HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական կարգի տապալման գործով Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի, Ս. Օհանյանի և Ա. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հրապարակած որոշմամբ դադարեցրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Դատարանը սահմանադրական կարգի տապալման ու դրան օժանդակելու հոդվածներով քննվող քրեական գործի վարույթը կարճեց։

Նշենք, որ ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը դատարանում քննվող քրեական գործով մեղադրվում էին միայն 300.1 հոդվածով, նրանց որևէ այլ արարք վերագրված չէ։ Ռոբերտ Քոչարյանը, բացի 300.1 հոդվածից, մեղադրվում էր նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Դատարանում գործի քննությունը՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով կշարունակվի։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

ՍԴ-ում այս հարցի քննությունը սկսվել էր, քանի որ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել, ապա նաև կասեցրել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին և մյուսներին  առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաև Քոչարյանի փաստաբանները:

Սահմանադրական դատարանի այս որոշմանը հաջորդած, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստերին քննարկման առարկա էր դարձել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու դրվագներով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելը նշանակում է, որ նրանք իրենց վերագրվող այս արարքների մասով ունեն արդարացվածի կարգավիճակ։

Քրեական դատավարության օրենսգիրքը արդարացվածի համար նախատեսում է մի շարք իրավունքներ։ Մասնավորապես՝ արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Որպես հատուցում՝ արդարացվածն  իրավունք ունի ստանալ աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը, վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները,  իրավունք ունի նաև վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում։ Օրենքը նախատեսել է նաև արդարացվածի այլ իրավունքներ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter