HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում քննարկվել է երիտասարդների գործազրկության խնդիրը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) այսօր անցկացրին կլոր սեղան-քննարկում:

Նպատակն էր համեմատել վիճակագրական տվյալները և քննարկել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության տարբերակները, որոնք կարող են նպաստել որակյալ աշխատուժի ու երիտասարդների զբաղվածության խթանմանը Հայաստանում։

2009 և 2010թթ. երիտասարդների գործազրկության աստիճանը Հայաստանում կազմել է համապատասխանաբար 48.1% և 40.95%, որը լուրջ խոչընդոտ է երկրի տնտեսական աճի և մասնավոր հատվածի զարգացման համար։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգի խոսքերով՝ վերջին 3 տարվա ընթացքում ՄԱԶԾ-ն իր «Մասնագիտական կրթության և վերապատրաստման» ծրագրի շրջանակներում իրականացրել է վերապատրաստման մի շարք ծրագրեր, այդ թվում գյուղաբնակ 715 գրանցված գործազուրկ երիտասարդների համար: Արդյունքում մասնակիցները ձեռք են բերել Հայաստանի աշխատաշուկայում պահանջված նեղ մասնագիտական հմտություններ։ Հունվարի տվյալներով վերապատրաստմանը մասնակցած մոտ 300 երիտասարդ աշխատանք է գտել։

«Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավածությունն աշխատուժի կրթության հարցում կնպաստի շուկայի պահանջներին համապատասխանող բարձր որակավորում և հմտություններ ունեցող երիտասարդ կադրերի պարտրաստմանը»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տնօրեն Ալեքսանդր Բաբինովը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ տեղական շահագրգիռ կողմերի հետ, շարունակում է աջակցել զբաղվածության քաղաքականության մշակմանն ու իրագործմանը՝ կարևորելով գործազրկության կրճատումը երիտասարդների և կանանց շրջանում մասնավորապես գյուղական համայնքներում։

Քննարկման ընթացքում հնչած քաղաքականության տարբերակներն ու առկա լուծումները կամփոփվեն մեկ փաստաթղթում, որը լրամշակումից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանն ու մասնավոր հատվածի ընկերություններին որպես բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ պարունակող զեկույցի փաթեթ՝ հետագա քննարկումների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter