HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բախշյանը հեգնում է, Վեզիրյանը՝ ծիծաղում

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս քարոզարշավում կան որոշ դրական փոփոխություններ, մասնավորապես՝ հեռուստատեսությունը հավասար լուսաբանում է բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը: «Ժառանգությունն» այս ընթացքում ոչ մի կոնֆլիկտային իրավիճակում չի հայտնվել: Սակայն Ա. Բախշյանը գիտի, որ ՀՀԿ-ի կողմնակիցները դռնեդուռ գրանցում են բոլորի անձնական տվյալները: Նրա խոսքերով՝ մինչև հիմա ԲՀԿ-ն գյուղերում պարարտանյութ է բաժանում, իսկ ՕԵԿ-ը՝ մուրաբա:

Այնուհետև Անահիտ Բաշխյանը հայտարարեց, որ ինքը խոշոր դրամական պարգև է խոստանում նրան, ով իրեն կներկայացնի ընտրակաշառք տալու և վերցնելու փաստ՝ լուսանկար, ձայնագրություն, տեսանյութ, որն իր համար հետագայում կծառայի որպես ապացույց:

Ա. Բախշյանը ձայնագողության մեջ մեղադրեց իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին. «Եթե ԲՀԿ-ն իսկապես ընդդիմադիր ուժ է, ապա պետք է դուրս գա կոալիցիայից»:

«Ես չեմ ասի, թե մենք միակն ենք, բայց իրական ընդդիմադիր քաղաքական ուժը 2007 թ.-ից ԱԺ-ում, կարծում եմ, «Ժառանգությունն» է եղել, որ ինչ գծով մտել է, նույն գծով էլ ավարտում է»,- նշեց Ա. Բախշյանը:

Վերջինս գտնում է, որ այս անգամ հասարակությունն ավելի է հետաքրքրված ընտրություններով, որովհետև այս ընթացքում այն ավելի քաղաքացիական է դարձել:

Ա. Բախշյանը նաև հայտարարեց, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու միասնական շտաբի գործունեությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ հնարավոր չէ լինի կոալիցիա. «Ժառանգությունը» չի պատրատվում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին, քանի որ իրենք ունեն նախագահի իրենց թեկնածուն:

Թիվ 12 ընտարատարածքում առաջադրված Գոհար Վեզիրյանը հարցրեց Ա. Բախշյանին, թե ինչու է նա առաջադրվել հենց 12 ընտրատարածքում, երբ նա Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ է, իսկ այնտեղ կարող էր մրցապայքարի մեջ մտնել Սամվել Ալեքսանյանի դեմ: Ա. Բախշյանը պատասխանեց, որ ինքն այնտեղ 8 տարի եղել է դպրոցի տնօրեն, շատ սերմեր ունի ցանած, հետևաբար ունի լուրջ ընտրազանգված:

Գ. Վեզիրյանը հակադարձեց՝ նշելով, թե այդ 8 տարիների փոխարեն ինքն այնտեղ արդեն 30 տարվա բնակիչ է: Նրա խոսքերով՝ իր թիմն այսօր աշխատում է շատ կազմակերպված, իսկ իր «տնետուն ծրագիրը» գործում է շատ արդյունավետ:

Գոհար Վեզիրյանը համոզված է, որ իշխանությունները թիվ 12 ընտարատարածքում իրեն են համարում լուրջ թեկնածու, և այդ է պատճառը, որ այսօր հենց իր պաստառներն են պոկում: Իսկ դա նպատակ ունի շեղել իր ուշադրությունը:

«Շատ կարևորում է իշխանությունը Գոհար Վեզիրյանին»,- հեգնանքով ասաց Ա. Բախշյանը:

«Նախանձո՞ւմ եք»,- ծիծաղելով հարցրեց Գ. Վեզիրյանը:  

Ա. Բախշյանը նշեց, որ այժմ շատ բան չի ասում, ամեն ինչ պարզ կլինի մայիսի 7-ին, երբ ինքն ու Գ. Վեզիրյանը կրկին կհանդիպեն՝ քննարկելու ընտրությունների արդյունքները:

Գ. Վեզիրյանն էլ պատասխանեց, որ այդ օրն ինքը չի կարող, զբաղված է լինելու, քանի որ տոնելու է իր հաղթանակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter