HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Ապրողները». փոթորկուն ժամանակներում ողջ մնալու կարողությունը՝ հայ եւ ֆրանսիացի լուսանկարիչների պատկերացումներում

2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ֆրանսահայ լուսանկարիչ, ռեժիսոր Ալեքսիս Պազումյանը որոշեց բացահայտել Արցախը։ Իր խոսքերով՝ մի առանձնահատուկ տարածաշրջան, որը, դժբախտաբար, շատ քիչ է հայտնի աշխարհում։ 2018-ին նա վերադարձավ Արցախ եւ սկսեց «Սեւ պարտեզ» (Ղարաբաղ անվան թարգմանությունն է) անվամբ նախագիծը, որը համալիր ծրագիր է՝ լուսանկարչական շարք, դոկումենտալ ֆիլմ, լուսանկարչական գրքի հրատարակություն։

«Իմ նախնական նպատակը Ղարաբաղի շատ ընդհանուր դիմանկարն անելն էր՝ առանց կենտրոնանալու կոնկրետ սյուժեի վրա։ Նպատակս էր ֆրանսիական մեդիայում հնարավորինս ներկայացնել Ղարաբաղը, քանի որ այդ ժամանակ շատ քիչ լուսանկարիչներ էին այդտեղ աշխատում դրսից։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչպես են ապրում մարդիկ մի տարածքում, որն անընդհատ պատերազմի եզրին է եւ ի՞նչ զգացողություններ ունեն՝ մշտապես ապրելով վտանգի մթնոլորտում, երբ հակամարտությունն ամեն պահի կարող է գլուխ բարձրացնել։

Փորձում էի նաեւ հասկանալ ղարաբաղցիների այդ չափազանց կապվածությունն իրենց հողին, ինչպես են մարդիկ որոշում վերադառնալ սահմանամերձ գյուղեր, օրինակ՝ Թալիշ, չնայած 1991-ից ի վեր ընթացող հակամարտությանը։ Թալիշցիների հետ իմ շփումների ընթացքում բացահայտեցի, որ նրանց վերադարձի հիմնական պատճառը ծնողների շիրիմն էր»,- ասաց լուսանկարիչն այսօր Երեւանում՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացված իր լուսանկարչական ցուցահանդեսին։

Նա հինգ երիտասարդ, ֆրանսիացի եւ հայ լուսանկարիչների թվում է, որոնց աշխատանքներն այսօրվանից մինչեւ ապրիլի 18-ը ցուցադրվելու են Գեղագիտության ազգային կենտրոնում «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում։

«Ո՞վ կզբաղվի մեր ծնողների շիրիմներով, եթե մենք հեռանանք»,- լուսանկարչին ասել են իր զրուցակից թալիշցիները։ 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմը թալիշցիներին ստիպեց լքել իրենց գյուղը եւ թողնել ծնողների գերեզմանները։

Մինչ պատերազմը Ալեքսիսն արդեն սկսել էր Արցախի մասին իր ֆիլմի նկարահանումները։ «Երկու երեխա՝ պատերազմում» (Deux enfants dans la guerre) անվանումը ստացած ֆիլմը պատմություն է թալիշցի երկու երեխայի՝ Սամվելի ու Ավոյի եւ այնտեղ ծառայություն իրականացնող զինվոր Էրիկ Գրիգորյանի մասին։ Եվ մինչ ֆիլմը կավարտվեր, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Ալեքսիսը վերադարձավ Հայաստան՝ հետեւելու իր ֆիլմի հերոսների ճակատագրին։ Զինծառայող Էրիկ Գրիգորյանը վիրավորվել էր ոտքից, իսկ երեխաները տեղափոխվել էին բնակության Երեւան։ Ֆրանս-գերմանական «Արտե» հեռուստաընկերությամբ հեռարձակված ֆիլմը, Ալեքսիսի խոսքով, հասել է այն նպատակին, որն ինքն էր սահմանել. «Դա ֆրանսահայերի համար չէ, որոնք կատարելապես տիրապետում են հակամարտության համատեքստին, իմ նպատակն էր ֆրանսիացիների հետ խոսել՝ երկու երեխաների եւ զինվորի անձնական պատմությունների, հայացքների միջոցով։ Դատելով արձագանքներից՝ ինչ-որ չափով իմ նպատակին հասել եմ»։

Ու հիմա նա կրկին վերադարձել է Հայաստան՝ նկարելու այդ ֆիլմի շարունակությունը։ «Նպատակս է Արցախի հարցը եւս մեկ անգամ ներկայացնել միջազգային հանրությանը, որովհետեւ հետպատերազմյան շրջանում ավելի քիչ են խոսում պատերազմի մասին, բայց շատ ավելի կարեւոր է հիմա խոսել ներկայիս իրավիճակի մասին»,- ասաց լուսանկարիչը՝ ներկայացնելով իր ծրագրերը։  

Չորեքշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 19:30-ին Ժամանակակից արվեստի թանգարանում ֆիլմի հերոսների՝ զինվորի եւ երեխաների մասնակցությամբ կկայանա ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմի ցուցադրությունը, ինչպես եւ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում, որոնք մեկնարկել են մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցուցահանդեսը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ նախաձեռնել է FETART գեղարվեստական ​​կոլեկտիվը՝ CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարիչներից երեքը ֆրանսիացի են, երկուսը՝ հայ։ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին: «Այս ցուցահանդեսը վկայում է փնտրտուքների ընդհանրության մասին։ Առողջապահական և քաղաքական ճգնաժամերից փոթորկված համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, կենսական շունչը չի կորչում, այն ամենուր է։ Միակ կարգախոսը՝ պատկերացնել հետոն, հակառակ և ի հեճուկս ամեն ինչի։ Միշտ ապրել ավելին, ավելի լավ, այլ կերպ՝ պարզապես ողջ մնալ չնայած փոթորկին». սա հատված է FETART կոլեկտիվի՝ ցուցահանդեսը ներկայացնող տեքստից։

Այսօր տեղի ունեցած բացմանը ներկա էին բոլոր լուսանկարիչները։

Անն-Սոֆի Օկլերի «Ինչու՞ ամպրոպի ժամանակ փորձել հատել լիճը» լուսանկարների շարքը, իր խոսքով, ծնվել է անձնական փորձառությունից։ Մի անգամ նա հազիվ է փրկվել խեղդվելուց ամպրոպի ժամանակ լճում լողալիս։ Եվ լուսանկարները պատմում են այն լարվածության մասին, որը մարդուն ստիպում է խաղի մեջ մտնել մահվան հետ` ապրող զգալու համար։ Մարմնի վրա այդ էներգիայի հետքերն ընկալելու համար Անն-Սոֆի Օկլերը լուսանկարել է ռետինե ճոպանից կախված հարյուր ութսուն մետր բարձրությունից ցած նետվող մարդկանց։ Նրանց դեմքերն արտահայտում են մի տեսակ արբեցություն, լքվածություն և զմայլվածություն՝ շփման վտանգավոր սահմանին մոտենալիս։

Ֆրանսիացի Շառլ Թիեֆենի «Թահրիր – Անհնազանդություն» լուսանկարչական շարքը թվագրված է 2019 թվականի նոյեմբեր․ ցուցարարները փորձում են հասնել Ալ-Ահրար կամրջին` Իրաքի մայրաքաղաքի ամենաանվտանգ թաղամաս` կանաչ գոտի տանող առանցքներից մեկը։ Դիմացից օրինական իշխանությունները, զինյալների օգնությամբ, կրակում են մարտական փամփուշտներ և կիրառում արցունքաբեր գազով գերծանր նռնակներ։ Արդյունքում զոհվում է ավելի քան 600 մարդ, 20 000-ը՝ վիրավորվում։

«Այս շարքում ինձ համար հետաքրքրական էր իմանալ Թահրիրի երիտասարդների ֆիզիկական վերաբերմունքն այդ բռնությանը։ Այստեղ կա ուրախություն, վախ, ընկերություն, հուզմունք, տխրություն։ Յուրաքանչյուր մարմին կարծես յուրովի է պաշտպանվում վտանգից։ Ոմանք առճակատման են գնում։ Մյուսներն անտարբեր են: Բոլորը կանգնած են մի վտանգի առջև, որը լավագույն ապագայի փնտրտուքն է»,- ասում է Շառլը:

Հայ լուսանկարիչ Սոնա Մնացականյանի «Օրագրեր Վանաձորից» շարքում Վանաձորն է՝ Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո երբեք չի վերականգնվել։ Երկրի հյուսիսային մասում գտնվող ու լեռներով շրջապատված քաղաքն աշխարհից այնպես է կտրվել, որ ժամանակի ընթացքում ձեռք է բերել Հայաստանի ամենահուսահատ քաղաքներից մեկի համբավը:

Այսօր շատ երիտասարդներ են ապրում և ստեղծագործում Վանաձորում։

«Օրագրեր Վանաձորից» լուսանկարների շարքի միջոցով Սոնա Մնացականյանը փորձել է հասկանալ, թե ինչպես է քաղաքն ազդում այդ երիտասարդների վրա և ինչպես նրանք՝ քաղաքի վրա։ Նրանցից մի քանիսին հետևելով՝ լուսանկարիչը ստացել է ոչ միանշանակ պատկեր. ոմանք ցանկանում են հեռանալ, իսկ ոմանք էլ գտել են իրենց ներդաշնակությունն այստեղ:

Օրագրերի տեսքով ներկայացված շարքը ներկայացնում է երիտասարդների մտորումներն այս քաղաքի հետ հարաբերություններում:

Կրկին Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ և ռեժիսոր Կարեն Խաչատուրովի «Նվիրվում է տատիկին» ստեղծագործությունների շարքը պատմում է միայնության դեմ իր պապիկի պայքարի մասին կնոջ՝ Կարենի տատի մահից հետո։ Այստեղ պատկերված են նրա ապրումները՝ դատարկություն ու մենակություն, կորուստ ու կոտրվածության զգացում: 50 տարվա համատեղ կարեկցանք, ուրախություն, ժպիտներ ու երբեմն նաև մռայլ հայացքներ. այսպես է Կարեն Խաչատուրովն իր պապի փորձով դիտողին հաղորդակից դարձնում սիրած էակի կորստին։ Ի՞նչ անել նրա փոխարեն։ Ինչպե՞ս շարունակել ապրել՝ իմանալով, որ ամեն անգամ արթնանալիս կամ քնելիս բախվելու ես խավարին և նրա բացակայությունից մնացած դատարկությանը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter