HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գ. Վեզիրյան. ««Ժառանգությունն» ընդդիմադիր քաղաքական ուժ չէ և ՕԵԿ-ի ճանապարհով է գնում»

«Ես չեմ համարում, որ «Ժառանգությունն» ընդիմադիր քաղաքական ուժ է: Մի քաղաքական ուժ, որ հայտարարում է, որ կոալիցիայի հետ գնալու է համագործակցության, մի քաղաքական ուժ, որը թաքուն հավաքվում է և որոշում է, որ քարոզարշավների ընթացքում չեն «քլնգելու» իշխող ՀՀԿ-ին, կներեք, բայց այդ քաղաքական ուժին չեմ կարող համարել ընդդիմություն»,- այսօր հայտարարեց թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտարակարգով առաջադրված, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:

Նրա կարծիքով՝ իր և նույն ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանի միջև ընդդիմադիր ընտրազանգվածի քվեների փոշիացման խնդիր չկա, քանի որ այդ ընտրազանգվածը Ա. Բախշյանի օգտին չի քվեարկելու:

Գոհար Վեզիրյանը հայտարարեց, որ մրցակցային առավելություն ունի իր բոլոր մրցակիցների նկատմամբ, որովհետև անկուսակցական է, իսկ ընտրողներն արդեն հիասթափված են բոլոր կուսակցություններից: Նրա խոսքով՝ երբ մարդիկ իմանում են, որ ինքը անկուսակցական է, բոլորն ասում են՝ վայ, արի, արի, վերջապես գտնվեց մեկը, որը քաղաքական ուժի ներկայցուցիչ չէ, և նրան բախտ չի վիճակվել որևէ մեկին խաբել:

«Ես ներկայանում եմ մարդ, որը 10 տարի շարունակ պայքարել է այս երկրում օրինականության հաստատման համար»,- նշեց Գ. Վեզիրյանը:

«Ո՞ր քաղաքական ուժի հետ»,- նրան հարցրեց Ա. Բախշյանը, ով նշեց, որ Գ. Վեզիրյանն իր պայքարն իրականացրել է ՀԱԿ-ի հետ:

Գ. Վեզիրյանը հայտարարեց, որ ինքը կպայքարի այն քաղաքական ուժի հետ, ով կպայքարի լավ Հայաստան ունենալու համար, որն այսօր ՀԱԿ-ն է, բայց վաղը կարող է լինել մեկ այլ ուժ:

««Ժառանգությունն» արդեն շանս չունի, որովհետև ՕԵԿ-ի ճանապարհով է գնում: ՀԱԿ-ն այդ ճանապարհով չի գնում»,- հայտարարեց Գ. Վեզիրյանը: Նրա խոսքերով՝ «Ժառանգությունն» այսօր «ռադիկալ քարոզչություն չի տանում» և դեմ չի արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչակարգին:

Ա. Բախշյանը նշեց, որ դա իր համար շատ ծանր մեղադրանք է: Իսկ ՀՀԿ-ի հետ որևէ գաղտնի հանդիպում չի եղել և չի կարող լինել: Նա նշեց, որ ՀԱԿ-ի «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում լրագրողը 5 տարի շարունակ «ամենաանշնորհք ձևով» վարկաբեկել է «Ժառանգությանն» ի օգուտ ՀԱԿ-ի: Երբ Գոհարը Վեզիրյանը նշեց, թե այսօր այդ թերթն ունի ամենամեծ տպաքանակը, Բախշյանը հակադարձեց, որ նույն ձևով Հանրային հեռուստաընկերությունն ունի ամենամեծ լսարանը:

«Արդեն Հ1-ի PR-ն եք հա՞ անում: Շատ հեռուն կգնաք տիկին Բախշյան»,- նետեց Գ. Վեզիրյանը:

«Չկասակծես»,- պատասխանեց Ա. Բախշյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter