HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արտակ Զաքարյան. «ՀՀԿ-ի համար այլևս շատ խնդիրներ դուրս են մրցակցությունից»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավի բոլոր ակնկալիքները՝ անցկացնելու ժողովրդավարական նորմերին համապատասխան ընտրապայքար, արդարացվել են, և բոլոր քաղաքական ուժերը փորձում են այդ շրջանակներում ծավալել իրենց նախընտրական գործունեությունը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի հանդիպումներն անցնում են կանոնավոր, հետաքրքիր, քննարկվում են տարբեր նշանակության խնդիրներ:

Ա. Զաքարյանի խոսքերով՝ հասարակությունը կարիք ունի կողմնորոշվելու, այդ պատճառով էլ կարևորվում է նախընտրական քարոզարշավը:  Գոյություն ունի հստակ կողմնորոշված ընտրազանգված, բայց և կա մի հատված, որը կարիք ունի կողմնորոշվելու՝ ու՞մ ընտրել կամ արդյո՞ք մասնակցել ընտրություններին: Կա նաև կոնկրետ իշխանամետ և ընդդիմադիր ընտրազանգված, սակայն Ա. Զաքարյանի խոսքերով՝ հարցն այն է, թե որ ընտրազանգվածը ընտրություններին որքան կընդլայնվի:

Վերջինիս կարծիքով՝ այսօր քաղաքացիներն ավելի բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց քվեին, ինչը նշանակում է, որ մոտ ենք քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ընտրազանգվածի մեծ մասը փորձում է հիմնավորել իր քվեն: Իսկ քաղաքական ուժերը գիտակցում են, որ միայն քարոզչության շնորհիվ կարելի է հասարակությանն ուղորդել և գտնել իրենց ընտրազանգվածը:

Անդրադառնալով ընտրակաշառքներին՝ Ա. Զաքարյանը նշեց, որ նման խոսակցությունները միտումնավոր են, որոնք նպատակ ունեն հասարակության մեջ անվստահություն առաջացնել: Սա ուղղված չէ կուսակցության դեմ, այլ՝ ընտրական համակարգի: Նրա խոսքերով՝ հասարակությունն այսօր ավելի գիտակից մակարդակի վրա է և գիտի ինչու վստահել որևէ ծրագրի: 

Ա. Զաքարյանը նշեց, որ ՀՀԿ-ի ծրագիրն ունի պատմություն, ընթացք և ապագային ուղղված գործողությունների շարք, և դժվար է չհամաձայնել այն դրույթների հետ, որ առաջ է քաշում կուսակցությունը: Վերջինս հույս ունի, որ մայիսի 6-ից հետո իրենք կշարունակեն մնալ «առանցք քաղաքական համակարգում»: Ա. Զաքարյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն առանձնանում է իր՝ պետությանն ու պետականությանն ուղղված գործունեությամբ, և այսօր իրենք արդեն հնարավորություն ունեն լուծել երկրում առկա խնդիրները:

Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության շուրջ շրջանառվող խոսակցություններին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ այսօր սխալ է խոսել համագործակցության մասին, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ նախընտրական փուլում աշխատում է իր ընտրազանգվածի հետ: Սակայն նա վատ բան չի տեսնում, եթե քաղաքական ուժերը գտնեն համագործակցության եզրեր: Միաժամանակ, Ա. Զաքարյանի խոսքերով՝ համագործակցությունների ավելի լայն դաշտ ՀՀԿ-ից բացի ոչ մի այլ քաղաքական ուժ չունի:

ՀՀԿ պատգամավորի խոսքերով՝ բոլոր մրցակիցներն էլ արժանի են, այլ բան է, թե այդ մրցակցությունն ինչ մակարդակի վրա է:

«ՀՀԿ-ի համար այլևս շատ խնդիրներ դուրս են մրցակցությունից, և որևէ քաղաքական ուժ օբյեկտիվորեն չունի այդ քաղաքական կապիտալը, որով կկարողանա մրցակցել: Գուցե ապագայի համար ունենք մրցակիցներ»,- ասաց Ա. Զաքարյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter