HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սահակյանը Բարսեղյանին խնդրում է տարածք չտրամադրել Վանյանին

«Գալա» հեռուստաընկերության «Իմ իրավունքը» հաղորդաշարի տաղավարում թիվ 34 ընտրատարածքում առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը փորձում էին բանավեճի միջոցով հասնել ճշմարտության: Հրապարակում տեղի ունեցած ակցիայի հեռուտաբանավեճային տարբերակը առանձնանում էր իր կոռեկտությամբ: Արման Սահակյանը խնդրում էր Լեւոն Բարսեղյանին, որպես խնդրի լուծման տարբերակ, պարզապես մերժել տարածք տրամադրել Գեորգի Վանյանին: «Եվ դրանով հարցը կփակվի»,- համոզում էր պատգամավորության թեկնածուն:

«Բայց դուք ճիշտ հասցեով չեք դիմել,- նկատեց Լեւոն Բարսեղյանը,- ես չեմ այդ ֆիլմերի ցուցադրության կազմակերպիչը: Դուք պետք է դիմեք պրն Վանյանին, որ ինքը հրաժարվի Գյումրիում դրանք ցուցադրելու մտքից, ես ընդամենը դրա տեխնիկական կողմն ապահովողն եմ»:

Ըստ Արման Սահակյանի` ադրբեջանական ֆիլմերը չպետք է ցուցադրվեն Հայաստանում, դա իր անձնական կարծիքն է. փառատոն, որի կազմակերպումը ձախողվել է Երեւանում եւ Վանաձորում, չի կարող կայանալ Գյումրիում: «Դուք ազատ եք տարածք տրամադրելու հարցում, բայց վաղը չեն ասելու, չի հիշատակվելու փաստը, որ այդ ցուցադրությունը ձեր սրահում է տեղի ունեցել, ասելու են ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կայացավ Գյումրիում»,- հակադարձեց Արման Սահակյանը:

Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, բոլորն էլ տեղյակ են, որ «Ասպարեզ» ակումբը ազատ ամբիոն է բոլոր արտահայտվել ցանկացողների համար: Եթե խոսքը վերաբերում է նույն Վանյանին, գուցե արժի թույլ տալ, որ մարդը վերջապես արտահայտվի, «հասկանանք ինչ ցավ է իրան տանջում»: Այն, որ Երեւանում կամ Վանաձորում խնդիրը լուծվել է դահլիճ չտրամադրելով, դրանով Գեորգի Վանյանի մտադրությունները չեն պակասել կամ վերացել: «Ասպարեզ» ակումբը համարում է, որ ցանկացած գաղափար կարող է վեճի առարկա լինել, սա մեր հիմնարար սկզբունքն է: Եթե մարդիկ հետաքրքրված են, ես առաջարկում եմ նրանց, ովքեր շահագրգիռ են, թող գան վաղը նստեն, կազմակերպչին իրենց ասելիքը ասեն, հասկանան կամ չհասկանան իրար»,-առաջարկեց Լեւոն Բարսեղյանը:

Անձամբ Արման Սահակյանը Գեորգի Վանյանի հետ բանավիճելու ցանկություն չունի, մի մարդու, ով որոշել է թշնամի ազգի ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել, մի ազգի, որի դիպուկահարների կրակոցներից սահմանին հայ զինվորներ են զոհվում: «Իմ բանավեճը ձեր հետ է,-նկատեց բանախոսը,-ես համոզված եմ, որ դուք շատ եք սիրում ձեր քաղաքը ու համոզված եմ ձեր հայրենասիրության մեջ, դրա համար էլ ես ձեզ եմ առաջարկում, խնդրում` սրահը չտրամադրել: Թող այդ մարդն իր ընկերների շրջապատում կազմակերպի այդ ցուցադրությունը, բայց ոչ Գյումրիում: Այս հարցում խնդրում եմ, որպեսզի դուք չաջակցեք այդ մարդուն»:

«Եթե մարդիկ իրոք դեմ են այս ցուցադրությանը, ապա որեւէ մեկը չի գա ակումբ»,- կարծիք հայտնեց Լեւոն Բարսեղյանը: Իսկ ով շատ է հետաքրքված այդ ֆիլմերով, երեւի տարբերակ կգտնի դրանք դիտելու առանց վաղը ակումբ այցելելու: «Ես ամեն դեպքում կոչ կանեի ձեզ մինչեւ առավոտ փոխեիք ձեր դիրքորոշումը, խոսքը վերաբերում է տարածք տրամադրելուն եւ դրանով փակեիք Գյումրիում այդ փառատոնի կայացման հարցը»,- Լ. Բարսեղյանին դիմեց Ա. Սահակյանը:

«Իսկ ես, ճիշտն ասած, սպասում էի, որ պարոն Սահակյանը կոչով կդիմի մարդկանց, որ նրանք չգնան այդ ֆիլմերը դիտելու,- նկատեց Լեւոն Բարսեղյանը,- ասեմ, որ մինչեւ այս պահը ակումբի որոշումը փոխված չէ: Ես այլ տիպի կոչ կանեի պ. Սահակյանին եւ պատգամավորության թեկնածուներին, որպեսզի նրանք իրենց ուշադրությունը առավելապես բեւեռեն Գյումրիի եւ հանրապետության այն 100 խնդիրների վրա, որոնք կարոտ են լուծման: Իսկ ինչ վերաբերում է վաղվան, ապա առաջարկում եմ գնալ բանակցային ուղիով, որպեսզի լինի խնդրի լուծման քաղաքակիրթ տարբերակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter