HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վերաքննիչը վերադարձրել է Արթուր Գրիգորյանի բողոքը. փաստաբանը պետտուրքը մասնակի է վճարել

ՀՀ վերաքննիչ դատարանը, քննարկելով փաստաբան Արթուր Գրիգորյանի բողոքն ընդդեմ «Հրապարակ օրաթերթի ` 18.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին, գտել է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

Արթուր Գրիգորյանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջը, այն է՝ պետական տուրքի վճարումը կատարել է մասնակի` 10.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռների դեմ բերված վերաքննիչ բողոքների համար գույքային պահանջի գործերով գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով գումար, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով գումար: Քննարկվող պարագայում բողոք բերողի կողմից ենթակա է վճարման վիճարկվող գումարի 3%-ը, դրանից նվազեցնելով արդեն իսկ վճարված 10.000 ՀՀ դրամ գումարը, այսինքն` 530.000 ՀՀ դրամ գումար հետևյալ հաշվարկով` վիճարկվող գումար` 18.000.000*3%=540.000-10.000 /նախապես վճարված/=530.000/:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Ընդ որում` բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: 

Վերաքննիչի այս որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

«Հետքի» հարցին, թե ինչու է մասնակի  վճարել պետական տուրքը, Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ դա թյուրիմացաբար որպես գույքային պահանջ է ներկայացվում, սակայն, ըստ Ա. Գրիգորյանի, ուսանողին էլ հարցնեն, կարող է պատասխանել, որ անձի պատիվն ու արժանապատվությունը ենթակա է ոչ նյութական իրավունքի պաշտպանության, այսինքն`  նրա պահանջը չպետք է դիտարկվեր որպես գույքային:

Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է վճռաբեկության կարգով բողոքարկել Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը, այնուհետև ավելացրեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի վերադարձման դեպքում դիմելու է Միացյալ ազգերի մարդու իրավունքների կոմիտե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter