացիների տեղեկատվության հիմնական աղբյուրը: Դա պայմանավորված է մեկ հիմնական գործոնով. ի տարբերություն ավանդական թղթային կրիչներով ԶԼՄ-ների կամ էլեկտրոնային լրատվամիջոցների` համացանցային ԶԼՄ-ները և հաղորդակցության միջավայրերը շատ ավելի քիչ են վերահսկելի ու գրաքննության ենթակա, որը ստեղծագործական ու ինքնադրևսորման ավելի մեծ ազատություններ է տալիս:

Հայաստանյան ԶԼՄ համացանցային տիրույթում նկատելի է զարգացման երեք հիմնական ուղղություն. առաջին` տեղեկատվական, երկրորդ` մեկնաբանական-վերլուծական, երրորդ` հաղորդակցային:

Առաջին ուղղությանը դավանող կայքերի միջև լուրջ և առողջ մրցակցություն է ծավալվել լուրերի հայթայթման առումով: Դա հանգեցրել է լուրերի որակի անկման: Փոխարենը առաջ են մղվել  օպերատիվության, բազմազանության և հնարավորության սահմաններում օբյեկտիվության հատկանիշները: Տեղեկատվական կայքերը սկսել են լրատվական գործակալություններին դուրս թողնել ասպարեզից` ստիպելով նրանց փոխել իրենց նպատակներն ու խնդիրները:

Երկրորդ ուղղությանը պատկանող կայքերում քաղաքական կողմնորոշումներն ավելի շատ են, օբյեկտիվության գործոնը մղված է երկրորդ պլան, և նրանք հիմնականում գործում են տպագիր մամուլի հետ մրցակցության տիրույթում: Անգամ մամուլի միջոցների ինտերնետային տարբերակներն այսօր փաստացի ավելի պահանջված են, քան հենց թերթերն ու պարբերականները: Համեմատության մեջ վերլուծական-մեկնաբանական կայքերն ավելի ցածր հաճախելիություն ունեն, քան տեղեկատվական կայքերը: Դա պայմանավորված է հիմնականում ընթերցողների` հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու առաջնային պահանջով: Փոխարենը ինտերնետային վերլուծական «պարբերականները» շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն հանրային կարծիքի վրա ներգործության առումով, որովհետև աստիճանաբար այստեղ է կենտրոնանում հասարակության մտավոր, թարմ հայացքներով ու վերլուծական ձիրքով օժտված անհատների մեծամասնությունը: 

Երրորդ ուղղությունը հիմնված է ավելի շատ հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման այլընտրանքային միջոցների վրա: Խոսքը վերաբերում է հիմնականում այսպես կոչված «բլոգոսֆերային» և սոցիալական ցանցերին, որոնցից Հայաստանում առավել տարածված ու կիրառելի են Facebook-ը, Twitter-y և Youtube-ը: Սրանցում, առավել քան որևէ այլ միջավայրում, կիրառելի և օգտագործելի են դառնում տեղեկատվության գրեթե բոլոր ձևերը` գրավոր, տեսաձայնային, պատկերային, նշանային և այլն: Ցանցային ակնթարթային փոխանցման հնարավորություններով դրանք վերածվում են տեղեկատվական հոսքերի անվերահսկելի տարածության: Այստեղ եղանակ ստեղծում է ոչ թե լրագրողը, այլ անհատը, որը վերածվում է տեղեկատվության տիրապետողի և սպառողի միառժամանակ: Տեղեկատվության աղբյուրները, հավաստիության սկզբունքը մղվում են երկրորդ պլան, ինչը հանգեցնում է պատասխանատվության անհասցեականության` ինտերնետային ռեսուրսները տեղեկատվության փոխանակման համար դարձնելով ավելի գայթակղիչ և նախընտրելի:

Համացանցի հայաստանյան ռեսուրսները 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում կատարում են երեք հիմնական գործառույթ՝ տեղեկատվական, քարոզչական և մոբիլիզացիոն, որոնք փոխպայմանավորում են միմյանց:

Տեղեկատվական գործառույթ

Ընտրական գործընթացների վերաբերյալ այսօր ավելի համապարփակ ու համակողմանի տեղեկատվություն չի կարելի ձեռք բերել, քան հենց համացանցից: Մի քանի կայքերի արագ դիտարկումը, լրատվահոսքերի, հրապարակումների համադրությունը թույլ է տալիս գրեթե ամբողջական պատկերացում կազմել ընտրությունների ընթացքի և դրա գրեթե բոլոր հանգամանքների մասին: Այս իմաստով քաղաքացին գրեթե լիարժեք հնարավորություն ունի ոչ միայն հետևելու պրոցեսներին, ստանալու կամ ընտրելու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, այլև անմիջականորեն մասնակցելու եւ ազդելու գործընթացների և հանրային կարծիքի ձևավորման վրա: Մյուս կողմից՝ տեղեկատվական արագ հոսքերը մեծացնում են նաև մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունները:

Քարոզչական գործառույթ

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը վիրտուալ տարածքում հավասարապես հանդիսանում են տեղեկատվություն «արտադրողներ»: Աստիճանաբար ինտերնետը սկսում է ընկալվել որպես քարոզչություն իրականացնելու արդյունավետ միջոց: Այս ռեսուրսից օգտվելու կարիք առավելաբար զգում են ընդդիմադիր ուժերը, որոնց մուտքը հեռուստաեթեր որոշակիորեն սահմանափակված է և որոնք չունեն քարոզչություն իրականացնելու այլընտրանքային միջոցներ: Եթե իշխանական ուժերի քարոզչական հիմնական գործիքները վերահսկելի մամուլի միջոցներն են և հատկապես հեռուստաընկերությունները, ապա հատկապես արմատական ընդդիմության հիմնական գործիքը համացանցն է` պաշտոնական կայքերով ու սոցիալական ցանցերում նրա ներկայացուցիչների ու համախոհների լայն տարածվածությամբ:

Մայիսյան ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ինտերնետում ակտիվ են հատկապես երկուսը` ՀԱԿ-ը` իր համախոհ քաղաքացիական շրջանակներով, և «Ժառանգությունը»` ժամանակակից տեխնոլոգիաների մանիպուլյացիոն և քարոզչական նշանակությունը հասկացող երիտասարդ ակտիվիստներով: Իշխանությունը ներկայացնող ուժերի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար համացանցը և սոցիալական ցանցերը հիմնականում անհասցե հակաքարոզչության և քննադատություններին, մամուլի հրապարակումներին արագ արձագանքելու միջոց են:

Մոբիլիզացիոն գործառույթ     

2011 թ. արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխություններում, հասարակական հզոր շարժումների կազմակերպման ու ղեկավարման առումով սոցիալական ցանցերի ունեցած դերակատարությունից հետո այլևս հնարավոր չէ թերագնահատել վիրտուալ սոցիալական մեդիայի մոբիլիզացիոն գործառույթը:

Ընտրական գործընթացներում տեղի ունեցող զարգացումները, մանր ու մեծ, շոշափելի ու հարաբերական բոլոր խախտումները, օրինազանցությունները շատ արագ հայտնվում են ցանցերում և տարածվում անվերահսկելի ձևով, ինչն ինքնին, առանց լրացուցիչ մեկնաբանությունների, բացատրությունների ձևավորում է հանրային ընկալում ընտրությունների որակի, ընտրախախտումների ծավալների վերաբերյալ: Դրանք ունակ են դիմադրության մեծ ալիք առաջացնել` կիրառելով ցանցային իրազեկման և գործողությունների համաձայնեցման վիրտուալ մեխանիզմները` տրանսֆորմացվելով փողոցային զանգվածային միջոցառումների:

Ռուսաստանում անցած տարի հենց վիրտուալ մեդիայի և ցանցային հաղորդակցության հենքի վրա ծավալվեցին ազգայնամոլական արյունալի իրադարձությունները Մոսկվայի հրապարակներում: Ադրբեջանում հզոր հանրահավաքները, որոնք խեղդվեցին իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների արդյունքում, նախ կազմակերպվում ու «տաքացվում էին» հենց վիրտուալ ցանցային միջավայրում: Այս իրողությունը Հայաստանում հաշվի չառնել չեն կարող: Մանավանդ որ երկու ամիս առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները ստիպված եղան բացատրություններ ներկայացնել ցանցերում հայտնված խայտառակ տեսանյութերի վերաբերյալ: Կոնկրետ ընտրությունների հետ կապված առաջին նման մոբիլիզացիոն դրսևորումն իրականացրեց «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» նախաձեռնությունը` կոչ անելով ընտրակեղծիքների դեմ իրենց սկսած պայքարին միանալ նաև Facebook-ի միջոցով:

Ընդհանրապես, ընտրակեղծիքների և այդ շրջանակում ընտրացուցակներում առկա հսկայական անճշտությունների, ընտրողների թվի չհիմնավորված ու անբացատրելի ուռճացման խնդիրն արդեն իսկ դարձել է ամենաքննարկվող թեման ցանցերում, և չի կարելի բացառել, որ դրանք նաև հասարակական նորանոր նախաձեռնությունների կհանգեցնեն:

Սակայն բլոգերների և սոցիալական ցանցերի հայաստանյան հանրույթների վարքագծի դիտարկումը ցույց է տալիս, որ վիրտուալ մեդիան չի ձևավորում համարժեք ընկալում ցանցերի մոբիլիզացիոն նշանակության վերաբերյալ և դուրս չի գալիս տեղեկատվության տարածման ու ցանցային պարզունակ հաղորդակցության շրջանակից: Ցանցային ակտիվ հանրույթն ավելի շատ օրիգինալ երևալու, առավելագույնը բանավիճային թեմաներ առաջադրելու տեսանկյունից է գնահատվում, որի պատճառն առաջին հերթին այդ հանրության խիստ բևեռացվածությունն ու հատվածականությունն է:

Ներհասարակական բանավեճի կուլտուրայի բացակայությունը լիարժեքորեն դրսևորվում է նաև սոցիալական ցանցերում, որտեղ ավելի շատ հայհոյանք կա, քան ռացիոնալ քննարկում: Դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվացած այսպես կոչված կեղծ օգտատերերը, որոնց նպատակը, մեծ հաշվով, իրական ակտիվ հանրության մոբիլիզացման հնարավորությունները չեզոքացնելն է, արժեզրկելը: Այլ կերպ ասած` ընտրություններին ընդառաջ՝ ցանցերում շատ ավելի մանիպուլյացիոն երևույթներ են նկատելի, քան ընտրական գործընթացը վերահսկելու գործնական նախաձեռնություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter