HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածը ճանաչեց ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։

Այս հոդվածները վերաբերում  են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը», իսկ 79-րդ հոդվածը սահմանում է, որ « Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս՝ օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշմում էր կայացրել, ապա նաև կասեցրել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաև Քոչարյանի փաստաբանները:

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում էր կայացրել դիմումները գրավոր քննելու վերաբերյալ, և մարտի 23-ին հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշումը հրապարակելուց հետո նշեց, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ի այս որոշումը նշանակում է, որ Քոչարյանի և գործով մյուս մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ Քրեական օրենսգրքում այդ հոդվածը, փաստորեն, այլևս չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter