HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի ասել, թե փոխնախարար եմ, պիտի նստեմ քարտեզի դեմը, նետվել է առաջ»,- պատմում է ՊԲ զոհված փոխհրամանատարի հայրը

Պատերազմից մեկ օր առաջ գնդապետ Հովհաննես Ավագյանն աշխատանքից տուն գնալիս զանգել է դստերը՝ Մանեին, հարցրել` բալես, ի՞նչ եք ուզում, որ բերեմ։ Աղջիկը պաղպաղակ էր խնդրել։ «Ու էդ օրը պապայի սիրելի պաղպաղակն ենք կերել ազնվամորիով»,- ասում է ավագ դուստրը՝ Նելլին։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։

Գնդապետի հայրական տան նախասրահում ենք։ Այս տանն է անցել նրա կյանքի մեծ մասը։ Փոքր դուստրը՝ դեռ երկու տարին չլրացած Էվելինան, նայում է հոր լուսանկարին ու ասում՝ պա-պա, հետո այդ վանկերը միացնում է ու սահուն կանչում՝ պապա, պապա։ Լուսանկարից ժպտում է հայրը՝ զինվորական համազգեստով, աղջիկը մի քանի վայրկյան էլ է նայում, բայց նրան արձագանքող չկա։

Նախասրահը լցվում է գնդապետի մասին այնպիսի ջերմ ու կենդանի հիշողություններով, որ թվում է՝ նա ուր որ է ներս է մտնելու։ Հայրը՝ Սոսիկ Ավագյանը, ասում է՝ կրթությունն ուղենշային էր որդու համար։ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ոսկե մեդալով է ավարտել: Հայրն ասում է, որ այն տարիներին՝ 1980-ականներին, ֆիզմաթ դպրոցում սովորում էին ղեկավարների երեխաները, իսկ Հովիկը բանվորի տղա էր: Չնայած դրան՝ նկատում է, որ իրենք լավ են ապրել, կոմունիստների ժամանակ 5 մեքենա է ունեցել: Հովիկն էլ 16 տարեկանում առաջին մեքենան է ունեցել:

Դպրոցն ավարտելուց հետո Հովիկ Ավագյանն ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, որն ավարտելուց հետո հայրը խորհուրդ է տվել ընդունվել Ռազմական ուսումնարան (ներկայում՝ համալսարան), որտեղ մեկ տարի պիտի սովորեր։ Այն ժամանակ բուհն ավարտածներն ունեին այդ առավելությունը։ Սակայն ծառայությունը ոչ թե մեկ, այլ ամբողջ կյանքի համար դարձավ: Ուսումնարանից հետո Հովիկին ուղարկել են Մատաղիս, որտեղ մնաց 5 տարի։ Ըստ հոր, սակայն, նա որպես դասախոս պետք է մնար ուսումնարանում:

Արցախում ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա։ Մինչ Մոսկվա մեկնելը ծանոթացել էր Ինեսայի հետ, որը պարապում էր՝ կոնսերվատորիա ընդունվելու համար։ Եվ երբ դիրքերում չէր լինում, ապագա կնոջն ուղեկցում էր պարապմունքների։ Մի անգամ էլ ասել էր, թե չի կարող սպասել 5 տարի, պետք է ամուսնանան, քանի որ պատրաստվում է գնալ Մոսկվա սովորելու։

-Ես էլ չափից դուրս սիրեցի Հովիկին ու նրան ունենալու համար ընտրեցի իրեն։ Այդ ժամանակ չկարողացավ իրեն ներել, որ կիսատ մնաց իմ ուսումը: Երբ Մոսկվայի ակադեմիայից վերադարձանք, Մանեին ունեցա: Մանեն 4 ամսական էր, Հովիկը ծառայում էր Վանաձորում, ասեց՝ սովորի, ժամանակն ա սովորելու: Չէր ասում, որ ամուսնացել ես, երեխա ունես, պետք է չսովորես, չէ, ինքն ուզում էր, որ իր կինն էլ իրեն հավասար քայլի,- պատմում է Ինեսան ու ժպտում։ Ասում է՝ այդպես էլ արեց՝ ընդունվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվորատորիա։ Ու հետագայում մարզից մարզ, քաղաքից քաղաք տեղափոխվելուց նրան օգնեց երաժշտական կրթությունը։ Ինքնուրույն աշխատանքի էր ընդունվում դպրոցում, երգչախմբեր ստեղծում՝ դասավանդելով ժողովրդական երաժշտություն։

Մոսկվայից վերադառնալուց հետո մի քանի ամիս Հովհաննես Ավագյանն աշխատել է պաշտպանության նախարարության ծրագրավորման բաժնում, այդտեղից էլ նրան ուղարկել են Վանաձոր, Վարդենիս, հետո՝ Բերդ, Գորիս։ Երեխաները 8 դպրոց են փոխել այդ ընթացքում:

Թե՛ Ինեսան, թե՛ երեխաներն արդեն հարմարվել էին այդ շարժմանը։ Ինեսան ասում է՝ որտեղ գնում էին, ամուսինը համախմբողի դերում էր։ Հաճախ սպաների ընտանիքներով հավաքույթներ էր կազմակերպում, որ շփվեն, աշխատանքային միջավայրից դուրս ճանաչեն իրար։ «Գիտեք, դա օգնում է գործին։ Հովիկն էդպես էր անում, որ համերաշխ լինեն, իսկ դա գործն արդյունավետ է դարձնում»,- նկատում է հայրը։

Ինեսան ասում է, որ ամուսինը շատ զուսպ ու քչախոս էր, գործը երբեք տուն չէր տանում, իր լռությամբ դաստիարակում էր, եւ դրանում նաեւ մանկավարժական ջիղ կար։ «Ինքը կարողանում էր խոսքով ազդել զինվորի վա։ Կարող է զինվորները ծխեին, բիչոկները թափեին գետնին, գար ասեր՝ տղաներ, ինչի՞ եք գցում, դուք եք էլի նստելու էդտեղ։ Ու դրանից հետո մեկը փորձեր մի բիչոկ գցեր։ Իր խոսքը շատ մեծ ուժ ուներ»,- նկատում է կինն ու շարունակում է, որ չնայած լռակյացությանը, ամուսինը գիտեր, թե ընտանիքում ով ինչ հետաքրքրություն ունի: Ընտանիքին տանում էր Հայաստանի պատմամշակութային վայրերը, իսկ արձակուրդներին մեքենայով շրջում էին Ռուսաստանի քաղաքներով՝ այցելելով տեսարժան վայրեր, թանգարաններ, թատրոններ:

-Մի անգամ Մանեին ասաց՝ Գագարինը որ թռավ, ի՞նչ ասեց։ Մանեն ասեց՝ չգիտեմ, դե ասա, ասեց՝ չէ, գնա իմացիր։ Ու մի անգամ Մոսկվայից Կալուգա էինք գնացել՝ տիեզերագնացության թանգարան։ Մանեին կանչեց, ասեց՝ Մանե, էս բառն ինչի՞ ա գրված։ Ասեց՝ որովեհտեւ Գագարինը թռնելուց դա ա ասել։ Ասեց՝ ճիշտ է,- հիշում է Ինեսան։ Երեխաներին միշտ ասում էր՝ նպատակ դրեք ու հասեք դրան։ Իսկ նպատակներից մեկը Եվրոպայով մեքենայով շրջելն էր։ Տնեցիներին ասել էր՝ երկար արձակուրդ տան, գնանք։ Քարտեզն արդեն գծել էր՝ Հունաստանով պիտի մտնեին եւ Մինսկով վերադառնային:

-Մի մեծ քարտեզ ուներ։ Երեկ տղերքն էլ որ եկել էին, էդ էին հիշել։ Դեռ փոքր էր, որ քարտեզի վրա քաղաքներն իրենց պետություններով ցույց էր տալիս ու ասում, թե որտեղ ինչքան մարդ է բնակվում։ Իսկ 3-4 տարեկանում ավտոճանապարհային բոլոր նշանները գիտեր,- վերհիշում է հայրը։

-Էդ պետություն-քաղաքները ինձ էլ է սովորեցրել, ասում էր՝ մինչեւ չսովորես, քեզ հետ ամուսնացողը չեմ,- ժպիտով հիշում է կինը։ Իսկ հետո արդեն երեխաներին էր սովորեցրել։

-Երբ աշխարհագրությունից ցածր ստացա, ասաց՝ մի նեղվի, դու ամեն ինչ քո աչքերով կտեսնես: Նպատակասլացությունը շատ ուժեղ է դրել մեր մեջ: Երբ երեք օրով գնացել էինք Սանկտ Պետեբուրգ, մի թանգարանը չհասցրեցինք գնալ, որտեղ Այվազովսկու «9-րդ ալիքն» է։ Նեղված զանգեցի պապային, ասեցի, ասեց՝ դե, դա քո առջեւ մի նպատակ է, որ պիտի գնաս տեսնես,- պատմում է Նելլին։

Գնդապետի մասին հիշողությունները խճանկարի փոքր մասերի են նմանվում, որ մենք փորձում ենք հավաքել։ Սակայն հետո հասկանում ենք, դա գրեթե անհնար է։

Ինեսան նկատում է, որ ամուսինը ֆենոմենալ հիշողություն ուներ։ Մոսկվայում սովորելիս առանց նավիգատորի մեքենա էր վարում, ու գիտեր՝ որ փողոցից ուր դուրս գար։ Մոսկվայում սովորելիս դասերից հետո հաճախ էր մնում՝ լեզվական խնդիրներով օտարերկրացի ուսանողներին օգնելու:

-Առհասարակ խելացի մարդիկ են լինում, որ մի քիչ ուրիշ տեսակ են լինում։ Ինքն էդպիսին չէր, մեծամիտ չէր, պաշտոնից չէր օգտվում, դիրքից չէր օգտվում։ Որ ոստիկանը կանգեցնում էր, մեքենայից միշտ դուրս էր գալիս, խոսում։ Նրբություններ կան, չէ՞,- ասում է կինը, հետո հիշում է, որ Մոսկվայում սովորելիս երբ հանդիպում էին դասավանդող գեներալներին, այնպես էին զգաստանում, ձեռնոցը հանում բարեւում՝ ասելով «товарищ Авагян»։ Փորձում էին մի քանի բառ փոխանակել ու, ոնց որ, հավասարը հավասարին տեսնեին։

Նախասրահը եռում է հուշերից։ Մենք, կարծես, դիտավորյալ շրջանցում ենք պատերազմը։

Գնդապետի հայրը, ակնոցն ուղղելով, հեռախոսի մեջ նկարներն է ցույց տալիս։ Ես տեսնում եմ նրա հայացքին միախառնված ցավն ու հպարտությունը։

-Նայեք, Հովիկի անունը ոսկե տառերով գրված են Մոսկվայի գենշտաբի պատին,- ասում է հայրը։

2017-2019 թթ. սովորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում եւ կրկին ավարտել ոսկե մեդալով: Հայրն ասում է՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինն է շնորհավորել ու հարց տվել, թե ավարտելուց հետո ինչ է անելու։ Ավագյանը պատասխանել էր՝ «Հայրենիքս ուր ուղարկի, կգնամ ծառայելու»։

Մոսկվայից գալուց հետո 2019-ին նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, իսկ 2020-ի ամռանը՝ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի տեղակալ։

-Երբ ամուսնացաք ի՞նչ կոչում ուներ,- հարցնում եմ Ինեսային։

-Ավագ լեյտենանտ էր։ Ֆիլմից հայտնի խոսք կա, չէ՞. եթե ուզում ես գեներալի կին դառնալ, պետք է ամուսնանաս լեյտենանտի հետ,- ժպտում ենք։

Ասում է՝ ամեն անգամ զինվորական աստիճան ստանալուց խանադավառվում էին, ընտանիքով էին ծառայում: Հավելում է, թե հեշտ չէ տնից տուն, մարզից մարզ, դպրոցից դպրոց տեղափոխվելը, բայց ընտանիքով նայում էին նույն ուղղությամբ:

-Մի անգամ Բերդում հոգնած եկել էր տուն, տանը ներքին հեռախոս ունեինք, զանգում էին, զեկուցում: Քնած էր, մեկ էլ տապիկը զանգեց: Չուզեցի արթնացնել, վերցրեցի հեռախոսն, ասեց՝ հերթապահն է, ասեցի՝ Ավագյանը հոգնած քնած ա, եթե ամեն ինչ նորմալ ա, էլ չարթնացնեմ, ասեց՝ ոչ, ստուգել ենք, էսինչը նորմալ ա, էնինչը նորմալ ա, ասեցի՝ շնորհակալություն, ասեց՝ Ձեզ բարի ծառայություն: Ասեցի՝ ցտեսություն, հետո եկել եմ, ասում եմ՝ կներես, Հով, էսօրվա պատասխանատուդ ո՞վ ա, ինձ ասեց՝ բարի ծառայություն,- վերհիշում է Ինեսան ու բոլորս բարձր ծիծաղում ենք:

Կինը պատմում է, որ ամուսնու կյանքի նպատակներից մեկը գեներալ դառնալն էր, ինչին շատ չէր մնացել։

Նելլին հիշում է, որ երբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրն էին նշում, հայրն ասել էր, թե հաջորդ տարի այդ ժամանակ ինքը գեներալի աստիճան ստացած կլինի։

Սակայն գնդապետ Ավագյանն այդպես էլ չհասցրեց ստանալ գեներալի ուսադիրները։ Սեպտեմբերի վերջին օրերին չափազանց տխուր ու լուռ էր։ Տնեցիները նկատել էին, բայց հարցեր չէին տվել՝ իմանալով նրա բնավորությունը, որ գործը երբեք տուն չէր տանում:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ստեփանակերտի երկինքն ամպամած էր։ Ժամը 7-ն անց ուժեղ պայթյուններ լսեցին։ Գնդապետն արդեն ծառայության վայրում էր։ Առաջին տպավորությունն այն էր, թե ամպրոպ է։ Երբ Ինեսան մոտեցել էր լուսամուտին, տեսել էր թափվող արկերը։ Արագ հավաքել էին փաստաթղթերը, Նելլին հագցրել էր Էվելինային, Մանեն տաք վերարկուներ էր վերցրել ու իջել էին նկուղ։

-Երբ նկուղ իջանք, ահավոր տեսարան էր՝ ամբողջը փոշու մեջ, արեւի շողն ընկնում էր, փոշին գալարվում էր, լցվում կոկորդդ, խեղդվում էիր։ Շուրջդ՝ լացուկոծ։ Մարդիկ՝ գիշերազգեստներով, խալաթներով,- վերհիշում է Ինեսան։

Մեր զրույցի մթնոլորտը փոխվում է։ Ու զգացողություն է, որ Ստեփանակերտի այդ օրվա ամպամածությունը եկել, տարածվել էր նախասրահում։

Պատերազմն սկսելուց հետո գնդապետ Ավագյանը զանգել էր կնոջը, հարցրել, թե ինչ են անում։ Ինեսան պատմել էր, որ իջել են նկուղ, ամուսինն ասել էր, ճիշտ են արել: Ու երբ դրանից հետո 5 օր նա չի զանգել, հարազատները հասկացել են, որ վիճակը շատ ծանր է։

Այդ ընթացքում տնեցիները Երեւան էին եկել՝ մի քանի շոր էին վերցրել, քանի որ մտածում էին, թե 2016-ի քառօրյայի պես արագ կավարտվի պատերազմը։

Գալուց հետո ընտանիքը հոր մասին գիտի վկայություններից։ Գնդապետ Ավագյանը պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում է եղել։ Երբ մի անգամ գործով բունկեր էր մտել, զինվորականներից մեկը խնդրել էր այդտեղ մնալ, սակայն ասել է, թե դուրսը շատ գործ կա։

-Չի ասել, թե շատ կներեք, փոխնախարար եմ, պիտի նստեմ քարտեզի դեմը, մտածեմ, չպիտի գնամ, նետվել է առաջ,- ասում է գնդապետի հայրը, հետո նրա հայացքի մեջ խտանում է զայրութը անպատասխան հարցերից։

Պատերազմի 42 օրերին գնդապետը եղել է տարբեր ուղղություններում։ Հիմնականում քնում էր մեքենայի մեջ տեղից տեղ գնալու ընթացքում։ Մասնակցել է Մատաղիսի, Մարտակերտի, Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունու, Շուշիի մարտերին: Սոսիկ Ավագյանը որդու մասին փոխանցում է վարորդի վկայությունը, որ տեսել էր, թե ինչպես է Մատաղիսում գնդապետը շրջափակումից փրկել զինվորներին՝ նրանց տանելով ապահով վայր: Այդ ժամանակ ոտքը նկատելիորեն կաղում էր՝ ոտքի մեջ ջուր էր հավաքվել, հետո երիկամների քարն էր շարժվել, ու երբեմն նոպաների մեջ էր լինում, բայց չէր թողել ռազմաճակատը: Մատաղիսից գնացել էր Մարտակերտ։ Մարտակերտում զինվորների հետ խրամատներ է փորել։

-Երբ գնում է կամավորներին դիմավորելու, ասում է, թե ոնց անեն, ինչ անեն։ Որ տեսնում են, ասում են՝ էս ձյաձին լսեք, ձյաձը ճիշտ խորհուրդներ ա տալիս: Ասում են՝ էդ սովորական ձյաձ չի, էդ փոխնախարարն ա: Ինքը բուշլաթով, հավասար վիճակով է եղել բոլորի հետ,- նկատում է Ինեսան։

Հայրը, զինվորների վկայությունները հիշելով, պատմում է, որ որդին իմացել է, թե թշնամին երբ է հրետակոծելու։ Մեկ հրահանգել է 20 րոպե հանգստանալ, հաց ուտել, մեկ՝ անցնել ապաստարան։

Լռում ենք։

42 օր թեժ մարտերից հետո նոյեմբերի 7-ին գնդապետին ուղարկել էին Շուշի։

-Ինչի՞ են ուղարկել, եթե ներսում թուրքերը նստած էին։ Էդ ի՞նչ հանձնարարություն է եղել։ Շուշիում են խփել։ Ինչի՞ էին փոխնախարարին Շուշի ուղարկել: Շոֆերը պատմում է, որ գնալուց ավտոյի ակը թողել էր, ասել էր՝ Ավագյան, արի չգնանք, ասել էր՝ ո՞նց կլինի չգնալ, հրաման են տվել, ուրիշ ավտո ա նստում, գնում,- պատմում է հայրը։

-Մենք չգիտենք, թե ինչ է եղել, միայն գիտենք, որ Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ ասեց՝ ամսի 5-ից Շուշին գտնվում էր թշնամու տիրապետության տակ, ինչի՞ են նրան քաղաքի մատույցներ ուղարկել,- ասում է Ինեսան։

Հայրն ասում է՝ այդ հարցով ինքը գնալու է Ղարաբաղ եւ ուզում է մի հարցի պատասխան ստանալ՝ ո՞վ է տվել այդ հրամանը։

-Ու նետվեցին հայրենասերները, ովքեր չկարողացան նստել իրենց տեղում ու տեսնել, թե զինվորը ոնց է զոհվում: Մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե Հովիկը հետ գար, երեւի իր սիրտը չէր դիմանա էս ամեն ինչը տեսնելուց,- ասում է Ինեսան:

-Եթե իմանայիք, որ վերջին անգամ եք խոսում նրա հետ, ի՞նչ կասեիք,- հարցնում եմ կնոջը։

-Հիմա որ հետ եմ գնում, եղել են դեպքեր, երբ ինքը մտածել է, որ վերջին անգամ է խոսում ինձ հետ: Հատ-հատ էր հարցնում՝ Նելլին ո՞նց ա, Մանեն ո՞նց ա, Եվան ի՞նչ ա անում: Զգում ես, որ կարոտած էր, բայց չէր կարող թողնել գալ։ Վերջին անգամ կասեի դա՝ կանեմ ամեն ինչ, որ քո մարդկային բոլոր որակները փոխանցեմ Էվելինային: Ինքն իր ամբողջ կյանքով էր հերոս, իր ապրելը հերոսություն էր,- ասում է կինը:

Ծառայության ընթացքում տարբեր մեդալներ ստացած գնդապետ Հովհաննես Ավագյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Հայաստանի Հանրապետության կողմից գնահատական չի եղել:

Ի հիշատակ գնդապետի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի լսարաններից մեկն անվանակոչվել է նրա անունով: 

Մեկնաբանություններ (7)

Medic
Hope this was a last war between AZE and ARM.....Best sons of both nations died for no reason..... Medic of AZE ARMY
Теодор
1997 году служил в Мадагисе. Овик был лейтенантом.Имел честь лично быть знакомым с ним.Человек с большим буквом. ВЕЧНЫЙ ПАМЯТЬ.
Samvel Galstyan
Հրամանատար Մեծ անունով. Պատիվ ունեմ գնդապետի ենթակայությամբ եմ ծառայել
Ոսկան
Աստված պահի քո աղջիկներին, բայց ափսոսում եմ, որ քո նման հերոսը գոնե մեկ որդի չունի։
Սևակ
Գնդապետ Ավագյանին, որպես իմ ղեկավարի, ճանաչելու պատվին արժանացել եմ։ Բարձր ինտելեկտուալ սպայի` նրա որակները կրող հայերն այսօր, ցավոք, բացառիկ են, խիստ սակավ։ Հետմահու գեներալի կոչումը նվազագույնն է, որով կփոխհատուցվի օրհնյալ հայ զինվորականի վաստակը։
Тигран
Мне довелось служить с Овиком и в Карабахе и в Горисе. Человек с большой буквой! С ним было очень леко и интересно общатся,служить. Выполнять разные задачи. Он был умным и порядочным офицером. Везде где мы были рядом он остовлял большое увожение среди личного состава. Мне очень жаль потере Овика. Пусть земля будет пухом для него. Вечная память герою нашего времени!!!
Գուժ Ցոլակյան
Միանշանակ արժանի է Ազգային հերոսի կոչման, ես պատիվ եմ ունեցել կռվել նրա կողքին, ու նրան շաաաատ եմ երախտապարտ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter