HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լևոն Բարսեղյան. ««Ասպարեզը» չի կարող առավոտը ազապ աղջիկ էղնի, ցերեկը` հղի կնիկ»

Գյումրիի Վարդանանց հրապարակում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված բողոքի ակցիան զերծ չմնաց սպառնալիքներից ու որոշ մարդկանց հասցեին ուղղված անձնական վիրավորանքներից: ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախագահ Յուրա Ալեքսանյանի համոզմամբ, թե' փառատոնի կազմակերպիչները, թե' տարածք տրամադրողները առնվազն թուրք են եւ ազգի դավաճաններ, նրանց հարկավոր է վառել: Մի կին էլ քաղաքի բնակչության անունից խոստացավ ջարդել կազմակերպիչների ոտքերը, եթե նրանք վաղը մուտք գործեն Գյումրի: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ելույթում հայտարարեց, որ ով նման բան է անում հայի զավակ չէ եւ ինքը վռնդում է նման դավաճաններին Գյումրիից: Ըստ քաղաքապետի` Գեորգին ոչ թե Վանյան է, այլ Վանյանօղլի:

Բողոքի ակցիայի ընթացքում ելույթ ունեցողներից շատերը քավության նոխազ էին ընտրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, ով համաձայնվել էր սրահ տրամադրել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար: Ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ այս առումով կինո Հոկտեմբերի տնօրինությունն ավելի հայրենասեր ու թասիբով է գտնվել եւ մերժել է Գեորգի Վանյանի առաջարկը, իսկ ահա հայի ազգանուն կրող պրն Բարսեղյանը` ոչ: «Կնշանակե` իրա երակներով թուրքի արյուն կհոսե, ինքը հայ չէ»,-հայտարարեց ցուցարարը:

Ակցիայի մասնակիցները որոշեցին վաղը` ժամը 11-ից պիկետ կազմակերպել «Ասպարեզ» ակումբի դիմաց, իսկ քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի կարծիքով, պիկետը բավարար չէ, պետք է պարեկություն սահմանել ակումբի մոտ ու կանխել ֆիլմերի ցուցադրության որեւէ փորձ:

«Եթե ես թեկնածու լինելի, մի կերպ կհասկանայի այդ զառանցանքները: Ես գիտեմ, որ «Ասպարեզը» բազմաթիվ թշնամիներ ունի, ես էլ ունեմ, բայց որ էդքան կցածրանան, մտքովս չէր անցնի»,-«Հետքի» հետ զրույցում հեռակա կարգով իր հասցեին հնչած մեղադրանքների առթիվ նշեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա` քաղաքապետն ու պատգամավորության թեկնածուն, Գյումրիի բազմաթիվ պրոբլեմները թողած, գտել են մի խնդիր, որն արհեստականորեն ուռճացրել են դիվիդենտներ շահելու նպատակով:

Լ. Բարսեղյանն ասում է, որ Հայաստանում չկա որեւէ օրենք, որով արգելվի Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի կամ ասենք Եվրատեսիլի ժամանակ ադրբեջանցի երգիչ-երգչուհիների ելույթների ցուցադրությունը: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում օրենք կա ընդունված, որ իրենց երկրի որեւէ հասարակական կազմակերպություն առանց համապատասխան մարմնի թույլտվության չի կարող համագործակցության պայմանագիր կնքել հայաստանյան որեւէ ՀԿ-ի հետ:

«էլեմենտար բան է, օրենքի մեջ գրել են էդ մարդիկ, իսկ մեր պետությունը դեռ կարծիք չի հայտնել, դիրքորոշում չի հայտնել, հրապարակավ չի հայտարարել, թե ադրբեջանական ֆիլմը պիտի ցուցադրվի՞ էստեղ, թե՞ չէ: Ասենք` թուրքական ֆիլմերը պիտի Հայաստանում, ասենք, Ծիրանի փառատոնի ժամաանկ ցուցադրվե՞ն, թե՞ չէ, հայ պատգամավորները պիտի գնան Եվրանեսթին մասնակցե՞ն, թե՞ ոչ: Դատելով իշխանությունների համաձայնությունից` նրանք դրական կարծիք ունեն այս ամենի վերաբերյալ»,-նկատեց Լ. Բարսեղյանը:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը հայտնեց, որ Գեորգի Վանյանը մեկ ամիս առաջ զանգել է իրեն եւ խնդրել սրահ տրամադրել վրացական ֆիլմերի ցուցադրության համար: Իրենք հաղորդագրություն են տեղադրել նաեւ «Գյումրի-ասպարեզ» օրաթերթում: Երկու շաբաթ առաջ 2 վրացական ֆիլմի ցուցադրություն է տեղի ունեցել ակումբում, որին մոտ 15-20 հոգի է մասնակցել:

«Նույն հեռախոսազրույցի ժամանակ Վանյանն ինձ ասել էր նաեւ ադրբեջանական 4 ֆիլմերի համար, որից 3-ը` գեղարվեստական, մեկը` վավերագրական եւ ասաց, որ դրանք թարգմանված են, այսքանը, ուրիշ խոսակցություն չի եղել, ֆիլմերի բովանդակություն չի քննարկվել: Ցուցադրության հետ կապված ինձ քաղաքապետարանից զանգել է մշակույթի բաժնի վարիչն ու խնդրել, որ հրաժարվեմ սրահը տրամադրելուց, ես էլ պատասխանել եմ, որ անհար է, որովհետեւ ակումբը ազատ ամբիոն է բոլոր արտահայտվել ցանկացողների համար, եւ որ այստեղ 1000-ից ավելի ասուլիսներ են կազմակերպել տարբեր սորտի մարդիկ` գողեր, բոզեր, քաղաքային իշխանություններ, դիմություն, ընդդիմություն, հասարակ քաղաքացի եւ այլն: Եվ սա ակումբի հիմնարար սկզբունքն է, որից մենք չենք պատրաստվում նահանջել»,- հավելեց Լ. Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանի խոսքով, պաշտոնյան իրեն զգուշացրել է, որ կարող է այս ամենը շատ վատ վերջանալ իր համար: «Եթե պիտի ավտո կամ շենքը պաժառ տան, լրիվն էլ գիտեն, որ մենք էդ ամենն անցել ենք ու ես այդ պաշտոնյային ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիմագրավել բոլոր սպառնալիքներին: Ես բացատրեցի, որ «Ասպարեզը» չի կարող առավոտը ազապ աղջիկ էղնի, ցերեկը` հղի կնիկ, մյուս օրվա առավոտը` տղա եւ այլն: Եվ խորհուրդ եմ տվել դիմել հենց կազմակերպիչներին»,- հավելեց Լ. Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter