HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՍԴ-ն մերժեց Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դ. Գրիգորյանի դիմումները բանավոր քննելու վերաբերյալ

Սահմանադրական դատարանում այսօր սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը:

Դատավոր Վահե Գրիգորյանը նիստին չի մասնակցում, քանի որ Սահմանադրական դատարանը քննարկվող հարցին նրա մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում է կայացրել: Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելն առնչվել է այն հարցին, որն այժմ քննության առարկա է: ՍԴ մյուս 8 դատավորները նիստին ներկա էին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաև Քոչարյանի փաստաբանները:

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել դիմումները գրավոր քննելու վերաբերյալ: Նիստը նախագահող Արման Դիլանյանը նիստի իրավազորությունը ստուգելուց հետո նշեց, որ դատարանն անցնում է դռնփակ քննարկման, սակայն դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ: Պետրոսյանը նշեց, որ գործի բանավոր քննությունը կբարձրացնի ՍԴ-ի որոշման նկատմամբ հանրային վստահությունը, ինչպես նաև գործի հանգամանքների ավելի արդյունավետ բացահայտմանը:

Դատավոր Հրայր Թովմասյանը միացավ միջնորդությանը, դիտարկեց, որ որքան էլ նշվի, թե սա սովորական գործ է, դրա շուրջ հասարակական, քաղաքական քննարկումները ՍԴ-ին պարտավորեցնում են մնալ իր բարձր դիրքում և կասկածի տակ չդնել Դատարանի անաչառությունը:

«Հակառակ պարագայում կխորանա այն դիտարկումը, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող պրոցեսներն ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, Սահմանադրական դատարանի դատավորների հետապնդումներից, Սահմանադրական կազմի փոփոխությունները կրել են բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով: Եվ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ, և դա հնարավոր է միայն բանավոր ընթացակարգով»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Երկու դատավորների դիրքորոշումները լսելուց հետո Արման Դիլանյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել, և միջնորդությունը քննարկել խորհրդակցության սենյակում: Սակայն Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը դեմ արտահայտվեցին. «Խորհրդակցական սենյակ գնալու անհրաժեշտություն չկա: Չգիտեմ՝ ընդմիջման պատճառը որն է, չենք կարող հենց այնպես ընդմիջել, մենք ընդամենը 10 րոպե ենք սկսել, ինչո՞ւ ենք ընդմիջում, անհասկանալի է ինձ համար, այս որոշումը խորհրդակցական սենյակում չի որոշվում: Եթե գործընկերները միջնորդության վերաբերյալ ունեն դիրքորոշումներ, պետք է հրապարակային արտահայտվել ու քվեարկենք, ո՞ւմից ենք ինչ թաքցնում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Արևիկ Պետրոսյանն էլ նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում պետք է կայացվի քվեարկությամբ։
Արման Դիլանյանն ասաց, թե ընդմիջում գնալու նպատակը կարծիքների ամփոփման ավելի հարմար ու անկաշկանդ պայմաններ ունենալն էր:
Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ ինքը գնալու է իր աշխատասենյակ, ասաց, որ ընդմիջում գնալը կարող է անաչառ դիտորդի մոտ կասկածներ առաջացնել, Երվանդ Խունդկարյանն էլ նշեց որ ընդմիջման ժամանակ չի կարող ներկայացված միջնորդության վերաբերյալ բովանդակային քննարկում լինել: Նման պայմաններում Արման Դիլանյանը չպնդեց նիստն ընդմիջելու իր առաջարկը, և դատարանը շարունակեց Արևիկ Պետրոսյանի միջնորդության քննությունը:

Խունդկարյանը դեմ արտահայտվեց հարցը բանավոր քննելուն, նշեց, որ դատավորի դիմումի հիման վրա հարցի քննարկումն օրենքով գրավոր է քննվում: Արևիկ Պետրոսյանն արձագանքեց, որ իր միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի, այսինքն՝ անհատական դիմումի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին է: Հարցը դրվեց քվեարկության, և 4 դեմ, 4 կողմ ձայներով, որի պարագայում, ըստ օրենքի, միջնորդությունը մերժված է համարվում, դատարանը որոշեց գրավոր քննել հարցը:

Արման Դիլանյանը հայտնեց, որ դատաքննությունն ավարտված է, և դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter