HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գնացի ասեցի` զինվոր տղուդ դիմավորի. իրեն թվաց, թե գալիս է, բայց բերեցին»

Հայկ Յուրդինյանը հիշում է հոկտեմբերի 9-ը` որդու զոհվելու լուրն իմանալու օրը։ Արդեն 4-րդ օրն էր` տղայից լուր չունեին։ Հայկն իրենց դռան առաջ մի քանի հարեւանի հետ նստած է եղել, մոտեցել են ոստիկանական համազգեստով տղամարդիկ, ողջունել, հարցրել, թե ո՞րն է Լևոն Յուրդինյանի տունը։ Հետո նրանց հետևից զինվորական համազգեստով մեկն է մոտեցել։ Զինվորականին տեսնելով՝ Հայկը հասկացել է, որ վատ լուր պիտի հայտնեն։ «Հասկացա, թե արդեն ինչ պիտի ասեն, մոտեցա, ձեռքս դրեցի բերանին, ասեցի՝ չասես, էլ ոչ մի բան չասես»,- պատմում է Հայկը։

Լևոն Յուրդինյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Ջրականում (Ջաբրայիլ)՝ Լելե Թեփե բարձունքում դիպուկահարի կրակոցից։ Նա 19 տարեկան էր, ապրում էր Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարան թաղամասում։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 23-ին։ Ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ)։  

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Լևոնը չի զանգել։ Հաջորդ օրը զանգել ու մորն ասել է, թե ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։ 

Հոկտեմբերի 6-ին վերջին անգամ զանգել ու ծնողներին ասել է, որ կապը լավ չի ու չի կարող երկար խոսել։ Երբ հաջորդ օրը չի զանգել, ծնողերը կարծել են, թե պատճառը վատ հեռախոսակապն է։ Մայրը՝ Նոնան, ասում է, որ Լևոնը երբեք չգալու մասին չի խոսել, բայց հոկտեմբերի 6-ի հեռախոսազրույցի ժամանակ մորն ասել է, որ եթե իրեն վիճակված է չգալ, ուրեմն չի գալու։ Հայկն ասում է, որ մինչև տղայի մահվան լուրն առնելը՝ հոկտեմբերի 8-ը, վատ կանխազգացում է ունեցել, կնոջն ասել է, որ կարծում է՝ որդուն ինչ-որ բան է պատահել։ Նոնան չի ցանկացել հավատալ, ամուսնուն ասել է, որ որդու մասին նման բան անգամ չմտածի։

Նոնան էլ վերհիշում է, թե ինչպես իմացավ որդու զոհվելու մասին։ Լևոնի անունն այդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, հրապարակվել էր զոհվածների ցուցակում։ Հեռուստացույցով զոհերի անունները հայտնելիս Սվետլանան՝ նրանց դուստրը, որն ապրում է տատի տանը՝ Երևանում և խնամում նրան, զանգել ու մորն ասել է, որ եղբոր անունն է տեսել զոհվածների ցուցակում, բայց Նոնան չի հավատացել, կարծել է՝ մեկ այլ տղայի մասին է խոսքը։ 

«Ես չէի հավատում, էնքան հանգիստ էի, մտածում էի, որ հնարավոր չի՝ իմ տղայի հետ նման բան պատահի, հետո Հայկն եկավ դրսից, ասեց...»,- Նոնան չի կարողանում խոսքն ավարտել, մի քանի վայրկյան բոլորս լռում ենք։

«Գնացի, ասեցի՝ զինվոր տղուդ դիմավորի։ Իրեն թվաց, թե գալիս է, բայց բերեցին, սկզբում մտածում էր, թե, իրոք, գալիս է, կարծում էր՝ վիրավոր է, ուրախացավ, ասեց՝ ո՞նց, Լևոնս գալի՞ս ա, ասեցի՝ չէ, Լևոնդ զոհվել ա, բերում են, դիմավորի»,-շարունակում է հայրը։

Փամփուշտը մտել էր Լևոնի վզից ու դուրս եկել կողքից։ Դիահերձարանում ծնողներին ասել են, որ Լևոնի կենսական նշանակության բոլոր օրգանները վնասվել էին ու մարտի դաշտում մի քանի ժամ անօգնական մնալուց արնաքամ էր եղել, կյանքը փրկել հնարավոր չէր։ 

Լևոնի ծառայակից ընկերնեը ծնողներին պատմել են, որ Լևոնն առանց զրահաբաճկոնի էր եղել, այն հանել և տվել էր ընկերոջը։ Սկզբում նա վիրավորվել էր, մի քանի ժամ հետո, երբ կրակոնցերը դադարել են ու գնացել են զոհվածների աճյունները դուրս բերելու ու վիրավորներին օգնելու, Լևոնին մահացած են գտել։ 

Դիահերձարանում Լևոնի գրպանից զինվորական գրքույկի մեջ դրված մի թուղթ են գտել։ Վրան բանաստեղծական  երկտողեր են ու Լևոնի արյան կաթիլները։ Մայրը կիսաձայն կարդում է դրանք մեզ համար։

Լևոնը սերժանտի կոչում էր ստացել։ Ամռանը զանգել ու ծնողներին ասել էր, որ սերժանտի կոչում են շնորհել, հայրն առաջարկել էր հրաժարվել, քանի որ սերժանտ լինելը պատասխանատվություն է, Լևոնը չէր ցանկացել հրաժարվել։

2021 թվականի հուլիսի 30-ին Լևոնը պիտի զորացրվեր, վերադառնար, օգներ հորը՝ վերանորոգելու տունը։ Հող էին ուզում գնել։ 

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Լևոնը Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում սովորել էր «Տրանասպորտային միջոցների շահագործում և նորոգում»  բաժնում։ Որոշել էր ավտոմեխանիկ դառնալ, փողոցի բոլոր երեխաների հեծանիվները նորոգում էր, իր խաղալիք մեքենաները քանդում, նորից հավաքում։ 

Հայրն ասում է՝ Լևոնն իր ընտանիքի մասին շատ էր մտածում։ Ամեն անգամ զանգելիս պիտի բոլորի ձայնը լսեր, հանգիստ լիներ, որ ընտանիքի անդամների հետ ամեն ինչ կարգին է։ Ամբողջ ծառայության ընթացքում ընտանիքին ոչնչով չի անհանգստացրել, հարազատներից ոչինչ չի խնդրել։ «Մենակ մի անգամ կոշիկների համար կապիչ է խնդրել, որովհետև իրենը մաշվել էր, երբեք չէր ասի՝ ինձ ինչ-որ բան ուղարկեք»,-պատմում է մայրը։

Ամենից շատ սիրում էր փոքր եղբորը՝ Նարեկին։ Մայրն ասում է՝ եղբայրներով շատ կապված էին միմյանց։ «Ինքը մեզ ոչնչով նեղություն չէր տալիս։ Անգամ բանակում ծառայելիս իր հեռախոսը վաճառել ու գումարն ուղարկել էր, որ մենք եղբոր՝ Նարեկի համար դպրոցական հագուստ գնենք, քանի որ շուտով սեպտեմբեր էր»,-պատմում Նոնան։

Լևոնը  ծառայության ընթացքում իր հաշվեհամարին փոխանցված գումարները չէր ծախսել, հավաքել էր։ Տնեցիների ուղարկած գումարներն էլ չէր կանխիկացրել, զոհվելուց հետո հարազատները հաշվեհամարը ստուգել ու տեսել են, որ Լևոնի հաշվին 214 000 դրամ կա։

Ծառայակից ընկերներից Նոնային պատմել են, որ երբ շրջափակման մեջ են եղել, Լևոոնը մի հացը բաժանել է ջոկի 19 տղաների միջեւ։ Անհանգստացել է բոլորի համար։  Հեռախոսով հակիրճ էր խոսում, տեղանուններ չէր տալիս։ Ասում էր, որ իրեն ավելորդ հարցեր չտան։ Հայրն ասում է՝ նա իսկական զինվոր էր, առաջինը դիմացինի մասին էր մտածում, նոր՝ իր։ Լևոնը դեղորայքի ու սննդի որոշ տեսակներից ալերգիա ուներ, մայրն ասում է, որ երկար տարիներ բուժվել է։ Առողջական վիճակի պատճառով կարող էր բանակ չզորակոչվել, բայց տղան չի համաձայնել, ասել է, որ ուզում է ծառայել։

Լևոնի ծնողներն այս պահին աշխատանք չունեն։ Մայրը՝ Նոնան, աշխատում էր Մասիսի խանութներից մեկում։ Հայրը՝ Հայկը, արհեստավոր է։ Տան ներքին վերանորոգում, սալիկապատում է անում, բայց արդեն մի քանի ամիս է չի աշխատել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter